Ռադիոլուրի հյուրասրահ

Կարգազանցից օրինապահ․ վարորդական վկայական ստանալու նոր կարգը կփոխի՞ վարորդներին

Վարորդական վկայական ստանալը  նոր կարգով  հեշտանո՞ւմ է, թե՞ բարդանում,  փոփոխությունները նպաստո՞ւմ են  գրագետ վարորդներ ունենալուն ու երթևեկության  կարգավորմանը,  բացառվո՞ւմ են արդյոք կոռուպցիոն ռիսկերը ։  Հարցերը «Ռադիոլուրի հյուրասրահում» քննարկել ենք varord.am կայքի հիմնադիր Ազատ Թանանյանի եւ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ

Սեպտեմբերից 27–ից  Հայաստանում պետք է փոխվեին վարորդական վկայական ստալու կարգը, վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձեւերն ու  նկարագրերը։ Որոշումն ընդունվել է մարտ ամսին, սակայն գործածության մեջ կմտանի 2021 թվականի հունվարի 1–ից։

Տեսական հարցաշարեր

Ըստ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի՝ տեսական հարցաշարի ծավալը կրկնապատկվել է՝  նախկին 620 հարցից դառնալով  մոտ 1200։ Քննության համար էլ նախատեսվել  է ոչ թե 10, այլ  20 հարց։ Ըստ Ղահրամանյանի՝  նպատակը գրագետ վարորդներ պատրաստելն է։ varord.am կայքի հիմնադիր Ազատ Թանանյանը, սակայն, նկատում է, որ  հարցաշարերում  մի շարք անճշտություններ կան։ Նրա կարծիքով՝ նախ պետք է շտկել հակասությունները , հետո միայն  գրագետ վարորդներ ունենալու մասին մտածել։

Գործնական քննություն

Նոր կարգի համաձայն՝ գործնական քննություն հանձնելու համար ոչ թե բավարար չի լինելու  ավտոդրոմում մեքենա վարելը։ Վարորդի թեկնածուն պետք է ապացուցի, որ կարող է վարել նաև քաղաքային երթևեկության պայմաններում։  Ըստ Սերգեյ Ղահրամանյանի՝ 2018 թվականից գործող կարգով  ավտոդրոմում ընդամենը 10 վարժություն է նախատեսվում, իսկ իրական երթևեկության մեջ տարբեր իրավիճակներ են հնարավոր, որոնցում վարորդն ինքնուրույն պետք է հաղթահարի խոչընդոտները: «Նոր կարգը կմոտեցնի իրական  վիճակին, որ մարդը վարորդական վկայական ստանալուց հետո երթևեկության մեջ անկաշկանդ լինի և օտար չլինի քաղաքային երթևեկությանը»,–կարեւորում է բանախոսը։  

Քննական կարգի փոփոխություն

Ըստ նոր ներկայացված պահանջների՝ դրական արդյունք գրանցելու համար պետք է  պատասխանել ոչ թե նվազագույնը 9 հարցի, ինչպես նախկինում էր, այլ՝ 20-ից 18-ի։ «Շեմը բարձրացվել է, բայց դա չի նշանակում,որ արդյունավետությունը նույնպես կբարձրանա»,–նշում է Ազատ Թանանյանը: Գրագետ վարորդի համար հարցերը, նրա կարծիքով,  ոչ թե բարդ են, այլ տարընկալումների առիթ են տալիս։

Ո՞րն է փոփոխության խոցելի կողմը

Այսօր շատ հերթեր են գոյացել՝ գրանցվողներից մինչեւ քննության սպասողներ: Ըստ Թանանյանի՝ տեխնիկական ոչ արդյունավետ միջոց է ընտրվել գրանցման համար։ Քանի որ շատերը շտապում են, այսպես ասենք, ավելի հեշտ կարգով քննության: Երեկ ոստիկանությունը հորդորեց՝ հերթագրվել միայն roadpolice am կայքի միջոցով։ Խոցելի կողմերից մեկն էլ կոռուպցիոն նոր սողանցքեր ստեղծելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button