ԿարևորՔաղաքական

Ռազմաքաղաքական դաշի՞նք, թե՞ անկախության ճանաչում․ցույց կտա իրավիճակը

Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, ֆեյսբուքի իր էջում այսօր գրել էր  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու կամ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչելու մոտեցումները նոր չեն, բայց վերջին օրերին առավել առարկայական օրակարգ են դառնում։ Երեկ այդ մասին խոսել են  նաեւ Արցախի ղեկավարները։ Այսօր այդ հարցով փակ նիստ է հրավիրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ի՞նչ է նշանակում Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը եւ ի՞նչ խնդիր է լուծելու այն։

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ Արցախի անկախության ճանաչումն ու նման դաշինքի կնքումը սխալ է։ Նրա համոզմամբ՝  պետք է խոսել միայն միավորման մասին, քանի որ, ըստ էության, ունենք դե ֆակտո եւ դե յուրե միավորում։

«Մնացածն անիմաստ է։ Եթե մենք խոսում ենք անկախության մասին, պիտի հստակ հասկանանք, որ անկախությունը խարսխվելու է ինքնորոշման վրա։ Դա նշանակում է, որ մենք պիտի տարածքային կորուստներ ունենանք, որովհետեւ ինքնորոշվել կարող է Արցախում բնակվող հայ ժողովուրդը միայն ԼՂԻՄ-ի տարածքի վրա։ Ես չեմ կարծում, որ մեր նպատակը ԼՂԻՄ-ի տարածքն է»։

Արա Պապյանը կարծում է, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը մեզ համար նաեւ խնդրահարույց է.

«Խնդրահարույց է, որովհետեւ հարց է առաջանալու․ եթե մենք դա կնքում ենք, որ օգնենք Արցախին, ապա ի՞նչ էինք անում մինչեւ հիմա եւ ինչի՞ հիման վրա էր մեր զորակոչիկը, մեր զինվորն այնտեղ։ Մենք հարվածի տակ ենք դնում առայսօր՝ 20 տարի եւ ավել ժամանակահատվածում մեր այնտեղ գտնվելը»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ նկատելի է, որ առաջիկայում սպասվում են ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական գործընթացներ, հետեւաբար՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն ու նրա հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Հայաստանին տալիս է ռազմական օգնության տրամադրման լեգիտիմություն։     

Արա Ղազարյանը նաեւ նկատում է՝ միջազգային իրավունքում աստիճանաբար ձեւավորվում է տեսական մոտեցում, ըստ որի՝ մեկ այլ պետությունից անջատվելը հիմնավորվում է որպես ֆիզիկական գոյությունը պաշտպանելու միջոց։    

«Սա նույնպես ծառայում է այդ նպատակին․ ռազմական օգնությունը տրամադրվում է ոչ թե նրա համար, որ Արցախը գրավի նոր տարածքներ, այլ՝ ինքնապաշտպանվելու, իր գոյությունը պաշտպանելու նպատակով, որով արդարացված են լինելու Արցախի անկախության ձեռք բերման կամ Հայաստանի կողմից անկախությունը ճանաչելու գործընթացները, այսինքն՝ այստեղ գոյատեւման պայքար է գնում, այլ ոչ թե միայն ինքնանպատակ անկախության պայքար»։   

Նման մոտեցումը միջազգային իրավունքում, սակայն, կիսասաղմնայինից քիչ ավելի վիճակում է՝ ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ նկատելով, որ այդ առումով որոշակի նմանություն կա Կոսովոյի անկախության հետ։  

Մինչ փորձագիտական շրջանակներում հարցը տարբեր տեսանկյուններից դիտարկվում է, այն այսօր փակ քննարկման թեմա է դարձել խորհրդարանական մեծամասնության նիստում։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նիստից հետո, ի պատասխան լրագրողների հարցերի, շեշտել է, որ օրակարգում են բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են համարժեք քայլերին՝ ըստ զարգացումների։

«Բնականաբար, ըստ զարգացումների, կան տարբեր սցենարներ։ Այդ սցենարներին համապատասխան համարժեք բոլոր քայլերը քննարկվում են եւ, համարժեքության տեսանկյունից բոլորն ընդունելի են։ Կախված է, թե ինչ զարգացումներ կլինեն։ Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն քայլեր, որոնք կներկայացվեն հանրությանը։ Համարժեք քայլերը վերաբերում են ՀՀ-ի, Արցախի հանրապետության շահերից բխող գործողություններին»։ 

Back to top button