ԿարևորՀասարակություն

Հոգեսոցիալական կենտրոնը կնվազեցնի Սյունիքի հոգեբուժարանի գերծանրաբեռնվածությունը

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը մասնաճյուղ բացեց մարզկենտրոն Կապանում։ Վճարովի հիմունքներով կմատուցվեն հոգեբուժական, հոգեբանական ծառայություններ, ինչպես նաեւ կտրամադրվի թմրաբանական օգնություն։ Մասնաճյուղը հանրապետությունում երկրորդն է Երևանից հետո։

Սյունիքն է ընտրվել, քանի որ այստեղ բնակչության մեծ տոկոսի մոտ առկա է ծանր և միջին աստիճանի սթրես, դեպրեսիա և այլն։ Այսպիսով, այս կենտրոնը կարող է թեթևացնել մարզի հոգեբուժարանի գերծանրաբեռնվածությունը։

Հոգեկան առողջության խնդիր ունեցող բնակչությամբ Սյունիքն ու Տավուշը մյուս մարզերից տարբերվում են։ Այդ իսկ պատճառով հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը Կապանում մասնաճյուղ բացեց։ Կապանի մասնաճյուղի ղեկավար Զառա Հարությունյան․

 «Կենտրոնն իր տեսակով առաջինն է։ Համագործակցում է հոգեբանական, բժշկական, ինչպես նաև հոգեբուժական օգնություն ցուցաբերող հանրապետությունում մի շարք հայտնի կազմակերպությունների հետ։ Նպատակ ունենք կենտրոնում իրագործել սեմինարներ, թրեյնինգներ առաջնային օղակի բժիշկների, ինչպես նաև հոգեբանների համար»։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանի խոսքով՝ իրենց հետազոտությունները ցույց տվեցին, որ բնակչության մեծ տոկոսի մոտ առկա է ծանր և միջին աստիճանի սթրես, դեպրեսիա, անգամ մարմնական խանգարումներ՝ հոգեկան խանգարումների հետևանքով։ Թեև կենտրոնի ծառայությունները կլինեն վճարովի, այնուհանդերձ նպատակը քաղաքացիներին հոգեբանական, հոգեբուժական և թմրաբանական օգնություն տրամադրելն է։

«Բացելով այս մասնաճյուղը մենք կսկսենք մասնավոր հոգեբուժությունը նույնպես զարգացնել, ինչը գրավիչ կդառնա կադրերի համար․ իրենք կաշխատեն և այստեղ, և կաշխատեն հիվանդանոցում։ Այսինքն՝ սա իր խորքում բիզնես կառույց լինելով, նպաստելու է հոգեբուժական ծառայության զարգացմանը և ոչ միայն, նաև հոգեկան առողջության ծառայությունների զարգացմանը, արդյունքում բնակչության հոգեկան առողջության բարելավմանը»։

Մարզի միակ հոգեբույժ Արարատ Վարդանյանը կարծում է՝ անհրաժեշտ է կենտրոնը։

«Գոյություն ունեն բազմաթիվ սթրեսային պահեր, որոնք կլինիկական մակարդակի չեն հասնում իրենց խանգարումներով և նրանց վաղ հայտնաբերումը, վաղ դիմելիությունը և հոգեբանական օգնությունը շատ կարևոր է։ Մենք ձգտում ենք, որ հնարավորինս ստացիոնարը բեռնաթափվի և հոգեբուժական հաստատություններ քիչ ընդունվեն, և ավելի շատ բուժօգնությունը լինի տնային պայմաններում։ Եթե դա մեզ հաջողվում է կատարել հոգեկան խանգարում ունեցող հիվանդների, խրոնիկական հիվանդների հետ, ապա քաղաքացիների հետ, ովքեր հիմնականում սթրեսային հարցերով են դիմելու, դա միանշանակ կհաջողվի»։

Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերն այսօր գերծանրաբեռնված է, չկա հիվանդների տարանջատում․ մի վայրում են հոգեկան առողջական խնդիր ունեցողները, թմրանյութ օգտագործողները, ալկոհոլի ազդեցությամբ խանգարումներ ունեցողները, ընկճախտով տառապողները… Այս պայմաններում, եթե կենտրոնը ծառայի իր նպատակին, հոգեբուժարանի մի շարք խնդիրներ կլուծվեն։

Back to top button