ԿարևորՀասարակություն

Աննախադեպ դրամահավաք․ աշխարհի հայությունը միավորվել է ադրբեջանական ագրեսիայի դեմ

Ջավախքի տարբեր գյուղերում դրամահավաք է, վերջին օրերին իրենց բողոքի ձայնը ցույց տալով և հայրենասիրական կոչերով Ջավախքն ապացուցեց, որ իր հայրենակիցների կողքին է։ Ջավախքի Թորիա Գյուղի բնակիչ Հովսեփ Սեխլյանը գյուղի բնակիչներից գումար է հավաքում՝ Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու համար, պատմում է, որ գյուղում ցանկացած պահի պատրաստ են Արցախին աջակցելու՝ հնարավոր բոլոր միջոցներով․

«Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին ամեն ինչով, բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ ենք օգնել»։

Ջավախքցի գործարարները, անհատները և պարզապես աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել Արցախին և ՀՀ –ը՝ հաղթանակի հասնելու համար։ Այդ ուղղությամբ իր ներդրումային գործունեությունն է ծավալում այժմ  Ջավախքին աջակցություն հիմնադրամը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը պատմում է ներկայիս գործունեության և համախմբված ջավախահայության մասին․

«Վրաստան մտնելու հնարավորություն այս պահին չկա, բայց մենք բոլոր հնարավոր կապի միջոցներով տեղեկացնում ենք դրամահավաքի մասին և հիմա Ջավախքի բոլոր գյուղերում ակտիվ դրամահավաք է սկսվել, մենք երկու օր առաջ ջավախքցի գործարարների հետ հանդիպում ենք ունեցել և ոչ միայն դրամական, այլև նյութական օգնություն ենք ցուցաբերում»։

8000 կարճ համարը թերևս այս պահին աշխարհի հայությունը ամենաշատն է հավաքում։ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին աննախադեպ թվով մարդիկ են միացել։ Աշխարհի որ ծայրում էլ ապրես, հնարավորություն ունես աջակցելու Արցախին՝ նույնացնելով այն գաղափարը, որ Արցախը ՝ Հայաստան է, Հայաստանը՝ Արցախ։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշակյանն ասում է, որ հնարավոր է դրամական փոխանցումներ անել բոլոր արժույթներով․

«Արդեն շուրջ 6 միլիոն դոլար է հավաքվել, բայց այս թիվը միանշանակ շատ արագ կաճի»։

Աշխարհասփյուռ հայությունը միասնական է, ուս ուսի, մեջք մեջքի տված, հողի հիշողությունը գլխում, հաստատելով, որ Արցախ աշխարհի միակ և օրինական տերն է և այս փաստի տակ հենց ինքը՝ պատմությունն է ստորագրել։

Back to top button