ԿարևորՀասարակություն

Վարկային պարտավորությունների էմոցիոնալ և ռացիոնալ ընկալումները

Վարկերի և ժամկետանց պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների, վարկային տոկոսադրույքների կիրառման ու հարակից մի շարք հիմնախնդիրների մասին խորհրդարանական լսումներ էր այսօր նախաձեռնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

«Իրականում ուզում ենք ոչ միայն խնդիրների մասին խոսել, այլև՝ բարձրաձայնել դրանց լուծման ուղիները»,-շեշտել են նախաձեռնության հեղինակ ԲՀԿ-ական պատգամավորները՝ չբացառելով, որ լսումների արդյունքում իրենց կողմից կհետևեն նաև ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ։

Կարևոր ու էմոցիոնալ թեմա է․ սա ԲՀԿ խմբակցությունում լավ են հասկանում։ Դա հաշվի առնելով էլ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արման Աբովյանը նախ ներկայացրեց լսումների անհրաժեշտությունը, նպատակն ու իմաստը, ապա կոչով դիմեց մասնակիցներին.  

«Բոլոր ելույթները լինեն և դիտարկվեն մասնագիտական ու սառնասիրտ մթնոլորտում»։

ՄԻՊ Արման Թաթոյանը նկատեց, որ բանկերի հետ կապված իրենց լիազորությունները խիստ սահմանափակ են, թեպետ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին բողոքներ ՄԻՊ գրասենյակը հարյուրներով է ստացել.

 «2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ-ը բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել է, ըստ խնդրի բնույթի՝ 200 գրավոր և բանավոր դիմում-բողոք 400 անձից»։

Քննարկումներում տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝  ֆինանսական կազմակերպությունների,  խորհրդարանական քաղաքական ուժերի, նաև՝ իշխող մեծամասնության ներկայացուցիչների դիտարկումները ներկայացվեցին թեմայի վերաբերյալ։

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը ձևակերպեց հիմնական խնդիրը, որի մասին, նրա խոսքով, տարիներ շարունակ իրենց քաղաքական թիմը  բարձրաձայնել է՝ բանկային քաղաքականության մասին։

«Հստակ ասել է, որ, ըստ էության, տեղի է ունենում լոմբարդային քաղաքականություն, ոչ թե բանկային, կամ վարկային կազմակերպությունների քաղաքականություն։ Այն տոկոսադրույքները, այն պայմանները, պայմանագրերը, որոնք որ առաջարկվում են մեր երկրի քաղաքացիներին, իրավաբանական անձանց, հաճախ ոչ թե բիզնես բարելավման կամ կենցաղի այս կամ այն խնդիրը կարգավորելու առումով, այլ ճիշտ հակառակը՝ վատթարացնող տեմպերի տանող քաղաքականություն է իրականացվել և իրականացվում։ Ըստ էության՝ վաշխառու վարկային կազմակերպությունների պակաս, որպես այդպիսին, չի եղել»։

ԲՀԿ-ում համոզված են, որ համավարակի այս պայմաններում վարկային արձակուրդն անխուսափելի է, ինչը կբերի իրավիճակը մեղմելուն ու դրանից դուրս գալուն։ Մատնանշում են նաև դրա հնարավորությունը՝ այն մատչելի գումարները, որոնք միջազգային տարբեր կազմակերպություններից կարելի էր ներառել ու ներարկել տնտեսության տարբեր ճյուղերում։

Միքայել Մելքումյան. «Հանրապետության կյանքում, հանրային կյանքում վարկերի նշանակությունը շատ մեծացել է։ Լավ է, թե՞ վատ է դա – տարբեր վերսիաներ կան։ Ընդհանուր առմամբ՝ տնտեսական կյանք, հանրային կյանքում վարկերի ներարկումը ես չէի ասի վատ է, բայց  այնպիսի վարկեր պիտի լինեն, որի տակից ժողովուրդը դուրս գա։ Վարկը չպետք է լինի այպես, որ ի վերուստ դատապարտված լինի այդ բիզնեսը։ Այստեղից մի եզրակացություն՝ երբ որ բանկերը որոշակի տոկոսներով վարկեր են տալիս, իրենք պետք է լուրջ վերլուծություններ ունենան»։

Ողջամիտ հարաբերություններ պիտի լինեն։ Սա ԿԲ-ի ճիշտ գնահատման խնդիրն է՝ նկատեց Միքայել Մելքումյանը։ Նաև այս դիտարկմանն իր խոսքում հակադարձեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը.

«Չափազանց կարևոր է, որ քննարկումը կառուցենք փաստերի և դրանց վերլուծության հիման վրա արված եզրակացությունների, ոչ թե զգացմունքային ու միակողմանի ենթադրութունների հիման վրա։ Յուրաքանչյուր հայ մարդու, քաղաքացոի խնդիրները մեր անձնական խնդիրը համարելով, մենք պետք է կարողանանք տալ հիմնարար և հավասարակշռված լուծումներ»։   

Հետևաբար, խնդրահարույց վարկերի, դրանց տույժ ու տուգանքների հարցերը քննելիս պետք է հաշվի առնել նաև բանկերի շահառուների, այդ թվում՝ ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը, որը մի քանի անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թվին՝ ասաց ԿԲ ներկայացուցիչը։ Նրա փոխանցմամբ՝ անպատասխանատու վարկառուների թիվը սովորաբար տատանվում է 5-7 տոկոսի շրջանակներում, իսկ համավարակից հետո ավելացել է 1 տոկոսային կետով և այս պահին էլ գտնվում է 7 տոկոսի շրջանակներում։

«Վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները և վարկ վերցրել են որոշակի նպատակից ելնելով ու էապես վարելավել իրենց բարեկեցությունը»։

Ինչ վերաբերում է պահանջվող մասսայական վարկային արձակուրդին. ԿԲ-ում համոզված են, որ այն կհանգեցնի շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների։ Ներսես Երիցյանի խոսքով՝ դա ցույց է տվել ոչ միայն աշխարհի, այլ նաև մեր երկրի փորձը.

 «Սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության՝ վարկառուները սկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ 2018 թ.-ին բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ, տուգանքները, հետո մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ներում ստացած մարդկանց կողմից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների 50 տոկոսից ավելին կրկին հայտնվել են նույն իրավիճակում»։  

Վարկային պարտավորությունների որևէ զիջում ունի իր ֆիսկալ գինը։ Ներսես Երիցյանի ձևակերպմամբ՝ ֆինանսական կայունությունը կարևոր ձեռքբերումներից է և պետք չէ քաղաքական ու զգացմունքային որոշումներով խաթարել այն։

Back to top button