ԿարևորՀասարակություն

Անկախությունը սկսվում է հոգուց, այլ ոչ միայն սահմանից

Ավանդույթի համաձայն՝  անկախության  տարեդարձի  միջոցառումները սկսվել  են Եռաբլուր զինվորական  պանթեոնից։ Վաղ  առավոտից Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան   ղեկավարությունը, հոգևոր դասը   Եռաբլուր պանթեոնում  հարգանքի տուրք  է մատուցել  անկախության մարտիկների   հիշատակին։  Հետո վարչապետն իր ուղերձում  նշել է․ «Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն»։

Հայրենիքի անկախությունը հայ ժողովրդի դարերի երազանքն էր․ երազանքը կատարվում  է, երբ դրան հավատում են։ Նախագահ Արմեն Սարգսյանը  կոչն է։

Իսկ  անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այլ ոչ միայն սահմանից՝ ասում է   պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

«Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն հաղթանակներ ենք ունենալու, քանի որ մեր ցանկությունը, մեր կամեցածը միայն արդար է։ Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, անկախության երաշխավորը հայ ժողովուրդն է և նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,- ասում է Տոնոյանը: 

«Անկախության երաշխավորը  սահմանին կանգնած զինվորն է»,- շեշտում է  Դավիթ Տոնոյանն  ու անդրադառնում   լրագրողի դիտարկմանը Ադրբեջանի նախագահի այն   հայտարարության մասին, որ բանակցություններ չկան և դրանց տապալման մեջ մեղավոր է հայկական կողմը:

«Եթե չի բանակցում, ուրեմն գոյություն չունեն իր համար։ Դե բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու իրականության մեջ: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»,- նշում է ՀՀ պաշտպանության նախարարը։

Իսկ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը  այդ հայտարարությունը որակում է հուզական։

«Այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց շահերը, պաշտպանելու իրենց սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում: Վերջին անգամ մեր հանդիպումը եղել է հունվար ամսին, հետո ունեցել ենք այս իրավիճակը՝ կապված համավարակի հետ, բայց մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել, և մենք պատրաստ ենք, և երբ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, կլինեն հստակություններ, կհայտարարենք»,- ասում է Մնացականյանը:

Անկախության   նվիրված միջոցառումների շարքն ամփոփվում է նախագահական նստավայրում։ Օրվա խորհրդով  զինվորական  կոչումներ են շնորհվում  անկախության երաշխավորներին։

Back to top button