ԿարևորՀասարակություն

Ջավախքի գրեթե բոլոր դպրոցները բաց են

Մինչ Թբիլիսիում ու երկրի մյուս մեծ քաղաքներում մտածում են հոկտեմբերի 1-ից բացել դպրոցների դռները, թե ոչ, Սամցխե Ջավախքում արդեն երկրորդ շաբաթն է դասապրոցեսն ընթանում է դասասենյակներում։

Երկրի դեռևս «կանաչ գոտում» գտնվող շրջանի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկը համավարակային իրավիճակը չի փոխել։

Վրաստանի հայաբնակ շրջանում ի տարբերություն երկի մի շարք այլ վայրերի, աշակերտները նոր ուսումնական տարին վայելում են դասասենյակներում։ Շրջանը երկրի «կանաչ գոտիներից է», այս պահին կորոնավիրուսի տարածում չկա։ Ախալքալքի մունիցեպալիտետի գրեթե բոլոր դպրոցները բաց են, միայն մի քանի գյուղերինը՝ դեռ վերանորոգման փուլում։ Քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանն ասում է․

«Երեխաները զգոն են, կես ժամ շուտ են գալիս դպրոց, որպեսզի հասցնեն ջերմաչափվել։ Մինչ օրս որևէ դեպք չի արձանագրվել ինչպես դպրոցում, այնպես էլ Ախալքալաքում»։   

Հայաբնակ այս քաղաքում հայկական դպրոցների ղեկավարությունը, սակայն, համավարակի դեմ պայքարի հետ պայքարում է նաև հայկական դպրոցների հնարավոր «փակման դեմ»։ Տնօրենը մտավախություն ունի՝ տասը տարի անց Ախալքալաքում հայկական դպրոց գնացող գրեթե չի լինի։

«Ես այդպիսի մտավախություն ունեմ, որովհետև, եթե հինգ տարի առաջ ռուսական դպրոցն ուներ 35-40 առաջին դասարանցի, ապա այսօր ունի մոտ 100: Մոտակա գյուղերից են նույնիսկ երեխաներին բերում, անցյալ տարի միայն մեկ գյուղից 21 առաջին դասարանցի ուներ։ «Ռուսերեն իմանալը լավ է, ռուսականը լավն է», այդպես են մտածում․․․»։

Քաղաքի հինգ հանրային դպրոցներից ի դեպ աշակերտների ամենամեծ թիվը հենց ռուսականում է։

Ախալքալաքի մունիցիպալետետի հայկական փոքր գյուղերից մեկի՝ Խավեթի հանրային դպրոցն այս տարի չորս առաջին դասարանցի ունի։ Տնօրեն Նորայր Հակոբյանի խոսքով նոր վիրուսի որևէ դեպք չի արձանագրվել, անվտանգային բոլոր միջոցառումները, սակայն, խստորեն, պահպանվում են։

Ախալքալքից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող, Թուրքիային սահմանակից Խավեթում գլխավոր խնդիրներից են․  

«Սահմանամերձ գյուղ ենք, ուսուցիչների պակաս ունենք։ Բացի այդ ճանապարհ չունենք, խիստ անանցանելի է, եթե այդ հարցը լուծվի, գյուղացին կարող է մեծ օգուտ քաղել»։

Այս տարի Ախալքալաքում 584 առաջին դասարանցի է դպրոց հաճախել։ Հազարավոր առաջին դասարանցիներ, սակայն, կորոնավիրուսի թվի կտրուկ աճի պատճառով առաջին անգամ դպրոց մուտք գործել չկարողացան երկրի խոշոր քաղաքներում։ Մայրաքաղաք Թբիլիսիում ու մյուս մեծ քաղաքներում (Գորիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Փոթիում, Բաթումիում և Քոբուլեթիիում) ուսումնական գործընթացը մինչև հոկտեմբեր կանցկացվի հեռավար, սակայն, վարակաբանների խոսքով, հնարավոր է ևս երկու շաբաթով հետաձգվի։

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 4 հազարը (4 140), մահվան ելքերը 25-ն են։ Ամենամեծ թիվն օրական կտրվածքով արձանագրվում է Աջարիայում։ 

Back to top button