ԿարևորՀասարակություն

Ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. Սուրեն Պապիկյան

ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից հնչեցված սպառնալիքին.

«Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է Հայաստանի հարևան պետության ներկայացուցիչը։

Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ավելին, մի պետության, որը միջազգային հանրության առջև դիրքավորվում է որպես նրա պատասխանատու անդամ և միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ:Ինչպես պարզվեց, մեր միջազգային իրավունքի դաշտը և գործիքակազմը ամբողջությամբ հաշվի չէին առել նման սպառնալիքների առաջացումը։

Ցավոք, մինչ օրս միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ` որևէ պետության կողմից ատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, ինչպես նաև արդեն հնչած սպառնալիքներին արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար: Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ։ Հարգելի՛ պատվիրակներ​Սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը: Իր անկախությունը հռչակելուց, ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին անդամակցելուց և բարեկամական պետությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանը մշտապես աջակցում է միջուկային զենքի չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման քաղաքականությանը:

Ելնելով այս սկզբունքներից` Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցություն է հաստատել ԱԷՄԳ-ի հետ միջուկային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում` միջուկային օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ»:

Ելույթի տեքստն ամբողջությամբ` այստեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button