ԿարևորՀասարակություն

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մոտոհեծանվարշավ

Անկախության օրվան նվիված մոտոհեծանվարշավը մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի տարածքից: Մինչ մեկնարկը՝ մարզի ղեկավարը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, ապա մարզի ղեկավարն իր շնորհավորանքն է հղել ներկաներին։

Միջոցառումն անցկացվել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ, նրանց և մարզպետարանի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ:

Հեծանվարշավին միացել են նաև անհատներ, թիմեր՝ մարզի ամենատարբեր համայնքներից: «Այս հեծանվարշավը Անկախության տոնին համահունչ համախմբման, միասնական ուժի ու հաղթանակի խորհուրդ ուներ, նաև նպատակ՝ խթանելու առողջ ապրելակերպը»,- նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:

Հեծանվորդները հասել են Կոտրած եկեղեցու տարածք, ապա վերջնագիծը հատել Հայքի հրապարակում։ Կոտրած եկեղեցու տարածքում Գուգարաց թեմի առաջնորդը հոգեհանգստի կարգ է կատարել: Ներկաները թեմի առաջնորդի հետ միասին աղոթք են հնչեցրել առ Աստված, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին։

Մոտոհեծանվարշավը եզրափակվել է Հայքի հրապարակում՝ սիմվոլիկ շուրջպարով։Մոտոհեծանվարշավի կայացմանն աջակցել են Լոռու մարզային փրկարարական վարչությունը, Ոստիկանությունը, Ճանապարհային ոստիկանությունը, Շտապօգնության ծառայությունը, ՀԿ կենտրոնը, Վանաձորի արհեստագործական ուսումնարանը, Աթլետիկայի մարզադպրոցը, «Բու» լեռնահեծանվային պարկը, «Մոտոզոնա» մոտոդպրոցի թիմը, Սպիտակ համայնքի թիմը:

Back to top button