ԿարևորՀասարակություն

Ովքեր են 2020թ-ի «Մեր ժամանակների հերոս»-ները

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի օրը Զվարթնոցի տաճարում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետը:

«Հիմա արդեն վստահ եմ, որ մենք բոլորս ամեն տարի սպասելու ենք այս օրվան: Կարևոր է, որ մենք փառաբանում ենք մեր ժամանակների հերոսներին, մենք դրանով փառաբանում ենք մարդու ստեղծարար ներուժը: Շատ հերոսներ, մրցանակը ստանալով, շնորհակալություն են հայտնում կառավարությանը, իրականում կառավարությունն է շնորհակալ: Իհարկե, բոլորն արժանի են գլխավոր մրցանակի: Մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա մեր գլխավոր հերոսը: Մեր գլխավոր մրցանակակիրը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Իր կյանքը փոխելու անհրաժեշտություն չի ունեցել, ունեցել է աշխատանք, բայց ի վերջո որոշել է գնալ ոչ թե պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ ստեղծագործական երջանկության, գնացել և որոշել է ստեղծել խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի ստեղծել, կառուցել, արարել», — ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս տարի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը Սևակ Մարկոսյանն է:

«Խաղալիքը կառուցվել էր, որ Հայաստանից դուրս գտնվող երեխաներին հիշեցնի Հայաստանի մասին: Մենք խաղալիքի հետ տալիս ենք վկայական»,- ասել է Սևակ Մարկոսյանը՝ նշելով, որ վկայականի մեջ գրված է «տան»` հայրենիքի չափը, բայց ոչ թե 29 հազար քմ, այլ 42 հազար քմ:

Մրցանակաբաշխության սկզբում հանձնվել են երկու հատուկ մրցանակները՝ բժիշկներին և զինվորներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կատարված աշխատանքի և հակառակորդի կողմից սանձազերծված հուլիսյան հաղթական մարտերի համար։

Մեր ժամանակների այս տարվա հերոսներն են

  • Նկարիչ-դիզայներ, փոքրիկ ձեռնակություն ունեցող Արմինե Աղաջանյանը  
  • Անասնաբույժ Սուրեն Վարդանյանը
  • Արծաթագործներ Անի Սարգսյանն ու  Նարինե Եղոյանը
  • Ձեռնարկատեր, կիսաֆաբրիկատներ արտադրող Լուսինե Վարացյանը
  • Հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանը
  • Եռաչափ տպիչների ընկերության հիմնադիր Արտուր Խոջաբաղյանը
  • Կոշիկի դիզայներ Հայկ Անանյանը
  • Գյումրիում ակնոցի արտադրություն հիմնած եղբայրներ՝ Բաբկեն և Դավիթ Խաչատրյանները
  • Մասնագիտությամբ ռեժիսոր, բայց խխունջներ բուծող Վահե Հախվերդյանը
  • Մեղվաբույծ Կառլեն Ճաղարյանը
  • Սիրիահայ հրուշակագործներ, ամուսիններ Յոլանդ Հատտատն ու Ռաֆի Ռշտունին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգև է հանձնել հայտնի «Ռոբին» ռոբոտի ստեղծող Կարեն Խաչիկյանին՝ խնդրելով նրան, հաջորդ ռոբոտի անունը դնել ոչ թե Ռոբին, այլ Կարին՝ որպեսզի այն հիշեցնի պատմական Կարին քաղաքը։

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն առաջին անգամ  կազմակերպվել է անցյալ տարի՝ դարձյալ սեպտեմբերի 21-ին, բայց Գյումրիի «Սև բերդ» ամրոցում:  

Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը, մնալ Հայաստանում, բիզնես ստեղծել։

Ցուցադրել ավելի
Back to top button