ԿարևորՀասարակություն

Աշխարհի լռության դեմ բողոքի ակցիաներ՝ աշխարհի տարբեր մասերում

Եվրոպայից մինչև ԱՄՆ ցույցերն ու բազմամարդ հավաքները չեն դադարում։ Համայն հայությունը մի մարդու պես ոտքի է կանգնել՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ու կասեցնելու պահանջով։ Սփյուռքն այսօր հայրենիքի կողքին է ֆինանսապես ու բարոյապես, պատրաստ է նույնիսկ առաջնագծում պաշտպանել հայրենի հողը։ 

Այս օրերին Արցախ և Հայաստան է վանկարկվում աշխարհի բոլոր ծայրերում։ Արցախի ու Հայաստանի դրոշներն են ծածանվում Եվրոպայից մինչև ԱՄՆ։ Ասելիքը, ավելի ճիշտ պահանջը մեկն է՝ դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Արցախի dem Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը։

Նույն պահանջով ԱՄՆ տարբեր նահանգներում ապրող հայերը դուրս են եկել փողոց և  արդեն 2-րդ օրն է փակ են պահում մի շարք ճանապարհներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Հայաշատ Լոս Անջելեսի հայերն էլ բազմամարդ բողոքի ակցիա են կազմակերպել CNN հեռուստաընկերության առջև։ Ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերությունից պահանջում են  արցախյան իրադարձությունները պատշաճ լուսաբանել։

Ի դեպ՝ ընդամենը վերջին մի քանի ժամվա ընթացքում մոտ 7 միլիոն դոլար է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այսօր հայտարարեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։ Շնորհակալություն հայտնելով համայն հայությանը ցուցաբերած մեծ աջակցության համար` հիմնադրամի տնօրենը հորդորեց շարունակել  և էլ ավելի ակտիվ լինել։

«Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա համահայկական գլոբալ շարժման է վերածվել։ Այս գումարները թիկունքի ամրապնդման համար են, այս գումարները մեր հաղթանակի համար են»:

Թե ֆինանսապես, թե բարոյապես Սփյուռքը հայրենիքի կողքին է ու դրա մասին են վկայում աշխարհի տարբեր կետերում  շարունակվող ցույցերը։ Գերմանիայի հայերը բողոքի ակցիա են կազմակերպել Դյուսելդորֆում։

Մեր ոգին հանձնվել չունի, ֆրանսահայերն ուզում են՝ այդ մասին ամբողջ աշխարհն իմանա։ Նույնիսկ եղանակային պայմանները չեն խանգարում նրանց Ֆրանսիայի կենտրոնում Արցախի ու Հայաստանի դրոշները ծածանել:

Իսկ ջավախահայերն էլ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել էին Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը՝ արգելելով բեռնատարների տեղաշարժը: Նրանց  խոսքով՝ այդ ճանապարհով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ ևս հայկական համայնքը բողոքի ակցիա է արել։ «Հայաստան» վանկարկումներով ու հայկական եռագույնով հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի ռազմական գործողությունները և Թուրքիայի` դրանց մասնակցությունը։Բողոքի ակցիային բավականին մեծ թվով հայեր են մասնակցել։

Հոլանդիայի հայերը ևս բողոքի ձայն են բարձրացրել ու պահանջագիր փոխանցել տեղի պատգամավորներին, որպեսզի վերջինները դատապարտեն  Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սկսած պատերազմը։

Back to top button