ԿարևորՔաղաքական

Թուրքիան՝ արցախյան հարցի կո՞ղմ․ Անկարայի վերջին հայտարարությունների հետքերով

Կորոնավիրուսը ռազմավարական վակուում է ստեղծել տարածաշրջանում. աշխարհաքաղաքական դաշտի խաղացողներից շատերը պասիվացել են, Թուրքիան՝ ակտիվացել։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը հիշեցնում է, որ 2010թ․ օգոստոսին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրն ըստ երևույթին ենթադրում է, որ պատերազմի դեպքում Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին։

«Թուրքիան ավելի ու ավելի շատ է ներգրավվում Արցախյան հակամարտության մեջ։ 2020թ․ փետրվարին Էրդողանն ասել էր, որ Ղարաբաղյան պատերազմին կողմ է Թուրքիան։ Այսինքն` նրանք համարում են, որ իրենք էլ են այդ տարածքները կորցրել»,– ասում է Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետը վերջին օրերին Ադրբեջանից և Թուրքիայից հնչած հայտարարությունների հետևում լուրջ սպառնալիք է տեսնում։

«Իմ կարծիքով, սրանք լուրջ սպառնալիքներ են։ Դա, իհարկե, չի նշանակում որ վաղը պետք է պատերազմ սպասենք, բայց պետք է մեր ռազմավարական հաշվարկներում ունենանք այդ հավանականությունը»,– ասում է Հրանտ Միքայելյանը։

Հրանտ Միքայելյանի կարծիքով` Ապրիլյան պատերազմից և հուլիսյան դեպքերից հետո Ադրբեջանը տեսնում է, որ մինչ այս իր վարած ռազմավարությունն այլևս աշխատող չէ։ Այսպիսով, Ադրբեջանը փնտրում է նոր ռազմավարություն, և այդ նոր ռազմավարության մեջ ներգրավում է Թուրքիային։ Նոր ռազմավարության մասին է վկայում նաև Ադրբեջանի արտգործնախարարի փոփոխությունը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ բանակցություններ չկան, դրանք դադարեցված են, և մեղադրել էր Հայաստանի իշխանություններին։

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները նույնպես անդրադարձել են վերջին օրերին տեղի ունեցող տարածաշրջանային իրադարձություններին։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ վաղ թե ուշ բանակցությունները վերականգնվելու են, քանի որ այլընտրանքը պատերազմն է։

«Հայաստանում Արցախի թեման միշտ քաղաքական շահարկումների թեմա է եղել, բայց ես ասել եմ, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ այս հարցի ոչ հայանպաստ լուծման։ Երբ Հայաստանում կլինի իշխանություն, որը կգնա այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի»,- ասում է Էդմոն Մարուքյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էլ Արման Աբովյանը խնդրին անդրադառնալուց նկատում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ և բացի հրահրելուց տանում է բավականին ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ։ Թուրքիան առաջին անգամ ոչ միայն չի բացառում իր ռազմական ներգրավվածությունն ու մասնակցությունը, այլ հստակ ուղիղ և պարզ հայտարարում է, որ ներգրաված է լինելու ենթադրվող կամ ակնկալվող պրոցեսներին։

«Մենք հասկանում ենք, որ այստեղ Թուրքիայի համար միևնույն է Ադրբեջանի դարդ ու ցավերը, բայց իր համար միևնույն չէ գեներացնել տարածաշրջանում ռազմական լարվածությունը՝ ստանալով որոշակի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և դիվանագիտական դիվիդենտներ»,– ասում է Արման Աբովյանը։

Արման Աբովյանը վստահ է` այս իրադարձությունները ստիպում են մտածել, որ միջազգային ասպարեզում, բանակցությունների սեղանի շուրջ պետք է գործել ավելի հետևողական և ավելի ագրեսիվ։

«Մենք պետք է փաստենք, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով տանում է նախապատրաստական աշխատանքներ։ Մենք պետք է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային հարթակներում բարձրացնենք այս հարցը, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում են, մեղմ ասած, ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»,– ասում է Արման Աբովյանը։

Քաղաքագետը Հրանտ Միքայելյանը վստահ է` այս փուլում կարեւոր է,  թե ինչպես կգործի արտգործնախարարությունը մեր դաշնակիցների հետ։ Այդ աշխատանքը կարող է լինել ոչ հրապարակային, բայց` արդյունավետ։

«Այսպիսով, Հայաստանը պետք է տեսնի այս սպառնալիքը և գտնի ճանապարհներ դրան արձագանքելու համար։ Դա կարող է լինել այն երկրների ներգրավմամբ, որոնք համակարծիք են մեզ հետ։ Օրինակ, Կիպրոսը, Ֆրանսիան, Իսրայելը, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ, Եգիպտոսը, Սիրիան, այդ երկրների հետ Հայաստանը պետք է վարի ակտիվ բանակցային գործընթաց, որպեսի չեղոքացնի թուրքական ակտիվությունը տարածաշրջանում»,– նշում է Հրանտ Միքայելյանը։

Եվ այսօր էլ ՄԱԿ- ի 75-րդ տարեդարձին նվիրված իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարածաշրջանում լարվածության խնդրին։

«Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ:

Դա ևս մեկ ազդանշան է առ այն, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ:

Ինչպես ժամանակին գրել է Ժան Ժակ Ռուսոն, «մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն է»,– ասված է Նիկոլ Փաշինյանի ելույթում:

Ցուցադրել ավելի
Back to top button