ԿարևորՀասարակություն

Տուգանվել են նաև դիմակ չկրող հենասայլակով քաղաքացիները

Սիլվարդ Սարգսյանի 6 զավակներից 2-ը հաշմանդամություն ունեն։ 31 տարեկան Անին 1-ին կարգի հաշմանդամ է. մանկուց մանկական ուղեղային կաթված ունի, չի քայլում, իսկ 16–ամյա Էվելինան ծնվել է դիմածնոտային խնդրով, ունի էպիլեպսիա, մշտապես հոգեբանի հսկողության տակ է։ Համավարակով շրջանում  ընտանիքում դժվարությունները խորացել են ։

«Երբ սահմանափակումները եղան,  Անին արտահայտված հիվանդություններ ուներ, բայց չկարողացանք ոչ մի բան անել, որովհետև հիվանդանոցները չէին ընդունում, ավելի շատ վախենում էին, որ կարող է վարակակիր դառնալ, քանի որ խոցելի խումբ է, հաստատ կվարակվեր։ Այդպիսով՝ փետրվարից ոչ մի տեղ դուրս չի եկել, մաքուր օդ չի  շնչել։ Առաջացան ավելի բարդ հիվանդություններ»։

Նախանձելի վիճակում չէ նաև Կարինե Ստեփանյանի ընտանիքը։ 15 տարեկան որդին մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունի։ Երեխայի համար մայրը ստանում է 26 000 դրամ թոշակ ։ Ասում է՝ դրանով նույնիսկ հիգիենայի պարագաները չի կարողանում գնել։  Այս ընտանիքում էլ սոցիալ–հոգեբանական խնդիրներն ավելի են սրվել արտակարգ իրավիճակի հետևանքով։

Հասարակության առանց այն էլ խոցելի խմբի համար կարանտինի օրերը, ամիսները դարձան իսկական մղձավանջ։ Տեղաշարժման սահմանափակումներ ունեցող  անձանց համար էլ ավելի սահմանափակ դարձավ տեղաշարժվելու հնարավորությունը, խոչընդոտներ առաջացրին սոցիալական հեռավորության պահանջն ու դիմակ կրելը։ Այս ամիսների ընթացքում որևէ յուրահատուկ ուղեցույց, որոշում կամ հրահանգ չի եղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու  և  նրանց յուրահատկությունները հաշվի առնելու ուղղությամբ, «Ռադիոլուրի»  հետ զրույցում ընդգծեց  «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը։

«Եթե նույնիսկ թերթենք պարետի որոշումները,  որևէ տեղ նշված չէ, որ օրինակ՝ մարդ սայլակ է վարում ինքնուրույն, ինչը սպորտին համարժեք բան է, կամ եթե մարդը հենակներով քայլում է, բոլոր դեպքերում շատ ավելի բարդ է, քան  վազել և հեծանիվ վարել նրանց համար, ովքեր խնդիր չունեն։ Բայց ես դեպքեր գիտեմ, երբ մարդիկ տուգանվել են դիմակ չկրելու համար»։

Համավարակը խորացրեց նաև սոցիալական խնդիրները։ Կառավարությունն այս ամիսների ընթացքում սոցիալական բազմաթիվ միջոցառումներ մշակեց ու դարձյալ ոչ մի հիշատակում  հաշմանդամություն ունեցող անձանց մասին, նկատեց զրուցակիցս։

«Նույնիսկ մեկ անգամ չի հիշատակված հաշմանդամ բառը։ Այսինքն չի կատարվել ՄԱԿ–ի կոնվենցիայի պահանջը՝ յուրահատուկ միջոցառումներ կատարել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու համար»։

Արմեն Ալավերդյանի եզրահանգմամբ՝ արտակարգ իրավիճակի պայմաններում համապատասխան կառույցները շատ ավելի գործուն և հրատապ քայլեր պետք է ձեռնարկեին հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին պաշտպանելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ աջակցության ծրագրերում հաշմանդամները՝ որպես առանձին խումբ, ներկայացված չեն եղել, քանի որ պետական աջակցության ծրագրերն ունեցել են հստակ տրամաբանություն․

 «Դրանք ուղղված են եղել այն անձանց, ովքեր համավարակի հետևանքով ունեցել են եկամտի զգալի կորուստ կորցրել են իրենց աշխատանքը կամ ընտանիքում, օրինակ, եղել է անչափահաս երեխա, որն ունի որոշակի այլ կարիք։ Այսինքն՝ կառավարության աջակցությունն ուղղված է եղել այն անձանց, ովքեր ստեղծված իրավիճակի հետևանքով են հայտնվել դժվար պայմաններում։ Այդ իսկ պատճառով կառավարությունը որևէ առանձին խմբի աջակցություն չի տրամադրել։ Բոլոր այն քաղաքացիները, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցողները, ովքեր կարող էին շահառու հանդիսանալ երկու տասնյակից ավելի ծրագրերի, իրենք հանդիսացել են շահառու»։

Ոլորտը համակարգող նախարարության ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ դրության շրջանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմվել է շահառուների ավելի քան 50 ցուցակ՝ տարբերակված ըստ խմբերի և կարիքների։ Դրանցում ընդգրկված են եղել նաև միայնակ տարեցները և առավել խոցելի հաշմանդամները։ Նրանց տրամադրվել է օժանդակություն հասարակական ու միջազգային կառույցների միջոցով։

Back to top button