ԿարևորՀասարակություն

Բյուրականի աստղադիտարանի հարցը՝ պատգամավորների օրակարգում

Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցներն  օրերս հանդիպել են  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, ներկայացրել են  վերջին շրջանում աստղադիտարանում ստեղծված իրավիճակը՝ ակնկալելով  իրավական համարժեք արձագանք։  Աստղադիտարանի նախկին ու ներկա աշխատակիցներն արդեն երկու տարի դատական գործընթացի մեջ են, որն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով։   

2018 թվականին  Բյուրականի աստղադիտարանի  մի քանի աշխատակիցներ  նամակ են ուղղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին  աստղադիտարանում ֆինանսական  չարաշահումների վերաբերյալ և խնդրել, որ  նախարարությունը կազմակերպի  ֆինանսական աուդիտ։  Չարաշահումների առնչությամբ յուրացման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝  «Ռադիոլուրին»  հետ զրույցում նշեց աստղադիտարանի արդեն նախկին աշխատակից Արթուր Հակոբյանը։ Գործը, սակայն, նրա խոսքով՝ ընթացել է վայրիվերումներով։

«Եղել է շրջան, որ քրեական գործը կարճել են, որից հետո մենք բողոքել ենք, դիմել ենք գլխավոր դատախազին, նաև ԱԺ–ի գիտության, կրթության     հանձնաժողովին, և  որոշակի ժամանակ հետո գլխավոր դատախազը քննիչի կողմից   կարճման որոշումը վերացրել է, և  քրեական  գործի նախաքննությունը շարունակվել է։ Ավելի ուշ քննչական կոմիտեում նշանակել  են փորձաքննություն,  և հիմա գործն այդ փուլում է»։

Ընթացող դատական պրոցեսը կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Աստղադիտարանի  նախկին տնօրեն, այժմ փոխտնօրեն Հայկ Հարությունյանը համոզված է՝  քրեական գործի կարճումով  հաստատվել է, որ աստղադիտարանում որևէ չարաշահում չկա: Ըստ փոխտնօրենի՝ բողոքող աշխատակիցները դատարանում  պարտվելուց  հետո  դիմել են  բարեկամական կապերի օգնությանը։

«Չէ որ նրանք դատի տվեցին,  երեք ինստացիաներով էդ դատը լսվեց,   էդ ամեն ինչը դատական կարգով մերժվել է և քանի որ դատական ատյաններն իրենց օգտին որոշում չկայացրին , իրենք  որոշեցին վերադառնալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ իրենց ինչ–որ բարեկամական  թե այլ կապերին, որպեսզի իրենց միջոցով այդ հարցերը լուծեն»։

Քրեական գործի հարուցումից  հետո,  ինչպես Արթուր Հակոբյանն է ասում, բողոքող աշխատակիցների նկատմամբ աստղադիտարանի տնօրինությունը հետապնդում է սկսել․ շինծու հիմքերով ու  հիմնավորումներով տարբեր աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։ 

«Բնականաբար, ազատման պատճառն այն չէ, որ  մենք  բարձրաձայնել ենք չարաշահումների վերաբերյալ , դա ազատման իրական պատճառն է, բերվել են ազատման ձևական պատճառներ՝  օրինակ, մեկին բացակա են դրել, ազատել են, մյուսին ատեստացիա են արել, նշել են, թե չի համապատասխանում նշանակված պաշտոնին  և ազատել են։  Բնականաբար, ազատման համար իրավական ինչ–որ հիմքեր, արհեստական պատճառներ են գտել ու ազատել»։  

Ազատված բոլոր աշխատակիցները  դիմել են դատարան ․  պահանջում են առ ոչինչ ճանաչել իրենց աշխատանքից ազատելու հրամանը։  Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը մինչդեռ  պնդում է, որ  աստղադիտարանում չարաշահումներ չկան,  և որոշ մարդիկ փորձում են  վարկաբեկել աստղադիտարանի բարի համբավը։

 «Ինձ համար այդ ամենը պարզ է։ Որոշ մարդիկ փորձում են,  այսօրվա ատելությունն օգտագործելով, աստղադիտարանի  վրա  ստվեր գցել և ինչ–որ բաներ անել»։

Ազատված աշխատակիցներն օրերս  հանդիպել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի  հետ, ներկայացրել են իրավիճակը, երկու տարվա մեջ տեղի ունեցած գործընթացները։ Թե ինչպես է անցել  հանդիպումը և ինչպիսին է եղել օրենսդիրների վերաբերմունքը խնդրի առնչությամբ, հնարավոր չեղավ պարզել։ Մխիթար Հայրապետյանի օգնականը փոխանցեց, որ պատգամավորը  որոշել է մինչև հոկտեմբեր լրատվամիջոցներին որևէ հարցով  մեկնաբանություն չտալ։

Ցուցադրել ավելի
Back to top button