ԿարևորՀասարակություն

ԱԻՆ-ը համակարգում է Արցախ ուղարկվող օգնությունը

Ուսանողուհի Էմմա Մարկոսյանը զենքը քանդում-հավաքում է 22 վայրկյանում․ զորամասեր այցերի ժամանակ նույնիսկ զարմացրել է զինվորներին։ Հիմա 22 վայրկյանում նույն զինվորների համար մի քանի արկղ հասցնում է դասավորել ու ժապավենով ամրացնել։

Արդեն մի քանի օր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, տարբեր քաղաքներում, ուսումնական հաստատություններում  ու ամենատարբեր կազմակերպություններում շարունակվում է առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրումը։ Մայր բուհի բակում և ուսանողական խորհրդի սենյակում չնայած անհանգստությանը, հայրենասիրական երաժշտություն է հնչում, ու աշխատանքային իրարանցում է։ Պատմում է ԵՊՀ ֆարմացիայի ֆակուլտետի ՈւԽ նախագահ Էմմա Մարկոսյանը։

«Երբ բերում են` առաջին հերթին տեսակավորում ենք առաջին անհրաժեշտության պարագաները, սնունդը, հագուստը, հիգենիայի պարագաները։ Երբ արդեն որոշակի պաշար ունենք, սկսում ենք ըստ արկղերի դասավորել, ամեն ինչից որոշակի չափաբաժնով մի արկղի մեջ։ Դեղերի հետ առանձին աշխատում են դեղագետները, տեսակավորում ու դասավորում են առանձին արկղերում»,– ասում է Էմմա Մարկոսյանը։

ԵՊՀ վարչական աշխատակիցներից և ուսանողներից կազմված կամավորական դասակի՝ Արցախ մեկնելուց հետո, թիկունքում մնացած ուսանողները սկսել են առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքել: Ուսանողների պատրաստակամությունից իրենք ուսանողներն էլ զարմացած են։ Պատմում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Գոռ Օհանյանը։

«Այս պահից սկսած հայտարարություն կտարածենք, որ նաև հագուստ հավաքենք։ Երեկ 4 ժամ ենք հավաքելու գործընթացն իրականացրել, բայց արդեն այնքան բան էր հավաքվել, որ արկղերը չէին հերիքում։ Ընթացքում ուսանողներն անընդհատ զանգում են, հարցնում են` ինչ է անհրաժեշտ»,– ասում է Գոռ Օհանյանը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Զինված ուժերի իրային կենտրոնական բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը նախօրեին ասել էր, որ այս պահին բանակը ոչնչի կարիք չունի, բայց մեր հայրենակիցների համար դա մտածելակերպի խնդիր է, բոլորն ուզում են անպայման ինչ- որ բանով օգտակար լինել։ Հենց այս պատճառով գերատեսչություններում ևս ոլորտային աշխատանքի բաժանում է տեղի ունեցել։

Հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: ԱԻՆ  փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանն ասում է, որ արդեն մի քանի օր է ԱԻՆ բեռնատար մեքենաները կազմ պատրաստ սպասում են, որ քաղաքացիների կողմից հավաքած ապրանքները տեսակավորելուց, հաշվառվելուց ու փաստաթղթավորելուց հետո ուղևորվեն Արցախ։

«Արցախի հանրապետության հետ ունենք պայմանավորվածություն։ Կան պահեստներ, որոնք ընդունում են։ Մենք հանձնում ենք իրենց, իրենք տեղում բաշխում են` ըստ անհրաժեշտության։ Օգնությունը ոչ միայն զինվորների համար է, այլ նաև այնտեղի բնակչության»,– պատմում է Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանն ասում է` այս պահի դրությամբ արդեն 6 բեռնատար Արցախ է հասել։ Իսկ օգնության համար զանգեր գալիս են ամենատարբեր երկրներից `ԱՄՆ–ից մինչև Եվրոպա ու Ռուսաստան։

«Պարզապես չեք պատկերացնում․ 100-ավոր մարդիկ են գալիս․ կուտակումներ հերթեր են լինում, այդ պատճառով փորձում ենք նաև քաղաքացիներին ուղղորդել ըստ գերատեսչությունների»։

ԱԻՆ–ը հիշեցնում է, որ այս պահին քաղաքացիների կողմից հավաքագրված օգնությունը նպատակային օգտագործելու ու, որ ամենակարևորն է, հասցեական դարձնելու համար տարբեր գերատեսչություններում  առանձնացվել են հեռախոսահամարներ ու պատասխանատուներ։ Հավաքագրված դեղորայքի համար պետք է զանգահարել առողջապահության նախարարություն 060 80 8003 հեռախոսահամարով։ Առաջին անհրաժեշտության իրեր, հիգենիայի պարագաներ փոխանցելու համար՝ պաշտպանության նախարարություն` 093 39 0039 հեռախոսահամարով։ Հավաքագրած օգնությանը վերաբերող ցանկացած հարցով կամ, որ ավելի կարևոր է, պահեստավորելու ու Արցախ տեղափոխելու համար կարող եք զանգահարել ԱԻՆ 093 30 80 09, 044 44 00 60, 095  50 59 09 հեռախոսահամարներով։

Արմեն Գրիգորյանն ասում է, որ այս օրերին շատ են նաև քաղաքացիները, որոնք զանգահարում են և առաջարկում իրենց բնակարանները կամ կացարանները Արցախից եկած մեր հայրենակիցների համար։ Այս աշխատանքները համակարգելու համար ևս առանձնացված հեռախոսահամար կա։ Կարող եք զանգահարել 044 72 25 50։

Քանի դեռ դուք զանգահարում եք, այս պահին նույնպես ինչ- որ մի տեղ փակվում է հերթական արկղը, իսկ սահմանին հերթական հերոսն ու խիզախություն է մտնում պատմության մեջ։

Back to top button