Ստարտափ Հայաստան

Նախկին ուսուցիչը՝ ներկա ձեռներեց․ «Ստարտափ Հայաստան»

Ժամանակին Նարինեն աշխատել է որպես ուսուցիչ, երկու տարի դասավանդել է Արցախի հանրապետությունում, հետո որպես երկրորդ մասնագիտություն ընտրել է արվեստի ուղղությունը։

Մոտ ութ տարի Նարինեն նկարում է, գործում, ոչ պետքական իրերին նոր կյանք է տալիս, բայց ավելի ազատ իրեն զգում է խոհանոցում։ Տան հենց այդ հատվածում էլ Նարինեն արարում է։

Նարինեի աշխատանքային օրը շատ հետաքրքիր է սկսվում։ Օրվա մեջ մեկ երկու անգամ այստեղ այնտեղ է վազում և հերթական գլուխգործոցն արդեն համարյա պատրաստ է լինում։

Ընդեղենային կարագներ, կաթեր, բատոններ և այլ մթերքներ է պատրաստում, տան պայմաններում, մայրիկի օգնությամբ, ամեն բան ինքնուրույն են անում։

Շատ է խոսվել այն մասին, որ կորոնավիրուսը բազմաթիվ բիզնեսներ ոչնչացրեց, ու սա համաշխարհային մակարդակով։

Քիչ է խոսվում այն մասին, որ հենց կորոնավիրուսային համավարակը ստիպեց շատ մարդկանց վերջապես տեղից վեր կենալ և գործ սկսել։

Այս հակասության մեջ շատերը հաջողեցին։ Նարինեն այդ շատերից մեկն է, որովհետև հենց համավարակը ստիպեց, որ գումար վաստակելու այլ ուղիներ մտածի, և հուրախություն բոլորիս, Նարինեի ընտրած ուղին և առողջարար է և հայակական արտադրանքին զարկ տալու միջոց։

Նարինեն չի զղջում իր ընտրության համար, վաղուց է հասկացել, որ մեկ կյանք ենք ապրում, և այդ կյանքի ընթացքում պարտավոր ենք անել այն ամենն, ինչ մեզ դուր է գալիս։ Իհարկե սահմանների մեջ։

Բայց և այնպես սահմաններից դուրս գալ մեկ-մեկ պետք է։ Թողնել ամեն ինչ ու զբաղվել քո սիրած աշխատանքով և մի բան էլ դրանով գումար վաստակել, մեծ համարձակություն է պետք։

Նարինեի ու իր նման մարդկանց հաջողության գաղտնիքը երևի թաքնված է այնտեղ, որ գրեթե ամեն բան իրենք են անում և իրենցից բազաթիվ մասնիկներ են թողնում իրենց ստեղծածի մեջ, այդ ամենն ավելի տնական, մաքուր և վստահելի դարձնելով։

Գրեթե բոլորի մոտ էլ սկզբում դժվար է ստացվում, բայց մարդիկ վեր են կենում բազմոցից, միացնում իրենց բոլոր հնարավորություններն ու անցնում գործի։

Մարդիկ, որոնք դժգոհում են ֆինանսական խնդիրներից, որի պատճառով չեն կարողանում իրենց գործը սկսել, հիշեք Նարինեին, որն անգամ թղթերի փաթեթավորման դիզայնով է զբաղվում։

Նարինեի նպատակները կապված են Հայաստանի հետ։ Հենց սկզբից Նարինեն տրամադրված է եղել, որ այս բիզնեսը հաջողելու է։ Այսօր նա իր ամբողջ ժամանակը տրամադրում է իր փոքրիկ արտադրությանը, հետո, իհարկե, կսկսի մեծացնել տեսականին, որպես բիզնեսով զբաղվող անհատ էլ կսկսի արդեն խոշոր գործերով զբաղվել։

Back to top button