ԿարևորՏնտեսական

108 հայտ՝ Սեւանա լճում լրամշակված նոր կարգով արդյունագործական ձկնորսության համար

Այսօր մեկնարկել է Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված նոր կարգի գործարկումը։ Սեւանա լճում լրամշակված  նոր կարգով սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է երկու օր առաջ։ Շրջակա միջավայրի նախարարությունը երեկ էլ ամփոփել է ներկայացված հայտերը։ Այսօրվանից յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։ Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։

Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված նոր կարգի համաձայն՝ Սեւանա լճից մինչեւ 300 տոննա սիգ որսալու հնարավորություն է տրվում։ Ձկնորսները նոր կարգի համաձայն մտել են օրինական դաշտ։ Մինչ նոր կարգի լրամշակումը 110 հայտ էր ներկայացվել։ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը լրացավ երկու օր առաջ։ Երեկ էլ շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել են ներկայացված հայտերը։ Մեզ հետ հեռախոսազրույցում ՇՄ նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը փոխանցեց. «Թարմացված կարգով եւս 108 հայտ է ներկայացվել «Սեւան» ազգային պարկ։ Այս պահի դրությամբ այդ հայտերը ուսումնասիրման եւ մշակման փուլում են»։     

Նոր լրամշակված կարգի համաձայն հայտերը ներկայացվել են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին, որին հաջորդելու է նաեւ պայմանագրերի կնքումը Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ձկնորսությունն  օրինական կարգով իրականացնելու համար։   

«Արդեն վաղը ՇՄՆ-ի հետ կսկսվեն կնքվել պայմանագրերը եւ դրանից հետո բոլոր այն ձկնորսները կամ կազմակերպությունները, որոնք դիմել էին արդյունագործական որս իրականացնելու համար հնարավորություն կունենան օրինական հիմունքներով մուտք գործել Սեւանա լիճ եւ իրականացնել սիգի արդյունագործական որս»։

Թարմացված նոր կարգն առայժմ գործարկված չէ, քանի որ ընդունված հայտերը մշակման փուլում են՝ ասաց Դավիթ Գրիգորյանը։ Պայմանագրերը կնքելուց հետո միայն կթույլատրվի թարմացված նոր կարգով արդյունագործական որսի համար մուտքը Սեւանա լիճ։

«Ձկնորսները կամ կազմակերպությունները, որոնք դիմել են արդյունագործական որս իրականացնելու համար, դիմել են կոնկրետ չափաքանակի համար։ Այդ կոնկրետ չափաքանակի համար մինչեւ արդյունագործական որսի մեկնարկը պիտի վճարվեն  բնօգտագործման վճարները։ Դա պայմանագրի կարեւոր կետերից մեկն է, որ ձկնորսը կամ կազմակերպությունը վճարի այն քանակի համար, որի համար պայմանագիր է կնքվելու»:

Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։ ՇՄ  նախարար Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ վստահեցրել էր, որ կարգը խախտողների դեմ պայքարելու են խստորեն՝ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային ու միջնորդավորված շուկաները։

Նոր կարգում իրականացված լրացումների համաձայն՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։ Նոր լրացումներով կթույլատրվի որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։ Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։ «Բոլոր խախտումները կարձանագրվեն, իսկ որսացած ապօրինի ձկնապաշարն առգրավվելու է»։

Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 30-ը ներառյալ: Ի դեպ, ՇՄՆ-ում ակնկալում են, որ ձկնապաշարների կանոնակարգված որսի վերջնարդյունքում՝ համալիր գործողությունների և միջոցառումների իրականացման շնորհիվ հնարավոր է առողջացնել եւ վերականգել Սևանա լճի խախտված էկոհամակարգը։

Ցուցադրել ավելի
Back to top button