ԿարևորՀասարակություն

Հայկական տեսակետը՝ միջազգային մամուլում

«Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ ընդլայնելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս,  արևելք և հարավ-արևելք» — երեկ Ֆրանս24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անմիջապես լրագրողի կողմից հնչեցրած այն հարցին, արդյո՞ք վարչապետն իրոք կարծում է, թե Թուրքիան ցանկանում է ազատվել Հայաստանից, վերջինս հստակ պատասխանել  է․

«Իհարկե: Ես դրանում որևէ կասկած չունեմ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է»:

 1993 թվականից ի վեր Ադրբեջանում բառացիորեն մեկ ընտանիք է իշխում, մինչդեռ նույն ընթացքում Արցախի հանրապետությունում 4 նախագահ է փոխվել։ Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են: Փաստացի այսօր Ադրբեջանում բացակայում է խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը և կան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված արմատական խնդիրներ։ Վարչապետ Փաշինյանն այս մասին խոսել է Ֆրանս 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում առկա խնդիրները։

Ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ Ուկրաինայից ակնկալվող արձագանքների, թուրքական ներգրավվածության և Իսրայելից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին հետ կանչելու հարցերի վերաբերյալ երեկ խոսել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ առաջին հերթին Ուկրաինայից ակնկալվող արձագանքը չեզոք է։ Շավարշ Քոչարյանն ընդգծել է,  որ Ադրբեջանի թիկունքում առկա է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, իսկ առաջնագիծ նրանք ուղարկում են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին։ Իսրայելի դերակատարության և դեսպանին հետ կանչելու մասին, նախարարի տեղակալն ասել է․

«Հարցն այն է, որ Իսրայելից դեսպանը ետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է նրա հետ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր, սակայն երբ այդ զինամթերքը ուղարկվում է մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է։ Խոսքը դրա մասին է, դա վերաբերում է ցանկացած պետության, ոչ միայն Իսրայելին, որը մարտական գործողությունների թեժ պահին մեր հակառակորդին զենք է մատակարարում, այն դեպքում, երբ այն իր յուրաքանչյուր հարձակման ժամանակ անընդհատ զենք է կորցնում։ Այսինքն, դա նշանակում է ռազմական գործողությունների ձգձգում, հակառակ ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցությունների ժամանակ արված կոչերին, հակառակ ԵԱՀԿ կողմից հնչած կոչին, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահները միանշանակ հայտարարեցին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին»։

Երեկ Իրանական Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան տեղափոխված հարյուրավոր ահաբեկիչների վերաբերյալ նշելով այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամ են Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները: Մասնավորապես իրանական լրատվամիջոցն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ Աշրաղ» և այլ անվանումներով 51 խմբավորումներից են և հավելում է, որ այդ ահաբեկիչներից նվազագույնը 103-ն արդեն իսկ սպանվել են Ղարաբաղում:

Երեկ Հոկտեմբերի 4-ին Իտալական Il Fatto Quotidiano պարբերականը հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության գոտում Իտալիայի շահերին նվիրված հոդված, որում նշում է, որ Տնտեսությունն ու պատմությունը բախվում են այն պահին, երբ մեր պետությունը պետք է որոշում կայացնի, թե հետխորհրդային երկու երկրներից ում կողմից պետք է լինի: Մի կողմից՝ Բաքվի, որը Հռոմի էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարն է, մյուս կողմից՝ Երևանի, ում հետ ամուր են մեր մշակութային կապերը, իսկ երկրում (Հայաստանում) իտալական ընկերությունների ներկայությունը գնալով աճում է:

Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին Արդեն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն նշել է չինական «Caixin Media» գործակալությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Նախագահն իր հարցազրույցում անդրադարձել է նաև կորոնավիրուսին, ասելով, Լեռնային Ղարաբաղի հայերի համար կա երեք պատերազմ: Նրանք միաժամանակ պատերազմում են կորոնավիրուսի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Նախագահը խոսել է Արցախի խնդրի պատմական ակունքների մասին, մասանվորապես վերջինս ասել է․

«Ստալինը հայտնի էր բոլոր ազգերի միջև խնդիրների ստեղծմամբ, նա խնդիրներ է ստեղծել ռուսների ու վրացիների, ուկրաինացիների և ռուսների, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև և այլն: Սա էլ դրանցից մեկն է: Որպեսզի խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի, Հայաստանը շատ պահպանողական և համբերատար դիրքորոշում ցուցաբերեց: Սա խնդիրների լուծման հայկական տարբերակն է, քանի որ մենք հավատում ենք խաղաղության բանակցություններին:Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձևակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին և նվաճում նրանց հողը»։

Վարչապետի աշխատակազմը տեղեկացնում է, որ այսօր արչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Վարչապետ Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են ներկայացնում Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը «ցեղասպանություն» էր, ինչը սակայն Թուրքիան չի ընդունում»:

Աշխարհի տարբեր երկրների հեռուստաընկերությունները, կայքերը, միջազգային պարբերականները հետևում են Արցախա-ադրբեջանական սահմանում ընթացող թեժ մարտերին և զարգացումներին, Միջազգային մամուլի ներկայացուցիչները ազատ մուտք ունեն ՀՀ, մինչդեռ Ադրբեջանի սահմանները բաց են միայն թուրքական մամուլի ներկայացուցիչների համար։ Հետևությունները չափազանց պարզ են և հասկանալի, Ադրբեջանն ուղղակի խուսափում է, որ կբարձրաձայնվի այն ճշմարտությունը, որը Բաքվի բռնապետական իշխանությունը փորձում է ապատեղեկատվության միջոցով Կերակրել սեփական ժողովրդին։

Back to top button