ԿարևորՀասարակություն

Գերմանիայից՝ Լենինական, Հանսից՝ Յուրա, ջութակահարից՝ քանդակագործ

Ծնողները Ադոլֆ Հիտլերի հետ էին աշխատում, Հանսն  էլ  Գերմանիայում էր  ծնվել, բայց մեծացավ  Լենինականում՝ որպես Յուրա։ Ասում է՝ անտիրական  թափառական էի, ոստիկաններն  անընդհատ տանում-բերում էին, պատճառը՝ ջութակ էր նվագում՝ որտեղ պատահեր։ Ջութակահար Յուրա Ավետիսյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, այսօր էլ դասավանդում է Խ․ Աբովյանի անվան մանկարժական համալսարանում, բայց նաև քանդակագործ է, շնորհը Բարձրյալից է ստացել՝ տեսիլքով։

«Հանս Լաոբերգեր, մայրս՝ Յուլիաննա, հայրս՝ Մանֆրեդ»։

Ճիշտ եք լսել՝  Հանս  Լաոբերգեր, և սա պատմություն է նրա մասին, թե ինչպես  Գերմանիայում   ծնված Հանսը դարձավ լենինականցի Յուրա։

«Ծնողներս՝ հայրս և մայրս, սպաներ էին, Հիտլերի մոտ էին ծառայում։ Նրանք  աշխատավայրում էին, ես էլ 5-6 տարեկան երեխա, փողոցում խաղում էի։ Այդ ժամանակ ամերիկացները բոմբեր գցեցին, պայթեցրին։ Մի մարդ եկավ ձեռքիցս  բռնեց, քաշեց տարավ»։

Այդ պահին հրաշաքով հայտնված տղամարդը լենինականցի սպա Արտյոմ Ավետիսյանն էր, որն էլ տղային, ինչպես ասում է, «տավառնի» վագոնով Լենինական բերեց։ Երեխա չունեին, տղային որդեգրեցին, ու Հանսը դարձավ Յուրա՝  ի պատիվ  հայ հոր ընկերոջ։ Սակայն կյանքը նոր կորուստներ  էր նախատեսել․ վաղաժամ կյանքից հեռանում են նաև Յուրայի հայ ծնողները։ Բարեբախտաբար, արդեն ընտրել էր երաժշտության ճանապարհը։ Լենինականի երաժշտական դպրոցի ջութակի բաժինն ավարտելուց հետո  Երևան եկավ։

«Այստեղ ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան՝ անտեր-անտիրական։ Սկսեցի աշխատել, մի կտոր հացի համար պիտի պայքարեի։ Ջութակ էի պարապում, փողոցում էի անընդհատ, միլիցիան տանում-բերում էր։ Ասում  էին՝ ստեղ ինչ ես անում։ Քաշքշուկների մեջ էի անընդհատ, փողոցային էի։ Հետո ընդունվեցի կոնսերվատորիա․․․»։

Կոնսերվատորիային զուգահեռ ստիպված էր աշխատել տարբեր շրջաններում՝ Հոկտեմբերյան, Կալինինո, Սևան․․․ ասում  է՝ թափառականի կյանք… էլի։ Հետո եկավ ամուսնության պահը։ Ինչպես ծանոթացաք ձեր ապագա կնոջը հարցից հուզվում է․

«Վաայ, մի ասա։ Կոնսերվատորիայում միասին էինք, ինքը իմ դաշնակահարուհին էր, նվագակցում էր ինձ։ Ծանոթացանք․․․ լավ էր, շատ լավ էր ամեն ինչ, բայց ցավոք շուտ մահացավ, հիվանդ էր»։

Կինը մեկ աղջիկ էր պարգևել, աղջիկն էլ՝ երկու թոռ՝ տղա և աղջիկ։ «Աղջիկը իմ երկրում է, ասում է, Մյունխենում է  ապրում։  Կուզեր գերմանացի փեսա ունենալ, բայց թոռնիկն ամուսնանալու միտք դեռ չունի։  Հետաքրքրվել  ու պարզել է, որ հրդեհի արդյունքում այրվել է քաղաքի արխիվն ու ոչնչացել են նրա ընտանիքին առնչվող  բոլոր փաստաթղթերը։ Այնպես որ, ազգակիցներին  գտնելու մասին խոսք չկա, բայց Գերմանիայի հետ հոգևոր կապը երբեք չի կորցրել։  Անգամ քանդակների հավաքածուն է որոշել նվիրել  Գերմանիայի դեսպանատանը։ Իսկ քանդակներն էլ մի ուրիշ պատմություն են։ Տարիներ առաջ բուսակերության անցավ։

Դրանից հետո մինչ այդ իրեն անծանոթ հոգեվիճակներ  ունեցավ՝ տեսիլքներ , դեպքեր, դեմքեր։ Տեսիլքի մեջ տեսնում էր ինչ-որ դեմք ու հասկանում , որ կարող է ու պիտի քանդակի։ Մարդկային դեմքով քանդակների հանգրվանն այսօր շենքի բակում գտնվող  փոքրիկ այգին է, որտեղից մեկ-մեկ էլ քանդակները գողանում են։  83-ամյա Յուրա Ավետիսյանը հրաշալի մարզավիճակում է, այգում ու ամբողջ սենյակում մարզասարքեր են։ Նրա դեպքում քիչ է ասել՝  պարտաճանաչ մարզվում է։ Ձմռանը ձյան վրա երկար քայլում է՝ ոտաբոբիկ։ Հրաշալի «մարզավիճակում» է նաև հումորի զգացումը, չմոռանանք՝ լենինականցի  է։ ժամանակին նրանցից շատ բան է սովորել։

«Դե որ եկա Լենինական, այն հասակն էր, որ շատ բան կար սովորելու․  քֆուր սովորեցի շատ լավ, անեծքներ սովորեցի, շատ գոհ եմ, շատ․․․»։

Մասնագիտությամբ ջութակահար Յուրա Ավեստիսյանը դասավանդում է մանկավարժական համալսարանում ։ Վերջին տարիների ցուցանիշներից  խիստ մտահոգված է, հայերը հեռացել են ջութակի նման ազնվական գործիքից, ինչպես կասեր դասականը։

«Ես որ ընդունվեցի ինստիտուտ, մի տեղի համար  քանի՜ մարդ էր, այս տարի քննություններին մի  ջութակահար չէկավ, անցյալ տարի էլ չկար։ Դրախտային արվեստը, դրախտային գործիքն արդեն նանետ է գնում։ Նույնն էլ դաշնամուրի բաժնում է․ նախ գործիքն է դժվար ճարելը, տներից պիտի գնեն, երկրորդն էլ՝ դա էլ է պարապելու գործիք, չեն գնում»։

Մի բան էլ կա, որ 83-ամյա զրուցակցիս մտահոգում է․ թեև ամբողջ կյանքն ապրեց Հայաստանում, բայց հայ տղամարդկանց կոպտությանն ու վատ սովորություններին այդպես էլ չհամակերպվեց։

«Չեմ    կարողանում տանել, երբ տղամարդիկ փողոցում քայլելով ծխում եմ։ Մեքենա վարելիս ծխախոտը ծխում,  շպրտում են»։

Կես կատակ կես լուրջ խոսովանում է՝ կանանց հանդեպ էլ վերաբերմունքը մի բան չի։ Եվայի ցեղին ներել չի կարողանում։

«Եվան, Եվան․․․օձը խաբեց Եվային, Եվան էլ խաբեց էդ ախմախին՝ Ադամին։ Առաջ վայրկյանը մեկ սիրահարվում էի, բայց հետո էնքան փորձանքներ եկան կանանցից, ու հասկացա, որ նրանցից՝ միայն փորձանք ։

 Կանանց հանդեպ մեծ վախը, սակայն, չխանգարեց ամուսնանալ, ընտանիք կազմել։ Իսկ  ինչպես դա հաջողվեց,  հարցին  իրեն հատու կ հումորով պատասխանում է․

«Փողոցային էի, ամուսնացա, որ տուն ունենայի»։

Ցուցադրել ավելի
Back to top button