ԿարևորՀասարակություն

Ամենաթանկը՝ Կոտայքում, ամենաէժանը՝ Լոռիում․ անշարժ գույքի շուկայի միտումները

Անշարժ գույքի շուկան  ամենազգայունն է ցանկացած ճգնաժամի նկատմամբ։ Փորձագետներն ասում են, որ այս ոլորտը տնտեսական միտումների ամենակարևոր ցուցիչներից  է։ Համավարակի առաջին  ամիսներին շուկան կանգի վիճակում էր․ գործարքներ գրեթե չէին կատարվում, վերջին շրջանում ակտիվացման  որոշ միտումներ են նկատվում։ Կադաստրի կոմիտեի նախագահի կարծիքով՝  եթե համավարակի երկրորդ ալիք  չլինի,  շուկան կկայունանա։

Covid-19–ն անշարժ գույքի համաշխարհային շուկայում փոխել է  աշխատելու ոճն ու պայմանները․ գործակալները,   խուսափելով ուղիղ շփումներից, անցել են  օնլայն ցուցադրությունների։ Անշարժ գույքի գործակալությունները  Հայաստանում նույնպես հեռավար աշխատանքի փուլ ունեցել են,  այժմ փորձում են վերադառնալ  նախկին աշխատաոճին։  Ոլորտի մասնագետ Էդուարդ Ապրիյանի դիտարկմամբ՝ շուկայի նկատմամբ հետաքրքրությունն  աստիճանաբար ավելանում է։

 «Համավարակի սկզբում՝  մարտին, զգալի էր պասիվությունը, այդ շրջանում   ֆիզիկապես գործարքներ կտարելու հնարավորություն չկար։ Հետևաբար, բոլորս էլ պասիվ ռեժիմում էինք՝ գործակալները, գնորդները, վաճառողները։ Համավարակի սկզբում կարողանում էինք առաջնային շուկայի հետ կապված պահանջները օնլայն կազմակերպել՝  նախագծերը, քննարկումները, խորհրդատվությունը կարողանում էինք օնլայն կազմակերպել»։

Սահմանափակումների  վերացումից  հետո անշարժ գույքի շուկան աստիճանաբար ակտիվանում է։   «Այս պահին ոլորտը   քիչ թե շատ  կանոնակարգված  վիճակում է , չնայած   2020–ի հունիս–հուլիսին  1–1․5 տոկոս գների անկում է  գրանցվել»,– արձանագրում է կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

2020-ի օգոստոսին շուկայում գրանցվել է առքուվաճառքի 4904 գործարք, որից  1323–ը՝  Երևանում։  Մարզերում  անշարժ գույքի ձեռքբերման  աճ է նկատվում՝   ի տարբերություն Երևանի։         

 «Երևանում դիտարկվել է գործարքների քանակի նվազում, արդյունքում՝ գնանկում է նկատվում, վերջնական պատկերը, սակայն, պարզ կլինի տարեվերջին»։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին նախորդ տարվա  օգոստոսի համեմատ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1 ք/մ–ի գինը 612 հազարից  դարձել  է 630 հազար դրամ, մինչդեռ հուլիսին  դրանք ավելի բարձր են եղել՝ 645 հազար դրամ։ Անշարժ գույքը մարզերից  ամենաթանկը Կոտայքում  է․ Ծաղկաձորում  բնակարաններն ավելի թանկ են  (270 հազար դրամ), քան, օրինակ,   մայրաքաղաքի Նուբարաշեն   (178 հազար), Մալաթիա-Սեբաստիա (231 հազար), Աջափնյակ (269 հազար ) վարչական շրջանների  յոթերորդ կամ ութերորդ գոտիականություններում։ 

Ծաղկաձորում   մեկ քառակուսի մետրի դիմաց, ըստ կադաստրի կոմիտեի տվյալների, օգոստոսին գնորդները  վճարել են 270 հազար դրամ։  Հայաստանի երկրորդ  թանկ քաղաքը դարձյալ  Կոտայքում է․ Աբովյանում 1 ք/մ–ի գինը 170 հազար դրամ, երրորդ  թանկ  քաղաքը Գորիսն է՝ 145 հազար դրամ արժեքով Ամենացածր գինն ունեն  Թումանյանի  բնակարանները՝  24 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց, երկրորդն  Ախթալան է  39 հազար դրամ, ՝ ապա Ալավերդին՝ 49 հազար դրամ արժեքով։

Կադաստրի կոմիտեն  նախորդ ամիսներին  օրական  շուրջ 3000 դիմում է ստացել։ Կառույցի ղեկավարն ասում է՝ եթե համավարակի երկրորդ ալիք չլինի, շուկան ավելի կկայունանա։      

Մեծացել է հետարքրքությունը ոչ միայն առաջնային, այլ  նաև երկրորդային շուկայի բնակարանների նկատմամբ՝  նկատում  է  անշարժ գույքի գործակալություններից մեկի  բիզնեսի զարգացման գծով տնօրեն  Էդուարդ Ապրիյանը։ Սա ունի իր բացատրությունը

«Չի կարող այնպես լինել, որ երկրորդային շուկայի նկատմամբ  պահանջարկը իսպառ վերանա։ Ամեն դեպքում մենք ապրում ենք մեր բնականոն կյանքով․ թե մեր երեխաներն են ամուսնանում,  թե մենք կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտություն ենք ունենում, ընդ որում ՝  մոտակա պահին, ոչ թե սպասենք մինչև շենքը կառուցվի։ Հետևաբար, չի կարող երկրորդային շուկայի պահանջարկ չլինել»։

Վերջին շրջանում  մեծացել է նաև   հետաքրքրությունը գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ։ Օգոստոսին ընդհանուր գործարքների ամենամեծ մասը՝  մոտ 33 տոկոսը, կազմել են  հողերի , իսկ ամենացածրը՝ արտադրական նշանակության շինությունների ձեռքբերման գործարքները։ Կադաստրի կոմիտեի նախագահն արձանագրում է․

 «Գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերը  գրանցել են իրենց  արդյունքները»։

Ըստ գործարքների բնույթի՝  Երևանում  և մարզերում ամենաշատը  օտարման, ամենաքիչը՝ օրինականացման գործարքներն են։

Back to top button