ԿարևորՀասարակություն

Անկախության շեփորը

88-ի շարժման ժամանակ մի շեփորահար կար` Աշոտ Միրզոյան: Առանց նրա շեփորի ձայնի  ոչ մի հանրահավաք չէր սկսվում: Հազարավոր մարդիկ մեկ հոգի, մեկ սիրտ էին դառնում, երբ հնչում էր նրա շեփորի ձայնը։ Խորհրդանիշ դարձած մեղեդին «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունն էր։ Տարիների հեռվից Աշոտ Միրզոյանը հիշում ու պատմում է, թե ինչպես, շեփորը ձեռքին, պատահաբար հայտնվեց Օպերայի բակում ու դարձավ անկախության խորհրդանիշերից մեկը:

«Չգիտեմ՝ ինչ ասեմ․ մի շատ թանկ․․․զգացողությունները, որ այդ շեփորի հետ ես եմ ունենում, մենակ ես կարող եմ զգալ։ Դուք չեք պատկերացնում՝ ինչ օրեր են դրանք եղել։ Մարտական գեներալ, որն անցել էր կրակի ու արյան միջով ու երևի մի կաթիլ  արցունք չի կաթացել  աչքերից, էդ շեփորի ձայնից եկել, գլուխը ուսիս դրել հոնգուր-հոնգուր լաց էր լինում։ Անբացատրելի զգացողություն է՝ մի հոգի, մի գործիք՝ առանց միկրոֆոնի, միլիոն մարդ ու բոլորին հասնում է այդ երաժշտությունը։ Ես արձագանքը նույնիսկ կողքի շենքերից էի լսում, որովհետև քար լռություն էր»։

Շեփորահար Աշոտ Միրզոյանն է, որը դարձավ անկախության խորհրդանիշերից մեկը։  88-ի շարժման ժամանակ առանց նրա շեփորի ձայնի որևէ  հանրահավաք չէր սկսվում։ Մինչդեռ՝   Օպերայի հրապարակում հայտնվել էր  պատահաբար․

«Արմինա» խումբ կար, հետո՝ «Ծիածան» խումբ կար՝ Մերգելյան ինստիտուտում, այնտեղ էի նվագում։ 88-ին հավաքվում, մեզ համար նվագում էինք, տղաներից մեկը եկավ, ասաց՝ հավաքվել են մարդիկ, ինչ-որ բան է լինելու։ Գնանք տեսնենք ինչ է կատարվում։ Գնացինք, գործիքը հետս էր, վերցրերցի, ու ստացվեց այնպես, որ այնտեղ նվագեցի»։

Հենց առաջին անգամ էլ  նվագեց այն, ինչը դարձավ 88-ի շարժման խորհրդանիշը՝ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունը։  Նրա նվագած անկախության կանչն առաջին անգամ հնչեց 88-ի փետրվարին: Հետո միշտ մարդկանց մեջ էր։ Շեփորը լսելուն պես բոլորը բռունցքները վեր էին բարձրացնում: Անկախության շեփորահարն այսօր այդ օրերը հիշում ու կարոտում է․

«Հիմա էդ բաները,  ինչքան էլ ասեք, պատմեք, մեկնաբանեք, չեն ընկալում, որովհետև դա  բառերով պատմելու չէ։ Մարդկանց սրտի մեջ էին այդ հնչյունները։ Մի ազգ էինք, մի էություն․․․ես որ նայում եմ, կարծես սա իմ քաղաքը չի, էս մարդիկ ոնց որ էն ժողովուրդը չեն։ Ես շատ հիասթափված եմ, որ մեր արածի արդյուքնում երեսուն տարվա ընթացքում լրիվ ուրիշ բան ստացվեց»։

Իսկ ինչ է նրա համար անկախությունը․ ասում է՝ արևի լույսի, մաքուր օդի նման մի բան, որը վայելում  ես, բայց անգամ չես էլ նկատում, չես մտածում դրանց մասին, այդ պահին իրականում չես էլ գնահատում։ Այն, ինչ կարծում էր՝ արժանի է հիշելու, գնահատելու, տարիներ առաջ փորձեց հանձնել  նյութին, փոխանցել  իրենից հետո եկողներին, բայց․․․

«Վեց  յոթ տարի առաջ, որ եկա, մտածում էի՝ կգնամ, հուշերս կգրեմ, մի քանի մեղեդի էլ որակով կձայնագրեմ, որ այդ պատմությունը չկորի, որ մարդիկ իմանան՝ ինչ եղավ, ոնց եղավ, բայց ոչ-ոքի դա չհետաքրքրեց»։

Թե պատմությունը ոնց եղավ, ինչ եղավ Հայաստանի պատմության թանգարանի  Երրորդ հանրապետության սրահում  պատմում է Աշոտ Միրզոյանի շեփորը, որտեղ նաև անկախության հռչակագիրն է ու Հայաստանի անկախության լուռ վկաներից ևս մի քանիսը։

Back to top button