ԿարևորՀասարակություն

Ինչպես չանցնել կորոնավարակի կարմիր գիծը

Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի կառավարությունը կստանա 2 միլիոն դոլարի դրամաշնորհ։  Կառավարությունը հաստատել է  դրամաշնորհային համաձայնագիրը։

Գումարները կօգտագործվեն պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։ Կառավարության նիստում այսօր նշվել է. Հայաստանում համավարակի թվի աճ է արձանագրվում։

Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ։ COVID 19–ի դեմ  պատերազմում հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։ Հայաստանում էլ կորոնավիրուսային իրավիճակը կրկին սրվել է` արձանագրում է  Նիկոլ Փաշինյանը։ Թվերի աճը մարդկանց տեղաշարժի աշխուժացմամբ է պայմանավորված.

«Ինչպես ենք մենք այս իրավիճակին վերաբերում։ Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Շատ բան կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է վարչական մեթոդները խստորեն կիրառենք»։ 

Նախօրեին 3913 հետազոտությունից 374–ի դեպքում դրական նոր դեպք է գրանցվել։  Զրուցակցիս՝ Վանուհի Շահվերդյանի ծնողները, Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոնում են գտնվում։ Նրանց մոտ մի  քանի օր է, ինչ կորոնավիրուս է ախտորոշվել։

«Արդեն մեկ շաբաթ է, որ մայրիկիս մոտ ճնշման տատանումներ էին, և ամենառաջին օրն ուներ նաև սրտխառնոց։ Քանի որ նախորդ օրը մի փոքր մրսել էր, մեր մտքով չէր անցնում, կարող է covid-19 լինի, քանի որ ջերմություն ու այլ ախտանշաններ չկային։ Արդեն հինգշաբթի երեկոյան ջերմությունը բարձրացավ, ջերմություն ուներ նաև հայրիկս։ Նա այլ ախտանշան չուներ։ Ուրբաթ առավոտյան  պոլիկլինիկայում թեստ են հանձնել ու իրենց շտապօգնությունով տարել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Հաջորդ օրն արդեն դրական պատասխան է եկել ու տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Covid կենտրոնից մայրիկին ասել են, որ հավանականությունը մեծ է, որ վիրուսը  վերցրել է Էջմիածնի պոլիկլինիկայից, որտեղ աշխատում է»։

Սաթենիկ Շահվերդյանը Էջմիածնի պոլիկլինիկայում մանկական բուժքույր է աշխատում։ Պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը ձայնագրվել չցանկացավ, սակայն «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  կորոնավիուսով վարակված երկու բժիշկ ունեն, որոնցից մեկի բուժքույր է տիկին Սաթենիկը։ Գասպարյանն ասաց նաև, որ բժիշկներն ապաքինվել են ու շուտով աշխատանքի կվերադառնան։ Կոնտակտավոր մեկուսացվածներ կան միայն։ Վտանգ կա ամեն րոպե` զգուշացրեց Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրենն ու տեղեկացրեց, որ թոքաբորբով հիվանդները վերջին օրերին շատացել են։

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին, ամենացածր ցուցանիշը սեպտեմբերի 11-ին` ասում է  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս դրական դեպքերի թիվն օրեցօր աճում է` այսօր հասնելով 374-ի: 

«Այս պահին կորոնավիրուսով հիվանդների համար կա ծավալված մոտ 1230 սովորական և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ ազատ է։ Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ այսօր զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նորածինների ու հղիների համար»։

Նախարարն ասաց, որ, ըստ անհրաժեշտության, հնարավոր է ցանկացած պահի կամ մեկ-երկու օրվա մեջ ամբողջ ռեսուրսը՝  2700-2800 սովորական և 300 վերակենդանացման մահճակալներ նորից օգտագործել։ Կարմիր գիծը չհատելու համար իշխանությունները հորդորում են պահպանել համաճարակային կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակ ու ախտահանիչ նյութեր։

Back to top button