ԿարևորՀասարակություն

«Կլասիկ»–ը չի միանա «գործարարին», ՀՀԿ–ն էլ կմոռանա 2015–ի գիշերը․ ներքաղաքական կյանքը ակտիվանո՞ւմ է

Հանրապետականը պատրաստ է մոռանալ նախկին ընդդիմության հետ ունեցած բոլոր տարաձայնություններն ու վեճերը և քաղաքական պայքարում համատեղել ջանքերը, բայց այսպես ձևակերպենք, «կլասիկ»–ը այս փուլում «գործարար»–ի հետ ընդհանուր եզրեր չի գտնում։ Հոկտեմբերի 8–ին փողոց դուրս կգա 3 քաղաքական ուժ՝ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններն ու տարբեր իշխանական  կոալիցիաներում եւ ընդդիմադիր տարբեր ձևաչափերում  փորձված Դաշնակցությունը։ Խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստան»–ը այս անգամ ևս փողոցին այլընտրանք է տեսնում։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այս փուլում չկա որևէ պահանջ, որ կշահագրգռի իրենց միանալ մյուսներին։

«Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, կնախաձեռնի խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց։ «Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա միանա այդ հայտարարությանը։ ԼՀԿ–ն ինքն է որոշում՝ ինչ հայտարարի և, եթե պետք լինի մեր հայտարարածի կամ որոշած բանի շուրջ կոնսոլիդացիա, մենք կնախաձեռնենք նաև հանդիպումներ, կգնանք այդ մարդկանց հետ, կհանդիպենք, կասենք այսպիսի օրակարգ ունենք, եկեք այդ օրակարգը առաջ տանենք։ Իշխանության հրաժարականի պահանջը պետք է ունենա հստակ կառուցվածք։ Օրինակ, եթե ասվում է, որ վարչապետը պետք է հրաժարական տա՝ պետք է ասեն, թե ում են ուզում, որ դառնա վարչապետ։ Որովհետև, եթե վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» դաշինքը պետք է ընտրի վարչապետ։ Ասենք, կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ։ Այսինքն՝ հստակ պետք է ասվի՝ ինչ է ուզվում։ Եթե ուզում են իշխանությունը տոտալ փոխվի, պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն՝ ամեն հրաժարական պետք է բացվի իր մեխանիզմով՝ ինչ են ուզում։ Մինչև օրս ես չգիտեմ»։

Համապետական հանրահավաքի մասին բարձրաձայնած ԲՀԿ–ից այս պահին դեռ չեն խոսում օրակարգի մասին։ Հանրահավաքի կազմակերպման ձևակերպումն ընդհանուր է։ Քաղաքական դաշտի այս թևում տեսնում են «հանրային լայն դժգոհություն» վերջին 2 տարվա ընթացքում հեղափոխական հույսերի և խոստումների չիրականացման պատճառով։ Այն դեպքում, երբ 2015–ին ԲՀԿ–ն միայնակ էր փորձում պայքարել իշխանությունների դեմ, բայց մեկ գիշերվա մեջ տանուլ տվեց Սերժ Սարգսյանի իշխանությանը, այս անգամ քաղաքական ուժը փորձում է իր շուրջը հավաքել նաև այլ քաղաքական միավորների։ Կուսակցությունից վստահեցնում են, որ այդ որոշումները քաղաքական անվստահության հետ որևէ առնչություն չունեն։

Իվետա Տոնոյան․«ԲՀԿ–ն հանրային մեծ վստահություն վայելող քաղաքական ուժ է։ Մենք խորհրդարանական ընտրություններին 100 հազարից ավելի անձանց վստահության քվե ենք ստացել և անկախ այն հանգամանքից, թե որքան է եղել մեր ընտրողների քանակը, միայն այն հանգամանքը, որ այսօր մենք ամենատարբեր խմբերի կողմից ստանում ենք աջակցության ազդակներ, այսինքն՝ այստեղ հանրային վստահության պակասի հետ կապված որևէ մտավախություն և մտահոգություն ԲՀԿ–ն չի ունեցել։ Պարզապես կա գործակցություն եռյակի ձևաչափով և մենք նպատակահարմար ենք գտել բոլոր 3 գործընկերներով միասնաբար հանդես գալու, քանի որ մեր օրակարգը միասնական է»։

Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ՝ 2015–ին Գագիկ Ծառուկյանի դեմ սուր պայքարից և անգամ պիտակավորումներից հետո նրան քաղաքական դաշտից հանելուց հետո, այսօր ընդդիմադիր դաշտում գործող բոլոր նախկին ուժերի մոբիլիզացիայի և քաղաքական գործընթացներ գեներացնելու անհրաժեշտության մասին է խոսում «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ի պատիվ մեզ ու մեր մնացած գործընկերների պետք է ասեմ, որ մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել ու կլինենք, հուսով եմ,  անցյալում թողնել մեր տարաձայնությունների ողջ ժառանգությունն ու նստվածքը, որովհետև երկրին սպառնացող խնդիրները շատ ավելի կենսական են ու կարևոր։ Քաղաքական ուժերը այսօր ընդդիմադիր դաշտում այսօր մի կարևոր խնդիր պետք է լուծեն՝ ձևավորեն հանրային կարևորության քաղաքական օրակարգ, որպեսզի սոցիալական և հասարակական դժգոհությունները, որոնք կուտակվել են երկրում, կարողանանք վերածվել քաղաքական գործընթացների»։

Իշխանական թևում հանգիստ են ընդունում համապետական հանրահավաք անելու ընդդիմադիրների որոշումը։ «Իմ քայլ»- ից պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ընդդիմադիրներն իրացնում են իրենց իրավունքները։ Պատգամավորները նաև գիտակցում են, որ հանրության մեջ կա որոշակի դժգոհության ալիք։ Ըստ պատգամավորների՝ հոկտեմբերի 8–ի հանրահավաքը անգամ օգտակար կարող է լինել իշխանական ուժի համար։

Սուրեն Գրիգորյան «Դժգոհություններ հանրությունում, իհարկե, կան և չեն կարող չլինել, որովհետև ցանկացած հանրությունում 100 տոկոսանոց կոնսենսուս բոլոր հարցերի շուրջ չի կարող լինել։ Մեզ համար կարևոր եմ համարում, որովհետև ցանկացած մեր քաղաքացու դժգոհությունը և բովանդակությունը կարևոր է, բայց չեմ կարծում, որ դա մեծ, լուրջ ծավալներ ունի»։

Ռուբեն Ռուբինյան «Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել երկու պատճառով։ Առաջինը՝ որովհետև չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի առաջացրած, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա և երկրորդն էլ՝ չեմ կարծում, որ եթե նույնիսկ այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժերն էին, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեին։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այդ 3 ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»։

Եթե քաղաքական դաշտի իշխանական հատվածը մի կողմից հանգիստ է վերաբերվում հավաքվեր անցկացնելու ազատության ընդդիմադիրների իրավունքի իրացմանը, մյուս կողմից զգուշացնում են և հիշեցնում, որ համապետական հանրահավաքը պետք է կազմակերպվի և անցկացվի հատուկ պայմաններով, քանի որ համավարակով պայմանավորված կարանտինը թելադրում է իր կանոնները։

Ցուցադրել ավելի
Back to top button