ԿարևորՀասարակություն

Արմավիրցիները կամավորագրվել են ու սպասում են մեկնելու առաջնագիծ

«Սև Հովազ» ջոկատն առաջիններից է արձագանքել և առաջնագիծ  են  մեկնել մարտական պատրաստավծություն ունեցող պայմանագիրային զինծառայողները: Նրանց թվում է նաև կին կապավորը, ով պատերազմի լուրը լսելով հավաքել էր իրերն ու միացել մարտական ընկերներին:

Վաղ առավոտյան հակառակորդի սանձազերծած պատերազմի լուրն առնելուն պես քաղաքացիները  շտապել էին ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունք՝ կամավորագրվելու:  Զորահավաքի հրաման դեռ չկար, բայց նրանք անհամբերությամբ պարտադրում էին իրենց հաշվառել, քանի որ հայրենիքը վտանգի մեջ է: Կամավոր ճակատ մեկնելու ցանկություն էին հայտնողների թվում էին նաև Ռուսաստանից եկած մեր հայրենակիցները.

«Ռուսաստանի քաղաքացի եմ, իմացել եմ, որ պատերազմ է, եկել եմ, գրանցվել եմ, որ կանչեն՝ գնամ: Առաջին անգամ եմ մեկնելու սահման, աշտարակցի եմ, բայց Բառնաուլում եմ ապրում»:

«Ես էլ եմ Ռուսաստանի քաղաքացի, հեղափոխությունից հետո եմ եկել Հայաստան, քաղաքացիություն եմ ստացել, հիմա էլ սպասում եմ, պատրաստ եմ պայքարելու մինչև վերջ»:

Հարյուրավոր քաղաքացիներ սպասում են, բայց առաջինը մեկնում են պայմանագրային զինծառայողները:  «Սև Հովազ» ջոկատի պայմանագրային զինծառայողները, ովքեր պահում են Արցախի սահմանները, 2 օր առաջ էին իջել դիրքերից, այսօր նորից են բարձրանալու ամենացուրտ լեռները: Պատերազմ մեկնելուց առաջ «Սև Հովազ»-ի տղաներին հրահանգներ է տալիս հրամանատարը՝ Ռուստամ Գասպարյանը.

«Ձեր ցավը տանեմ, շատ ուշադիր եղեք, գիտեք պատերազմն ինչ է, ամենքը չի, որ հետ է գալիս, նորից ու նորից խնդրում եմ՝ շատ ուշադիր եղեք, հիմնականում  օդ նայեք: Էս պատերազմը մյուսներից տարբերվում է բեզպիլոտնիկներով, վտանգը օդից է»:

«Սև Հովազ»-ի պայմանագրային զինծառայողների շարքերում էր նաև Լիանան, նա առավոտ շուտ լսել էր պատերազմի մասին լուրը և ուսապարկում  արագ տեղավորել  առաջին անհրաժեշտության իրերն ու չսպասելով հրամանի՝ եկել էր միանալու իր մարտական ընկերներին: Լիանան մասնագիտությամբ իրավաբան է: 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո որոշումը փոխել էր ու հայրենիքին սիրո խոստում տվել.

«Լսելով, որ զորահավաք էր, ես որոշեցի, որ պիտի գնամ և մասնակցեմ: կապավոր-ռադիոհեռախոսավար եմ, ծառայում եմ առաջնագծում: Հիմա էլ, ինչպես իմ բոլոր ընկերներն, այնպես էլ ես բարձրանում եմ առաջին գիծ: Ամեն ինչին տիրապետում եմ, հուսով եմ, որ սա էլ նորմալ կընթանա, կանցնի: Մենք միշտ պիտի հաղթենք»:

Պայմանագրային զինծառայողները պատերազմ էին մեկնում ծիծաղով, հումորով, բարձր տրամադրությամբ, չվախենալով թշնամուց, գնում էին հաղթելու: Իսկ մինչ այդ օրհնություն են ստանում Արմավիրի թեմի հոգևորականից՝ Տեր Ահարոն քահանա Գրիգորյան.

«Աստված թող լինի ձեզ պահապան: Մենք բոլորս ձեզ հետ ենք: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ պատերազմների մեջ է եղել, միշտ գոյության կռիվ է տվել, միշտ իր սրբությունների համար է կռիվ տվել: Տիրոջով գնաք, Տիրոջով վերադառնաք և հաղթանակներով պիտի դառնաք խաղաղության զինվոր»

Ավտոբուսները շարժվեցին ծափողջույնների ներքո՝ ակնկալիքով, որ ծափողջույններով ու ծիծաղով էլ դիմավորելու են պատերազմում հաղթանակը տոնած  տղաներին:

Back to top button