ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը ամիսներով է պատրաստվել այս օրվան․ ԱՀ նախագահ

Արցախի առաջնագծում դիրքային էական փոփոխություններ չկան: Իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը դրան շատ երկար է պատրաստվել։  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հակառակորդը որևէ կարևոր բարձունք չի գրավել: Մենք ևս որևէ կարևոր դիրք չենք գրավել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե կոչվող բարձունքը, Արայիկ Հարութունյանը   հարցին  հստակ չպատասխանեց։

«Լելե Թեփե, թե այլ՝ որևէ բարձունք նշանակություն չունի, որովհետև համատարած ու լայնածավալ պատերազմ է ընթանում, դա դեռ վերջնական չէ, մենք պետք է շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք, հակառակորդն իր բանակի ողջ ուժերը շարունակում է օգտագործել, մենք առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա ենք հաշվում, դիրք ենք տալու, թե վերցնելու՝ պետք չէ դրան անդրադառնալ»։

Հարությունյանը նշեց, որ հիմնական  հարձակումները եղել են Ջաբրայիլի, Մատաղիսի «Եղնիկների» ուղղությամբ: Կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ:

«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են: Բայց ոչ մի դիրքային առաջխաղացում նրանց չի հաջողվել ունենալ»,- ասաց Հարությունյանը:

Նախագահի խոսքով՝ Ադրբեջանն այս պատերազմին երկար էր նախապատրաստվել։

«Այն, որ նրանք փորձեցին շարքից հանել մեր կապի համակարգը, մասնագետները վկայում են, որ դա օրերի խնդիր չէ: Դա շատ երկար նախապատրաստական աշխատանք է եղել»,- ասաց նա:

Հարությունյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ գործընթացին և ասաց. «Ճանաչման շուրջ քննարկումները շարունակվում են, բայց մեզ համար այսօր անվտանգությունն է գլխավոր, կճանաչեն, չեն ճանաչի՝ մենք պետք է հաղթենք, դրանից հետո կամ ընթացքում քաղաքական ճիշտ որոշումներ կկայացնենք»:

 Խոսելով  գիշերվա մարտերի մասին՝ ԱՀ նախագահը նշեց, որ լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում։

«Գիշերը մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր, որոնք ցերեկային մարտերի ժամանակ կորցրել էինք, հակառակորդն այսօր միայն հարավային թևում հարյուր տեխնիկա է օգտագործել, մի պահ չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա ենք խփել»,-ասաց ԱՀ նախագահը, հավելելով, որ լոկալ հաջողություններով դեռ մենք հաջողություն չենք ապահովել, քանի որ մեր տակտիկան է՝ զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել է, ինչպես 1992-94 թթ։

Նա նշեց նաև, որ պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող զինվորականները, գերենալները, հերոսները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու, աջակցել են, ովքեր չեն մասնակցել, ցանկություն չեն հայտնել:

 «Ղահրամայնանը, Կարապետյանը, Մնացականյանը զանգել են, առաջարկել են իրենց ծառայությունը, մենք սիրով ընդունել ենք, Ազատամարտիկների միությունն էլ զբաղված է կամավորականների հավաքագրմամբ:

Բոլորը, ովքեր ցանկություն են հայտնել հանուն հայրենիքի համագործակցել ՊԲ-ի և իշխանության հետ, ներկա են եղել»,-հավելեց ԱՀ նախագահը:

Back to top button