ԿարևորՀասարակություն

Ապագա ռազմական բժիշկներն արժանացել են պատվոգրերի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 21 կուրսանտի շնորհվել է պատվոգիր զինվորական բարձր կարգապահության և առաջադիմության համար:

Ինչպես հայտնում է ԵՊԲՀ-ի մամուլի ծառայությունից, ռազմաբժշական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանն ընդգծել է՝ սա, իհարկե, շատ ոգևորիչ է կուրսանտների համար, որովհետև, առաջին հերթին, պարտավորեցնում է նրանց, ովքեր ստացել են պատվոգրերը, իսկ մյուս կողմից, ձգտելու և հասնելու լուրջ նպատակային կետ է հանդիսանում մյուս կուրսանտների համար: «Կեցվածքով և պահվածքով նրանք օրինակ են ծառայում մյուս ուսանողների համար: Նրանք ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներ են և ներկայացնում են Հայոց բանակը դասախոսների և ուսանողության աչքերում», — նշել է ֆակուլտետի պետը:   

Վարդան Ծատուրյանի խոսքով՝ անկախությունն այն ձեռքբերումն է, որի մասին երազել են մեր պապերը, որի մասին այս պահի դրությամբ երազում են շատ ազգեր, որոնք նույնիսկ ունեն մեծ տարածքներ, մեծաքանակ են, բայց իրենց տեղը չունեն աշխարհի քարտեզի վրա, իրենց դրոշը տեղակայված չէ ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև, չունեն զինանշան:
«Իսկ մեր կուրսանտների ձախ բազկի վրա պատկերված է մեր երկրի զինանշանը», — շեշտել է ֆակուլտետի պետը:

Ըստ նրա՝ կուրսանտները պետք է գիտակցեն, որ իրենցից յուրաքանչյուրի մեջքին կանգնած է պետությունը: «Եթե նախկինում մենք ամբողջ աշխարհում ներկայացված էինք եկեղեցիների, հայկական անուններով փողոցների միջոցով, ապա այժմ տարբեր երկրներում ունենք ՀՀ դեսպանատներ», — նշել է Վարդան Ծատուրյանը՝ ավելացնելով, որ մենք պետք է անենք ամեն ինչ մեր պետության հզորացման համար:

Back to top button