ԿարևորՀասարակություն

«Մեր ժամանակների հերոսը» հայկական տուֆե տնակի հեղինակն է

Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում  երեկ կայացավ  «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը։  Գլխավոր մրցանակակիրը «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանն է։

Բանկային ու պետական կառավարման համակագում  երկար տարիների աշխատանքից հետո  մեր հերոսը մի օր որոշել է հրաժարվել սովորական պաշտոնյայի կարիերայից ու գնալ  ստեղծագործական երևակայության  ճանապարհով։

Հենց այդ երևակայությունից էլ ծնվել են այն խաղալիքները, որոնք երեխային սովորեցնում  են արարել։

 «Լավ է, որ ինչ-որ բանի նա հասնում է  իր ուժերով։ Պահեր են լինում, երբ նեղվում եմ՝ դե ինչի՞ համար։ Մաքուր, ակուրատնի նստում էիր բանկում, կառավարիչ էիր, հիմա կարող է այնպիսի պահ լինել, որ գաք տեսնեք փոշոտ, մտել է հաստոցների տակ, չգիտես՝ ինչ է անում։ Դե, ինչ իր դուրը գալիս է, թող անի։  Սկզբում նեղվում էի, բայց արդեն զգում եմ, որ մարդը պիտի ազատ, անկախ  լինի։ Թող անի էլի, ստիպողաբար անգամ մինիստր եթե դառնա, չէր աշխատի, ես հաստատ գիտեմ»։

Պաշտոնյայի կոկիկ կոստյումի ու փողկապի բացակայությունը Ավետիք Մարկոսյանին  այլևս չի մտահոգում։ Մեր ժամանակների հերոսի՝ Սևակ Մարկոսյանի հայրը  հասկացել է՝  սեփական երևակայության ու երազանքի հետևից գնալու որդու որոշումն այլընտրանք չուներ։ Բանկային ու պետական կառավարման համակարգում  տարիների աշխատանքից հետո կարիերայից հրաժարվելու և  երեխաների համար խաղալիքներ ստեղծելու որոշմանն այսօր արդեն  ըմբռնումով է մոտենում։ Ասում են, որ յուրաքանչյուր մեծ նպատակի արմատները տանում են մանկություն։ Գուցե Սևակն էլ այդ առումով բացառություն չէ։ Հայրը հիշում է, որ մանկական խաղալիքների հանդեպ որդին   յուրահատուկ վերաբերմունք  ուներ։

«Սևակը կյանքում խաղալիք չի ջարդել, չի փչացրել։ Շատ խելոք խաղում էր իր խաղալիքներով, հետո լավ տիրություն էր անում»։  

Այսօր նա արդեն իր խաղալիքներն է ստեղծում,  որի համար էլ առավոտյան արթնացել է՝ որպես մեր ժամանակների հերոս։  Մրցանակը,  ասում է, պարտավորեցրել է։

«Պիտի ավելի շատ աշխատենք, փորձենք նորանոր հաջողություններ գրանցել։ Աշխատում ենք անպայման արտահանման ուղղությունը զարգացնել։ Այս պահին խաղալիքները ՌԴ են արտահանվում։  Սկսել ենք արտահանել կարանտինի օրերին։ Շատ դժվար էր, բայց հաջողվեց արտահանել»։

Սկզբում միջոցները համեստ էին, փոխարենը ՝ շատ մեծ էր արտադրելու ցանկությունը։ Ու գտնվեց  լավագույն լուծումը։ Վերցրեցին հայկական տուֆն ու սկսեցին մշակել այն աստիճան, որ դառնա խաղալիք։ «Մարկոս թոյս» ընկերության արտադրած տուֆ-տուֆիկները  պարզապես խաղալիքներ չեն, հեղինակը մեծ իմաստ ու փիլիսոփայություն է ներմուծել դրանց մեջ։

«Հիմնական գաղափարն այն է, որ պետք է կառուցել։ Իսկ վերջին շրջանում  տուֆե տնակի հետ տրամադրվող սեփականության վկայականը ունի հետևյալ խորհուրդը․ մեր տան քառակուսի մետրը չափվում է սանտիմետրերով, իսկ հողամասի բնութագրում նշվում է 42 հազար քառակուսի կիլոմետր։ Դա մեր երկու պետությունների ընդհանուր տարածքն է»։

Սևակը հուսով է, որ իր հեղինակած տուֆե տնակները երեխաների գիտակցության մեջ կամրագրեն, որ իրենք են այս հողի տերը և իրենց տունն էլ այս հողի վրա պիտի կառուցեն։ Սևակ Մարկոսյանն ուսումնասիրել ու վստահորեն պնդում է՝ բնական քարերով խաղալիք աշխարհի որևէ երկրում չեն արտադրում։  «Մարկոս թոյս» ընկերության խաղալիքները բացառապես բնական հումքից են՝ քար, փայտ և այլն։ Այսօր չկա եվրոպական որևէ երկիր, որտեղ Տուֆիկը չի եղել։ Վարդագույն տուֆը շատերն  ընկալում են որպես հայկական խորհրդանիշ ու Հայաստանից տարված մասունք։ Այս մասունքը գուցե նաև Սփյուռքում ապրող հայ երեխայի հոգու հետ խոսի․ արտադրողի ոչ թաքուն երազանքն է։

«Եթե հազար երեխայից մեկի վրա ազդի տուֆե տնակը և որոշի վերադառնալ, ես կհամարեմ, որ բիզնեսում հաջողել եմ»։

Սևակ Մարկոսյանի «տուֆե տնակն» էլ  Հայաստանում  է, որտեղից հեռանալու միտք չունի ու երբևէ չի էլ ունեցել։  Իսկ տուֆե տնակներ ու մանկական այլ խաղալիքներ արտադրող «Մարկոս թոյս» ընկերությունը  Սովետական Հայաստանից մնացած Էլեկտրաապարատների գործարանի տարածքում է։ Նախկինում յոթ հազար աշխատակից ունեցող գործարանի շենքն այսօր կիսաավերակ է։

«Մենք այստեղ պարզապես վարձակալել և աշխատում ենք։ Նման լքված տարածքներ Հայաստանում շատ կան, ու կարծում եմ, որ պետությունն այստեղ անելիք ունի։ Շատ ու շատ գործարարներ տարածք են փնտրում  գործունեություն ծավալելու համար, իսկ նման գործարանների սեփականատերերը, չգիտես ինչու, մեծ վարձավճարներ են սահմանում և որևէ մեկին չեն տրամադրում»։

Գործարարի համոզմամբ՝ գույքահարկի ճիշտ քաղաքականության դեպքում հարցը  շատ արագ կլուծվի։ Իսկ ձևաչափն, ըստ նրա,  հետևյալն է․ բոլոր  լքված տարածքներում, որտեղ գործունեություն չի ծավալվում և աշխատողներ չկան, գույքահարկը պիտի լինի բարձր։  Իսկ սեփականատիրոջ կողմից վարձակալության տրվող տարածքներում, որտեղ  ձեռնարկատիրական գործունեություն է ծավալվում,  գույքահարկը պետք  է լինի անհամեմատ ցածր։

Back to top button