ԿարևորՄշակույթ

Ռաֆայել Իսրայելյանի արխիվը հասանելի կդառնա ուսումնասիրողների համար

Ալ․ Թամանյանն ու Ռաֆայել Իսրայելյանը մեկ հարկի տակ են․ թվացյալ անհնարին հանդիպման առիթը ճարտարապետ Իսրայելյանի ժառանգներն են ստեղծել։ Նրա արխիվը հանձնել են թանգարանի խնամքին։ Հերթով նայում ենք կառուցված ու չկառուցված շինությունների գծագրերին։ Բոլորը նայել չենք կարող․ թղթերը հին են, գուցե վնասենք։ Մայր Հայաստանը, Սարդարապատի հուշահամալիրը, Չարենցի կամարը գաղափարական մարմնացում են ստացել սեղանին դրված թղթերից։

 «Այս արխիվի ուսումնասիրությունը գիտնականների կողմից ճարտարապետների կողմից ավելի լավ պատկերացնել գաղափարները և  ավելի ճիշտ և լավ այդ գաղափարները տեսնել այդ գաղափարների տեղը 21-րդ դարում: Մենք հիմա ուղղակի նայում ենք և տեսնում ենք թղթերը, գծագրերը, նկարները, էսքիզները, պատկերները և ամեն մեկի հետևում մասնագետը կարող է տեսնել շատ-շատ կարևոր և լուրջ բաներ»,- նշում է Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան — ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

 «Մեր համոզմամբ, ցանկացած ազգի համար նշանակություն ունեցող անձնավորությունն իր գործերը որ անում է, անում է ողջ ազգի համար և ոչ իր ժառանգների։ Թանգարանային պայմաններում պահպանելը շատ ճիշտ է և հանրամատչելի, ուսումնասիրության նյութ կդառնա  մասնագետների, ճարտարապետների կողմից, ցուցահանդեսներ կկազմակերպվեն»,- Ռաֆայել Իսրաելյանի թոռ Արամ Ղանալանյանն է պատմում։

20-րդ դարի հայ ճարտարապետությունը սևեռվում էր մի մտքի շուրջ․ ինչպես անել, որ ստեղծված շենքերը լինեն ժամանակակից, միևնույն ժամանակ ձևով ազգային:

«Նա սովետական տարիներին մասնակցել է բազում տարբեր շինությունների մրցույթներին, բայց շատ ազգային իր բնութագրի պատճառով շատ հաղթանակ չի տարել։ Կան շինություններ, որ մենք էլ այս վերջին տարիներին նոր իմանում ենք, որ Իսրաելյանի հեղինակածն են, պաշտոնապես հրապարակված, հավաքված ինֆորմացիան շատ թերի է։ Անընդհատ ինչ- որ նոր բաներ բացահայտվում են։ Էն ժամանակվա ճարտարապետների աշխատանքները մի քիչ լուրջ վերաբերմունք չի եղել էդ ամեն ինչը շատ հստակ արխիվագրելու և ֆիքսելու»,- նշում է Արամ Ղանալանյանը։

«Իր հանճարի դրսևորումներից մեկն էլ հենց այն է, որ ինքը անընդհատ մտածում էր ազգային ճարտարապետության ժամանակակից դրսևորումների մասին և մտածում էր շատ յուրօրինակ, շատ իր ձևով: Ռաֆո Իսրաելյանի ձեռքը հնարավոր չի շփոթել որևէ այլ ճարտարապետի ձեռքի հետ»,- ընդգծում է Մարկ Գրիգորյանը:

Քարի մեջ ծաղկում է սիմվոլը, միավորում փոքր ճարտարապետական ձևերը խաչքարային արվեստին։ Ռաֆայել Իսրաելյանի ճարտարապետության մեջ ազգայինն ու համամարդկայինը փոխզիջման ու փոխլրացման են գալիս։

«Այդ ներդաշնակելու գաղափարը իր մեջ շատ ուժեղ էր, ինքը ուզում էր, որպեսզի հայերի կյանքը սովետական պայմաններում ինչ-որ ձևով լինի ներդաշնակ և ինչ-որ ձևով լինի արդարացված»,-նշում է Գրիգորյանը:

«Նաև այսպիսի միտում կա, չնայած ես չեմ հավատում, որ շատ արձագանք կգտնի, որ նոր սերնդի ճարտարապետները մի քիչ ուսումնասիրեն և ձգտեն մի քիչ էդ ոճի մեջ էլ իրականացնել, որովհետև բացառապես դրսի էդ նորագույն ոճերը, իմ խորին համոզմամբ, քաղաքը շատ աղճատեցին»,-հավելում է Արամ Ղանալանյանը։ 

Ճարտարապետական մտահղացման և ժողովրդի ընկաման մեջ երբեմն հնարավոր է տարընթերցումներ լինեն։ Մասիսի տաճարը, որի վրա չարենցյան տողերն են, մարդիկ տալիս են «Չարենցի կամար» անունը։

«Մասիսի տաճար ասելով արդյո՞ք մենք դրա մեջ տեսնում ենք ազգային էլեմենտ, թե դրա մեջ տեսնում ենք համամարդկայինը, որ անկախ նրանից, թե դու ինչ ազգության ես, Մասիսը պատվելու համար դու պիտի գաս, կանգնես ու նայես Մասիսին այդ կամարի մոտից կամ կամարի տակից: Ռաֆայել Իսրաելյանի համար սա այն միասնությունն էր համամարդկայինի և ազգայինի, որը ինքը վստահ էր և ինքը հասկանում էր որպես իսկական հայկական»,-մանրամասնում է Մարկ Գրիգորյանը:

Չարենցի կամարը

Մոտ 10000 միավորի հասնող արխիվը գույքագրելուց, վերականգնելուց և թվայնացնելուց հետո տեղադրելու են Ռաֆայել Իսրայելյանի կայքում։

«Դա էլ, որ լինի հավելյալ, շատ հարմար կլինի ուսանողների, ճարտարապետ-ուսանողների համար` նոր ուսումնասիրություն կատարելու համար։ Ու համոզված եմ` ոչ ամբողջ ծավալը, որովհետև հսկայական է, անձամբ ես էլ չէի պատկերացնի, չնայած տեսել էի բազմիցս, բաց տեղափոխման ժամանակ երևաց, թե ինչքան մեծ ծավալ է։ Հիմնական մասը հասանելի կլինի բոլորի համար, ազգի համար է Իսրայելյանը արել, ոչ թե իր ժառանգների»,-վստահեցնում է Արամ Ղանալանյանը։

Քարաշատ Հայաստանում Ռաֆայել Իսրայելյանի կառուցած շինությունները քարերի վրա են բարձրացել, քարեր են բարձրացրել, քարն իմացել, քարի պես ամրացել  ու քարի հետ են ապրել։

Back to top button