ԿարևորՀասարակություն

Մեր ժամանակների հերոս «կովբոյը»՝ Մարտունուց

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի օրը Զվարթնոցի տաճարում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ 2020 թվականի հերոսներից մեկը «ԱՍՊ» հեծյալ  ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանն է, որն արդեն մի քանի տարի Մարտունիում զարգացնում է ձիարշավային տուրիզմը։

Անկախ նրանից, թե կյանքի որ փուլում ինչ գործով ու մասնագիտությամբ եմ զբաղվել, հոգուս խորքում միշտ ձիերին սիրել  եմ, ասում է մեր հերոսը, որի համար գոյություն չունեն «չկա», «չի կարելի» հասկացողությունները։

Ազատություն, սարեր, ձիեր․ կյանքի երեք պարտադիր չափորոշիչ, որն իր համար սահմանել ու ուրվագծել էր դեռ 14 տարեկանում։ Ասում  է՝ միշտ երազել եմ մարդկանց ցույց տալ մեր սարերի գեղեցկությունը։ Ձիու վրա դա անելը նրա համար բացառիկ հաճույք էր։

«Երբ փոքր էի, խնդրում էի, որ ինձ համար ձի գնեն։ Ձին այն ժամանակ էժան էր, բայց ընդունված չէր։ Պապս ասում էր՝ լավ էլի, այ բալամ, մենք hո նախրորդ, այսինքն՝ տավարապահ չենք, որ ձի առնենք։ Ու այդպես երազանքը մնաց, մնաց իմ հոգում, մինչև որ հասկացա՝ այ ախպեր, ավելի լավ է, ես իմ հարցը լուծեմ, ինձ ոչ ոք էլ ձի չի տա»։

Հարցը լուծեց 2013 թվականին՝ Մարտունիում ձիարշավարան ստեղծելու  ծրագրով  մասնակցելով տեղի  երիտասարդական բանկի հայտարարած դրամաշնորհային մրցույթին։ «Չկա», «չի կարելի», «չի կարող պատահել» տեսությունները մերժող մեր հերոսը ամեն ինչ սկսեց դրամաշնորհով ձեռք բերած մեկ քուռակից։

«Քուռակից սկսվեց իմ կրթությունը՝ որպես ձի պահող։ Ժամանակի ընթացքում մեկը դարձավ երկու, երեք, չորս․․․հիմա 16 ձի ունեմ։ Ունեմ մաքրացեղ արաբական հովատակ, ձիերի կեսը գնել եմ, կեսը՝ բուծել,  մյուս տարի կունենամ կիսաազնվացեղ քուռակների առաջին խմբաքանակը, որոնք իրենց որակով  շատ ավելի լավն են, քանի որ նրանց մեջ արաբական հովատակի թարմ արյուն կա»։

ԱՍՊ հեծյալ ակումբի  գործունեությանն առաջինն արձագանքել էր ֆրանսիական շուկան, հետո՝ գերմանական, ապա՝ լեհական։ Մեր զբաղվածության 50-60 տոկոսը հենց լեհերն էին ապահովում, ասում է Տիգրանը։ Վերջին հինգ տարիներին գործերը վատ չէին. հիմնականում բազմօրյա տուրեր Վարդենիսի  չքնաղ լեռնաշղթայում, որտեղ արահետները շատ հաճախ հենց ինքն էր բացահայտում՝  Մարտունու լայնեզր գլխարկով կովբոյը։ 2020-ի հունվարին պատվերներն այնքան շատ էին, որ մտածում էր անգամ  հիփոթեքով  բնակարան գնել, բայց ինչպես ասում  է՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եկավ՝ COVID 19-նն էլ հետը։ Համավարակի ամբողջ ընթացքում գրեթե ոչ մի օր չեն աշխատել, մինչև  օրեր առաջ նրանց այցի եկավ վարչապետը։

«Էն, որ ես հայտնի էի լեհական, ֆրանսիական, գերմանական ու ռուսական շուկաներում, վարչապետի շնորհիվ հիմա հայտնի եմ նաև Հայաստանում։ Երբ առաջին անգամ պատվիրեցին, ասացի՝ կներեք, այդ օրը զբաղված եմ։ Պատկերացնու՞մ եք, ամբողջ սեզոնին հանգիստ,  ու այդ օրվա համար մի ընտանիք զանգել ու պատվիրել է։ Հետո մտածում եմ, որ գուցե ժամերը հարմարեցնենք։ Զանգեցի, պարզեցի, որ ընդամենը մեկ ժամով են ուզում։ Երբ համապատասխան ծառայություններից զանգեցին, նոր հասկացա, թե ով է գալիս մեզ մոտ։ Նրա համար ընտրել էինք ամենահանգիստ ձին, նույնիսկ ասաց՝ չհասկացա, մյուսներին տվել եք լավ ձիերին, ինձ հանգիստ ձի՞ն։ Ուղեկցողը, որ եղբայրս էր, կատակեց՝ պարոն վարչապետ, հազիվ մարդ է ընկել ձեռքներս, չար ձին տայինք, գնայիք ընկնեիք խայտառակվեի՞նք»։

Վարչապետի այցից հետո հետաքրքրությունը ԱՍՊ ակումբի հանդեպ կտրուկ աճել է։ Բիզնեսն ընդլայնելու մտքերը կրկին ակտիվացել են, իսկ դրա հնարավորությունը օրերս համանուն մրցանակաբաշխության ժամանակ մեր ժամանակների   հերոսների շարքում դասված Տիգրանը տեսնում է։

«Առանց գլուխ գովելու կարող եմ ասել, որ սա այն բիզնեսն է, որը կարող է  ոչ միայն ընտանիք, այլև քաղաք պահել․․․»։

Սեփական տարածք ունենալու խնդիրը լուծելու դեպքում ԱՍՊ ակումբը կունենա սեփական հասցե  և անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ։ Մարտունու կովբոյը խոստանում է վերադարձնել նաև մեր պատմական հայրենիքի հետ կորցրած հայկական ազնվացեղ  ձին։

«Մենք հրաշալի ձի ենք ունեցել։ Չէր կարող լինել հին աշխարհում հրաշալի այրուձի՝ առանց լավ ձիու։ Ըստ պատմական տվյալների՝ մեր այրուձին եղել է միակը, որ պարսկական բանակի կազմում կարողացել է պայքարել  քուշանների՝ այսօրվա աղվանների  նախնիների  դեմ։ Ինչքան էլ տղամարդը լավ սուսերամարտ իմանա և այլն, և այլն, եթե ձին լավը չէ, ինքը որպես հեծելազոր բան չի։ Մենք հրաշալի ձիեր ենք ունեցել, մեր վերջին  ձին՝ ղարաբաղյան ցեղատեսակի, Խրուշչովը նվիրել է Անգլիայի թագուհուն՝ կարիբյան  ճգնաժամից հետո ինչ-որ հարցեր լուծելու համար։ Հաշվի չեն առել, որ այդ ազնվացեղ ձիով կտրվում է այս ճյուղը։ Եվրոպայում մի քանի տեղեր կան, որտեղ ժամանակին տարել ու բուծել են այդ ձիերը, հնարավոր է բերել, եթե անգամ չբերեն, կարող ենք սերմնահեղուկը բերել և սերմնավորել մեր ձիերին»։

ԱՍՊ ակումբի հիմնադիրը վստահ է՝ կարող է հայկական ձին վերադարձնել հային։ Ինչպես ինքն է բնորոշում ՝ ի վերուստ գենով մեզ պատկանող  կենդանուն հնարավոր է հանել պատմության փոշու տակից։  Պատմական արմատներ ունի նաև Մարտունու հեծյալ ակումբի ԱՍՊ անվանումը․

«Դա պարսկական ծագումով բառ է, որը նշանակում է ձի։ Ասպատակել՝ ձիով գալ, հավաքել, տանել։ Ասպախումբ, ասպազեն․․․»։

Տիգրան Բաղիշջանյանը նաև պարզաբանում է․ ԱՍՊ-ից է ծագել նաև միջնադարյան ասպետ բառը։ Ձիարշավային տուրիզմի զարգացմամբ մեր ժամանակների հերոսը  Մարտունիում փորձում է վերադարձնել   նաև ասպետական ժամանակները։

Back to top button