ԿարևորՀասարակություն

Հայերը մի քանի ժամով փակել են Ֆրանսիա-Բելգիա-Լյուքսեմբուրգ միջպետական ճանապարհը

Տեսանյութում Ֆրանսիայի Լոնգվի և Նանսի քաղաքների թվով շուրջ 100 հայեր են, որոնք հավաքվելով Ֆրանսիա-Բելգիա-Լյուքսեմբուրգ միջպետական ճանապարհի՝ Լոնգվի քաղաքի մոտ հատվող գծում՝ նախօրեին վաղ առավոտվանից մի քանի ժամով փակել են այդ կարևոր երթուղին։

Կաթվածահար անելով եվրոպական այս կարևոր տրանսպորտային զարկերակը՝  նրանք վանկարկում էին Արցախիի աջակցելու կոչեր և դատապարտում ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Կարճ ժամանակ անց՝ բելգիացի ոստիկանների բարձրաստիճան ներկայացուցիչներին և տեղացի լրագրողներին ներկայացվել է Արցախի սահմանին տեղի ունեցող խնդիրը։

Մեր հայրենակիցները հաստատակամորեն պահանջել են լսելի դարձնել իրենց բողոքի ձայնը և կոչ արել Եվրամիության անդամ պետությունների իշխանություններին անտարբեր չմնալ այս պատերազմը կասեցնելու, ադրբեջանա-թուրքական ահաբեկչական գործողություններին պատշաճ իրավական գնահատականներ տալու գործում։

Հանրային ռադիոյի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Սեյրան Էլլարյանը, նշեց, որ իրենք զգուշացրել  են՝ եթե պահանջները չբավարարվեն, ապա այս գործողությունները պարբերաբար կրկնվելու են։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ Եվրոպական տիրույթում այսօրինակ գործողություններ ինքը չի հիշում, որ իրականացված լինեն։  

Նա  փոխանցեց, որ նույն հաղթական ոգին իրենց մոտ է թևածում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա հայկական համայնքների գործողությունները նոր թափ ու եռանդ են ստացել, որոնք կարող են, և պետք է լրջագույն դեր խաղան այս հանցավոր պատերազմը կասեցնելու գործում։

Մհեր Հովհաննիսյան

Back to top button