ԿարևորՀասարակություն

Համավարակը պատնեշ չէ․ հայ տղամարդիկ վերադառնում են, որ գնան մարտի դաշտ

Համավարակը այլևս պատնեշ չէ հայերի հոսքը դեպի Հայաստան կանգնեցնելու համար։ Երեկվանից Երևանն սկսել է ընդունել ՌԴ- ից կազմակերված չարտերային չվերթները։ Ընդհանուր առմամբ` դրանք 7–ն են։ Մոսկվա- Երևան վերջին չարտերային թռիչքը նշանակված է հոկտեմբերի 9–ին։ Մոսկվայից Երևան եկած առաջին ինքնաթիռում գերակշռողը տղամարդիկ էին, տարբեր տարիքի։ Եկել են հստակ տրամադրությամբ և մտադրություններով։ Երեկ երեկոյան ժամանած առաջին ինքնաթիռը դիմավորում էին նաև տարբեր լրատվամիջոցները։  

«Առաջինը գնալու ենք թեստ հանձնենք, եթե բացասական եղավ երևի գնանք զինկոմիսարիատ հերթագրվենք»։

«Մի խումբ ենք եկել՝ մի մասը Մոսկվայից, մի մասը Սարատովից։ Հավաքվել եկել ենք, հեսա մի խումբ էլ է գալու՝ Մոսկվայից էլ, Սարատովից էլ։ Մասնագետներով ենք գնում՝ հակաօդային է, բան ա, հրետանավորներ, եսիմ ինչ։ Հիմա մի քիչ ուրիշ ձևի ա պատերազմը»։

«Եկել ենք գնանք հաղթելու։ Ուրիշ նպատակ չկա»։

«Հաջորդիվ՝ ինձ թվում է, որտեղ գնանք, այնտեղ հրամանատարները կասեն»։

«Գալու առիթը պատերազմն է, մեր 18–20 ամյա տղաներին առաջնագծից հանելու։ Ցանկացողները շատ են»։

 «Գնանք, գրվենք, բժիշկ եմ, ինչ- որ կարող եմ կօգնեմ, վերջին վարիանտ էլ դուրս կգանք ախպորս հետ առաջին գիծ»։

«Լարված իրավիճակ է, բայց վստահ ենք, որ հաղթելու ենք։ Երկրորդ տարբերակ չկա»։     

Սեպտեմբերի 27–ին թուրք–ադրբեջանական ռազմական արկածախնդրությանն ի պատասխան` հանրապետությունում հաստատված ռազմական դրությունից և զորահավաք հայտարարելուց հետո ցանկ հրապարակվեց, թե կարգի համաձայն, ով չի կարող հանրապետության տարածքը լքել։ Արդեն հիմա կարելի է ասել, որ դա հերթապահ հայտարարություն էր․ հերթերը կուտակվում են Հայաստան գալու համար և հիմնականում՝ զինկոմիսարիատներում։

Նյու–Յորք, Լոս Անջելես, Փարիզ, Բեռլին, Մյունխեն, Ռիգա ․․․ Աշխարհի բազմաթիվ քաղաքներում վերջին օրերին հայ համայնքը ոտքի է կանգնել։ Հորդորում են, զգուշացնում են և պահանջում․

Հայ համայնքը ամբողջ աշխարհում միջազգային հանրությունից պահանջում է արդարություն և հասցեականություն։

«Ինչպես անցյալում Թուրքիան հայերին ջարդելու համար վարձկանների խումբեր կազմակերպեց, ֆինանսավորեց և զինեց, այսօր ճիշտ նույնն է անում՝ Սիրիայի իր ջիհադիստներին տեղափոխելով պատերազմադաշտ։ Ադրբեջանին տվել է ամենաարդիական զինամթերքը՝ հրետանիներ, տանկեր, ԱԹՍ- ներ։ Մենք ափսոսում ենք, երբ տեսնում ենք ուրիշ երկրների և միջազգային կազմակերպությունների տկար և դատարկ հայտարարությունները, որ մինչ օրս վտանգավոր վերապահություն են ցուցաբերում։ Հավասարակշռության պատրվակի տակ խուսափում են իսկական հանցագործներին բացահայտել»։

Այս ամենին զուգահեռ` սեփական ուժերով հայությունը շարունակում է հանգանակությունները թե ֆինանսական, թե նյութական։

«111 Նորդ Ջեքսոն Գլենդեյլ քաղաքում մոտակայքում բնակվող երիտասարդների խնդրում եմ միանալ օգնելու, որովհետև մեքենաները այսպես բարձված դրոսում կանգնած են, որպեսզի գան ներս և բեռը իջեցնեն։ Պատրաստվում է վաղվա ճանապարհվելուն»։

Թեև ՀՀ Կառավարությունը տեղեկացրել է, որ քաղաքացիների կողմից հավաքված սննդի ու պարագաների ծավալն այնքան մեծ է, որ մի մասն այժմ պահեստավորվում է, բայց օգնություն է դեռ հավաքվում է թե Հայաստանում, թե գալիս է ամբողջ աշխարհից։ Այդ ամենը համակարգելու համար կառավարության կողմից ստեղծվել են շտաբներ։

Back to top button