ԿարևորՀասարակություն

Ի՞նչ արժե մոտիվացիան

«Ինչպե՞ս ապրել քո ուզած կյանքով և մոտիվացվել» հարցի պատասխանն արժե մոտ 2 հազար դրամ։ Անձի մոտիվացման մասնագետ Աստղինե Խաչատրյանն արդեն տասը տարվա փորձ ունի ոլորտն ուսումնասիրելու և գիտելիքները կիրառելու հարցում։ Մարդիկ ովքեր դիմում են իրեն, կամ մասնակցում իր դասընթացներին՝ ստանում են հստակ առաջադրանքներ՝ կյանքի հմտություններ ձեռք բերելու և ավելի հեշտ ապրելու համար. ասում է՝ իր բոլոր դասընթացները մշակված են սեփական փորձի հիման վրա։

Իրականում հաջողության չհասնելը հիանալի հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու համար, և ուրեմն՝ քայլ առաջին․ ինչպե՞ս գտնել մոտիվացիա հեշտ, էժան և արդյունավետ կերպով․

«Մոտիվացիոն թրեյնինգները նախատեսված են նրա համար, որպեսզի մարդը ստանա այնպիսի պարզ տեխնիկաներ, հնարքներ, որոնց շնորհիվ կկարողանա ապրել իր կյանքն իր ուզածով։ Ես սիրում եմ այս տեսակի ոչ ֆորմալ թրեյնինգները, որովհետև մարդիկ հստակ գալիս են՝ ուզելով փոխել իրենց կյանքը։ Ես հոգեբանի գործառույթ կատարելու խնդիր չունեմ, որովհետև անձի մոտիվացման մասնագետը, այս դեպքում ես՝ տալիս եմ որոշակի առաջադրանքներ և դրանք կատարելուց հետո մարդը ինքն է եզրահանգումներ անում»։

Սթրեսից ազատվելու համար հոգեբանին դիմելու փոխարեն մարդիկ նախընտրում են գնալ որևէ դասընթացի, պատճառներից առաջինը՝ հոգեբանի մոտ գնալու չկայացած մշակույթն է։ Ձեռք բերված մոտիվացիան ամեն պահի կարող է անհետանալ, եթե խորքային հոգեբանական խնդիրը լուծված չէ։

Քայլ երկու՝ մշտապես մոտիվացված լինելու գաղտնիքը կամ ի՞նչ պիտանելիության ժամկետ ունի գնված մոտիվացիան,  պատմում է հոգեբան Արփի Մկրտչյանը․

«Հայաստանում հոգեբանին դիմելու մշակույթը կայացած չէ, բացի այդ հոգեբանին դիմելը ֆինանասական որոշակի պատրաստվածություն է պահանջում, այդ իսկ պատճառով վերջին շրջանում Հայաստանում նմանատիպ մոտիվացիոն թրեյնինգները շատացել են։ Այնքան շատ են այսպիսի թրեյնինգները, որ մասնագետների պատրաստվածության խնդիր կա, այսինքն մոդայիկ լինելը բավական չէ, մասնագետներ կան վարում են թրյենինգները, ովքեր իրենք են ընդամենը մի քանի թրեյնինգնի մասնակցել և կարծում են, որ մեկ այլ մարդու կարող են մոտիվացնել»։

Մոտիվացիոն դասընթացների մասնակցած և մոտիվացիոն գրքեր կարդացած ուսանողուհի Վարդ Մկրտչյանը հանկարծակի պարզեց, որ «Թքած ունենալու նուրբ արվեստ»-ն այնքան էլ թքած ունենալու մասին չէ։ Մոտիվացիա որոնելու ճանապարհին հասկացավ, որ իր համար լավագույն տարբերակը ինքնամոտիվացվելն է, որքան էլ գրքեր գրվեն, դասընթացավարները ուղղություն տան, այնուամենայնիվ, դու ինքդ ես քո մոտիվացիայի աղբյուրը։

Եվ ուրեմն քայլ երեք կամ ուղղակի եզրահանգում ՝ «Ինչպե՞ս ապրել քո ուզած կյանքով և մոտիվացվել» հարցի պատասխանը գտնելու համար ծախսած 2 հազար դրամը կարելի է խնայել կամ օրինակ գնել տետրեր ու գրիչ՝ որևէ նոր բան սովորելու համար․

«Մասնակցել եմ մոտիվացիոն դասընթացի, բացի այդ կարդացել եմ Մարկ Մենսոնի գիրքը և կարող եմ ասել, որ գրքում հեղինակը հակասում է ինքն իրեն, վերնագիրը՝ թքած ունենալու նուրբ արվեստն է, սակայն գրքում կան տողեր, որտեղ հեղինակն ասում է, թե մարդու համար կան կարևոր բաներ և նա չի կարող միշտ թքած ունենալ ամեն ինչի վրա։ Բացի այդ կար մի տող, որտեղ ասվում էր, թե պարտադիր մոտիվացիա է պետք ՝ աշխատանքը սկսելու համար։ Ես այդ գաղափարի հետ համաձայն չեմ, մարդը կարող է աշխատել և ընթացքում ձեռք բերել էլ ավելի լավ աշխատելու մոտիվացիա։ Ես ինքս ունեմ շատ նպատակներ և ինձ, անկախ դասընթացներից ու գրքերից, համարում եմ ինքնամոտիվացվող անձ, ինչը ամենակարևորն է»։

Անկախ ամեն ինչից, միշտ հիշել է պետք, որ 100-րդ անհաջող փորձն անգամ ավելի լավ է քան անգործությունը, որովհետև մոտիվացիան ոչ այլ ոք է, քան այն ծույլիկը, որին մի օր դուք ձեր ներսում կսպանեք և կվերածեք ոգեշնչման։

Back to top button