ԿարևորՀասարակություն

Հայաստան 2050. 16 մեգանպատակ, համահայկական օրակարգ՝ դեպի երազանքի հայրենիք

Մեկ շնչի հաշվով ունենալ մարտունակ բանակ, աշխարհի 10 արդյունավետ  հետախուզական  ծառայություններից մեկը,   մինչև 2050 թվականը բնակչությունը  հասցնել 5 միլիոնի, ստեղծել 1500 աշխատատեղ, աղքատությունը հաղթահարել  աշխատանքով,  Հայաստանի ներքին համախառն արդյունքը քսանապատկել,  յոթնապատկել միջին աշխատավարձը,  Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել  տարեկան  11 միլիոնի, Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր, ունենալ առողջ շրջակա միջավայրով կլիմայադիմացկուն   և էներգաարդյունավետ Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մինչև  2050 թվականը  Հայաստանի  վերափոխման ռազմավարության  տեսլականն է։

«Այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների  մասին է , այլև փոխակերպումների։Մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների գործընթաց և այդ փոփոխությունները  պետք է տեղի ունենան  բոլոր շերտերում   և բոլոր տեղերում, այդ թվում հանրային հարաբերությունների, ՀՀ կամայական երկու քաղաքացիների  հարաբերություններում այդ ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն»։

Այս փոփոխությունները հիմնված են  մեր ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա, Մատենադարանում հանդիպման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը և 2050 թվականի ռազմավարության տեսանկյունից առանձնացրեց  4 առաջնորդող   արժեքներ, որոնք  պետք է գործնական նշանակություն ունենան  այդ ռազմավարությունն իրականացնելիս։

«Հայոց պետականություն, որովհետև պետականությունը մեր միակ  գործիքն է, որ մեզ  հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ,  այսինքն ունենալ պետություն, նշանակում է ունենալ  հնարավորություն սեփական ճակատագրի վերաբերյալ  կայացնել որոշում։ Երկրորդ առաջնորդող արժեքը կրթությունն է։ Կրթությունն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները  և գտնել դրանց լուծումները։ Առանցքային  արժեքներից մյուսը անհատն է, որովհետև անհատն է միակ այն սուբյեկտը, որ ձևավորում է ընտանիք, որը մենք  համարում ենք ազգային արժեք, որը  ձևավորում է հանրություն , որը ձևավորում է ժողովուրդ, որը  ձևավորում է պետություն։  4-րդ առաջնորդող արժեքը մենք համարում ենք  աշխատանքը։  Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս  իրացնել  կուտակված ստեղծարար ներուժը»։

Փաշինյանի խոսքով՝ ռազմավարական կարևորագույն գաղափարը Հայաստանի հանդեպ միլիոնավոր անհատների վերաբերմունքը փոխելն է: Ռազմավարությունը, պետք է կառուցվի այնպես, որ Հայաստանը լինի ոչ միայն ապրելու, այլև աշխատելու ամենագերադասելի վայրն աշխարհում: Ռազմավարության  իրականացման համար վարչապետը մատնանշեց 16 մեգանպատակ։

«Կիրթ և կարողունակ քաղաքացի։ Գիտելիքի, մշակույթի,  գիտակցության , հմտությունների համատարած ներառական,  նորարարական և հանրամատչելի  զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղակիրթ, ստեղծագործող, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան  պարտականությունների ու պարևտավորությունների կատարումը, ով առաջին հերթին  ինքն իրեն է համարում սեփական բարեկեցության   և առողջության  պատասխանատուն։  Պաշտպանված Հայաստան։  21–րդ դարում  հատկապես տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել և մենք տեսնում ենք, որ  Հայաստանի նկատմամբ  տարվում է տեղեկատվական պատերազմ և  այդ թվում  Հայաստանի ներսում  գտնվող հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակների  միջոցով»։

Արդյունավետ և հաշվետու կառավարում,  առողջ և ապահով քաղաքացի,  իրավական պետություն, բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք, մշակված արտադրանքի զանգվածային արտահանում, մաքուր և կանաչ Հայաստան, տարածքային խելամիտ զարգացում,  արտադրողական և պատասխանատու ֆերմերություն, մեծ հայրենադարձություն և ինտեգրում, աշխարհի հետ կախված Հայաստան, վերականգնվող և հանրամատչելի էներգիա, գործարարների համար գրավիչ , գիտելիքահեն   և ճանաչված, հարգված ու հյուրընկալ ՀՀ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անկախության 29–րդ տարեդարձին  յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ են արձանագրելու  անկախության  100–ամյակը  նշող ՀՀ քաղաքացիները։  Իսկ դրա համար անհրաժեշտ  գաղափարական, անվտանգային, իրավական, քաղաքական, ժողովրդագրական, մշակութային և ինստիտուցիոնալ  պայմանները պետք է ստեղծվեն հիմա։

Back to top button