ԼուրերԿարևորՀասարակություն

Զինվորների մայր ուսուցիչը․ հայրենասիրության գործնական դասը

Սոնա Խաչատրյանը իմ հեռախոսազանգից ու շնորհավորանքից մի պահ զարմացավ, իրավիճակը մոռացնել է տվել օրը․․․ Շնորհավորեցի, հուզվեց ու սկսեց ինքն էլ կողքի գործընկերներին շնորհավորել։ Արդեն օրեր շարունակ 2 զինվորի մայր, ուսուցչուհի Սոնա Խաչատրյանը դպրոցի հայրենասիրության ու հաղթական ոգու խորհրդանիշն է։ Իր երկու որդիներն առաջնագծում են, իսկ ինքը ամուր պահում է թիկունքի «առաջնագիծը»․ պետք է ուժեղ լինել ու դպրոցում սովորող ապագա զինվորներին էլ ոգևորել։ Չնայած տիկին Խաչատրյանը վստահ է` այսօրվա երիտասարդներին ոգևորելու անհրաժեշտություն էլ չկա։

«Այսօր զինվորները մեծ դաս են տալիս մեզ։ Ես ամեն օր տեսնում եմ իրենց անկոտրում կամքը և տեսնում եմ ոչ թե լուրերով, այլ իմ երկու որդիների օրինակով։ Այդ ուժը, որ նրանցից փոխանցվում է ինձ, ես, որպես գործող ուսուցիչ, փորձում եմ փոխանցել իմ աշակերտներին»,– ասում է Սոնա Խաչատրյանը։

Սոնա Խաչատրյանը պատմում է, որ այս օրերին իր կոչը աշակերտներին մեկն է․ բացի գիտելիք ստանալուց իրենք ամեն օր պետք է կոփեն իրենց մարմինը ու դառնան ֆիզիկապես ավելի ուժեղ։ Ավագ դպրոցի ուսուցիչը նկատում է` դպրոցում մթնոլորտը շատ է փոխվել․ աշակերտները մի քանի օրում հասունացել են։

«Ես հանդիպել եմ ոգևորված աշակերտների, որոնք հավաքում են օգնությունը, ինձ հանդիպելուց հարցնում, արդյոք տեղեկություն ունե՞մ` իմ տղաներին ու նրանց զինակից ընկերներին հաս՞ել է օգնությունը։ Աշակերտներն այնքան են ուրախանում, որ ստանում են արձագանքը»,– ասում է ուսուցչուհին։

Այս օրերին տարբեր օղակներում ուսուցիչների գործը կարևորվում ու ևս մեկ անգամ արժևորվում է․ նախօրեին էլ ԿԳՄՍ նախարարը հայտարարել էր, որ ուսուցչի տոնի կապակցությամբ նախարարության ոսկե մեդալներով կպարգևատրվեն հերոսների դպրոցները։ «Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար հերոսների դպրոցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով»,– ասված էր Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

Տիկին Խաչատրյանը պատմում է, որ դպրոցում այս օրերին ևս մեկ անգամ անդրադարձել են քաղպաշտպանության հմտություններին։ Աշակերտներին հիշեցնում են օդային տագնապի դեպքում վարքագծի ու անվտանգության կանոնների մասին։

«Այնպես ինչպես զինվորներն են առաջնագծում կռվում, ես էլ իմ աշխատանքով պետք է «կռվեմ»։ Երբ մի պահ մարմինդ սկսում է դողալ լուրերից, սթափվում ես ու մտածում, որ դու էլ զինվոր ես դպրոցում։ Ես փորձում եմ միշտ այդ սկզբունքով առաջնորդվել»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առիթով, որում շնորհակալություն է հայտնում ուսուցիչներին, որ այս օրերին ռազմաճակատում զավակ, եղբայր, ամուսին ունենալով՝ դասարան մտնելիս երեխաներին ապագայի նկատմամբ լուսավոր հավատի, հայրենասիրության ու խիզախության դասեր տալու ուժ են գտնում իրենց մեջ։

Ուսուցիչներն այս օրերին լավատեսության դաս են տալիս․ երբ տիկին Խաչատրյանին խնդրում եմ կոչով դիմել զինվորներին․ ասում է նրանք բարեմաղթանքների կարիք չունեն․ իրենք գիտեն ինչ են անում և ինչպես։ Մենք նրանց ճանապարհել ենք և մենք նրանց դիմավորելու ենք։

«Իրենք գալու են հաղթողի կերպարով, հաղթողի կեցվածքով և հաղթելու են։ Ես իմ տղային առաջինն ասել եմ, երբ հասնես Բաքու` կզանգես․․․ Երբ օրեր շարունակ լուր չունեի իրենցից, ինքս ինձ հանգստացնելու համար ասում էի․ «Երևի դեռ Բաքու չեն հասել»։ Ես ուղղակի մի բանի համար եմ ափսոսում, որ ևս երկու որդի չունեմ, որ երկուսը վերադառնային մյուս երկուսը գնային ծառայության»,– ասում է երկու զինվորների մայր, ուսուցիչ Սոնա Խաչատրյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ Ուսուցչի տոնի կապակցությամբ իր շնորհավորանքում նկատել է, որ ամեն տարի ավանդույթի համաձայն ուսուցիչներին մենք հղում ենք շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր։ Սակայն այս տարի պետք է երախտագիտության խոսքեր ասել, որ աշակերտները, փայլուն կերպով սերտելով ուսուցիչների տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը։ Արցախի նախագահը շեշտել է․ այն սերունդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:

«Պետք է միայն դրական լիցքերով լցնել մեր օրը։ Ես ամեն առավոտ ձեռքերս մեկնում եմ և ասում, որ գրկում եմ իմ որդիներին։ Դա ինձ ուժ է տալիս ու գալիս եմ աշխատանքի, քանի որ այս երեխաներն էլ պետք է կրթվեն և դառնան զինվորների պես կամքով ուժեղ, չէ որ շուտով իրենց հերթն է գալու։,– ասում է Սոնա Խաչատրյանը»։

Զրուցակիցս շնորհավորանքներից խուսափելով ասում է․ դեռ ուսուցչի տոներ շատ կլինեն, ուսուցիչների մասին խոսելու առիթներ ևս։ Այս պահին պետք է սպասել ու տոնել միայն մեր զինվորների հաղթանակը։

Back to top button