ԿարևորՀասարակություն

Կախովի ճանապարհ՝ գյուղից քարանձավ. ճամփորդություն համավարակի ժամանակ

160 մետր ճանապարհն անցնում եմ ճոճվելով, ոտքերիս տակ ձորն է, դիմացս քարանձավներ, իսկ ավելի խորքում եկեղեցի։ Խնձորեսկի   հանրահայտ  ճոճվող  կամրջի վրա եմ։ 2012 թվականին կառուցված կամուրջը կապում է Նոր ու  Հին   Խնձորեսկները։ Կամրջի այս կողմում նոր բնակավայրն է, մյուսում` հինը` քարանձավայինը։ Վերջին բնակիչը այս տարածքը լքել է 1985 թ–ին։

Քարանձավների մոտով շարժվում եմ առաջ, ծառերի արանքում  թաքնված է հետաքրքիր տեսքով մի աղբյուր։ Կնոջ մարմին է հիշեցնում։ Պարզվում է` նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրն է, որ ավելի հայտնի է   «Սոնայի կրծքեր» անունով։ Ըստ ավանդույթի, երբ թշնամիները  հարձակվել են  Խնձորեսկի վրա, տղամարդկանց  հետ միասին մարտի են ելել գյուղի կանայք և աղջիկները։ 

Ինքնապաշտպանական մարտերից մեկի ժամանակ զոհվել է 9 երեխաների մայրը։  Նրա հայրը՝ ուստա Օհանը, բնակավայրի կենտրոնում` Պիծի ձորում  աղբյուր է կառուցել։

Աղբյուրից  ջուրը խմում ենք ու շարժվում առաջ։ Մեր առջև 1665 թվականի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է։ Այն մինչև 1997 թ.-ը չի գործել։  Այսօր գործող եկեղեցի է, բայց անմխիթար վիճակում է։ Մուտք գործելուց անմիջապես աչք են զարնում եկեղեցու պատի տակ լցված  մեծ–մեծ քարերը։ Հետո արդեն պարզվում է, որ դրանք խորանի քարերն են, խորանը քանդվել է Ստալինի ժամանակ, քարերը մնացել են այնտեղ։

Վարդան Բուտոնցին այստեղ բոլոր են ճանաչում։ Նա անգիր  գիտի  գյուղի եկեղեցու ու  Ճոճվող կամրջի  պատմությունը։ Հյուր եկողներին էլ   պատմում է իր գիտեցածը, ցույց տալիս գյուղի հին նկարները, որը շատ խնամքով պահում է եկեղեցու դրված  պահարանում։ Հույս է փայփայում, որ եկեղեցին մի օր կվերանորոգվի։

Հայաստանի այն հազվադեպ եկեղեցիներից է, որ  խորհրդային տարիներին պահեստ չի դարձել, բայց ցանկապատի պատերն ու խորանը  քանդել են, բեմահարթակ  են սարքել և գյուղի ժողովներն են այնտեղ անցկացրել։

Վաթսունական  թվականներին խնձորեսկցիներին վերաբնակեցրեին սարահարթում կառուցված Նոր Խնձորեսկում։ Հարցնում  եմ, թե ինչո՞ւ բնակչությունը լքեց այդ բարեբեր վայրը։ Վարդանն ասում է, որ նախ` ապրելն ավելի անվտանգ էր դարձել, զավթիչներից թաքնվելու կարիք չկար, և երկրորդը` մարդիկ հարմարավետ կյանքն էին ընտրում։

Մատնացույց անելով քարանձավներից մեկը՝ հպարտությամբ ասում է`այնտեղ ապրում էր իմ տատիկը, իսկ ահա այն ժայռի տակ իմ տունն էր, որտեղ ես ծնվել  ու ապրել եմ  մինչև 8 տարեկան» ։

Տարիներ շարունակ Մխիթար Սպարապետի գերեզմանը լքված էր,  ավտոճանապարհներն  անմատչելի։ Իսկ Ճոճվող կամրջի կառուցումից հետո այդ խնդիրը  վերացել է։ Վարդանը   մասնակցել  է  կամրջի շինարարությանը,  պատմում է, որ  ցեմենտն ու ավազը ձիով են  բերել։

Դժվար  է դուրս գալ Խնձորեսկից, բայց արդեն մութն ընկել է։ Իսկ արդեն առավոտյան մենք Հին Խոտ գյուղ տանող ճանապարհին ենք։

Այն իրավամբ անվանում են «հայկական Մաչու Պիկչու», քանի որ այստեղի լեռնային տեղանքն ու բնապատկերները շատ նման են Հարավային Ամերիկայում` Պերուում գտնվող ինկերի հին քաղաքատեղիին: Մոտ 8 կմ քարքոտ ճանապարհը  ոտքով անցնելը բավականին   դժվար է, բայց Նոր խոտ գյուղի երեխաների համար Հին  խոտ գնալը դժվար չէ։ Նրանցից շատերը անցնում են այդ ճանապարհը, անգիր գիտեն` որտեղ է եկեղեցին, ջրաղացը, եթե զբոսաշրջիկների են պատահում, կարող են ուղեկցել ու պատմել հին գյուղի մասին.

Բայց մենք Հին Խոտ գնում ենք մեքենայով։ Նեղ ու դժվարանցանելի ճանապարհը մեքենայով անցնելու համար պետք է հաղթահարել վախը։ Գյուղում մնում ենք  մի քանի ժամ։ Հազարամյա կենսագրություն ունեցող  այս բնակավայրը ամուր բերդ է հիշեցնում։ Ըստ ավանդույթի` այժմ կիսականգուն եկեղեցին 17-րդ դարի   2-րդ կեսին կառուցել է Պարսից Շահ Աբասի հարեմից փախած մի հայուհի: Արմատներով Հին Խոտից մեզ ուղեկցող վարորդը պատմում է, որ խմելու ջրի պակասն էր բնակիչներին ստիպել տեղափոխվել նոր բնակավայր` այն անվանելով արդեն Նոր Խոտ։

Հաղթահարելով դժվարանցանելի 18 ոլորաները` վերադառնում ենք Տաթև։ Եկեղեցու բակում  մի  տատիկ գաթա ու խոտաբույսեր է վաճառում։ Հետաքրքրվում եմ, թե քանի տարեկան է։ Իմանալով` զարմանում, որ 96-ամյա կինը մինչեւ հիմա աշխատում է։ Նկատում է զարմանքս ու հպարտորեն ասում` իր նկարն   անգամ արտասահմանյանը  թերթերի էջերին է եղել։

Սակայն այս տարի տատիկին ոչ մի զբոսաշրջիկ  չի նկարել։ Համավարակը նրանց հեռու էր պահել Հայաստանի գողտրիկ այս վայրերից։ Բայց նույն համավարակն էր պատճառը, որ ես  կարողացա հասնել ու իմանալ Հին ու Նոր Խոտի, Հին ու Նոր Խնձորեսկի մասին։

Back to top button