ԿարևորՀասարակություն

Տավուշ․ պատերազմի ու խաղաղության սահմանագծին

Տավուշի մարզում հուլիսյան  դեպքերից հետո  վարչապետի հանձնարարականով  սկսվել են  հրետակոծությունից վնասված  տների նորոգումը, ըստ անհրաժեշտության նոր տների կառուցումը,   նաև տանիքների նորացման, փողոցների և  թաղամասերի վերականգնման  աշխատանքները։  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ առաջին փուլում  վնասը  շուրջ  133 մլն դրամ էր գնահատվել ,  մինչդեռ  այժմ   454  մլն դրամի  աշխատանքներ են իրականացվում։ 

Աշունը վայելելու համար պետք է Տավուշ գնալ։ Սարյանական կտավների բոլոր գույներն այս օրերին այստեղ են։ Պատերազմի իրական վտանգը տեսնելու համար ևս պետք է Տավուշ գնալ․ սահմանապահ համայնքներ, որտեղի բնակիչների համար պատերազմը շարունակվում է արդեն  30 տարի։

Պատերազմը, սակայն, գյուղի հանդեպ սերը ոչ թե նվազեցրել, այլ ավելացրել է, իսկ սերը դեպի Չինարին  սկսվում է հենց մուտքից ՝   «Ես սիրում եմ քեզ»  ցուցանակով և գյուղի փողոցներում խաղացող երեխաների հետ զրույցներով․

«Ուզում եմ, որ Վագահնն ինձ սիրի։ Երբ կրակում են, ես գնում եմ Բերդ ՝տատիկս տուն, հետո որ վերջանում են  կրակոցները,  գալիս ենք»։

Զրուցակցիս ՝ Լիդա Չոբանյանի տունը երկրորդ անգամ է վնասվում։ Այդ անգամ էլ, ինչպես նախորդ անգամ կրակոցներն անակնկալ են սկսվել։«Գյուղն ամբողջովին կրակի տակ է, չի կարելի ասել մի տուն կրակի տակ է, մյուսը՝ չէ։ Ժամ չկա, առավոտյան, երեկոյան, գիշերը սկսում են կրակել։ Կոնկրետ ժամի չեն կրակում, որ մենք էլ մեզ հաշիվ տանք, չկա նման բան։ Կրակոցները անակնկալ են լինում»։

Այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամ, երեխաները տանը չէին․ 90–ականներին պարզապես  տանը կարող էին լինել  տիկին Լիդայի երեխաները,  այս անգամ՝ թոռները , և այսպես  արդեն  30 տարի։  Տիկին Լիդան  Չինարի հարս է եկել  հարևան Արծվաբերդից ։

«Գիտեք ոնց են սկսում՝ հեռվից են լսվում կրակոցների ձայները։ Մեկ էլ հասկանում ես, որ սկսելու են այս կողմն էլ կրակել։ Ու մտածում ես արդեն պատսպարվելու մասին։ Ես միշտ հարևանի տուն էի գնում, այդ օրը, սակայն, որոշեցի մի հարմար պատ գտնեմ ու մնամ իմ տանը։ Ինչքան ինձ հիշում եմ, կրակում են, հինգ երեխա ես ունեմ, սկեսուրս էլ  հետս ՝ մի երեխա էլ էր»։

Չոբանյանների տասը հոգանոց ընտանիքը մինչև տարեվերջ նոր տուն կտեղափոխվի․ կառավարությունն առաջինը հենց այս տան կառուցման համար 64 մլն դրամ հատկացրեց։ Ոչ թե կվերանորոգեն տունը, այլ կտեղափոխեն ավելի անվտանգ տարածք, որտեղ միայն տասը հոգանոց ընտանիքի  բնակարանը չի լինելու։ Կառուցվող տների երեխաները մեծերի հետ հետևում  են  շինարարությանը։ Աշխատանքներին անձամբ հետևում է  նաև  Տավուշի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ  Միսաք Մելքումյանը։  Շենքը սեյսմակայուն է, գուցե հայկական գյուղերի համար տիպային դառնա։ «Նկուղային հարկն ենք կառուցել, որը ապաստարան է մոտ 80 հոգու համար։ Երկու մուտք ունի, մեկը տերերի համար, մյուսը՝ հարևանների։ Վերևում տունն է, որն ունենալու է 7 սենյակ»։

Ոչ  միայն  Չինարիում, այլ նաև սահմանապահ մյուս համայնքներում իրականացվող աշխատանքներին   վարչապետի հանձնարարականով Տավուշ գործուղված խորհրդականը՝ Ռոբերտ Ղուկասյանն է հետևում, երբեմն նաև մասնակցում։ Եվ  Չինարիում, և Այգեպարում  նրան լավ են ճանաչում։

«Շատ  կարևոր է, որ երբ արկն ընկնում է, մի քանի օր անց արդեն սեփականատերը գիտի, որ  պետությունը կանգնած է իր կողքին և անում է շատ ավելին, քան ինքը կարող էր պատկերացնել»։

Սահմանապահ   Այգեպարում  ոչ միայն  վնասված տներն է վերանորոգվում, այլև ասֆալտապատվում են գյուղի փողոցներն ու փոխվում են տանիքները ։ Մի քանի ամիս  անց  այս համայնքի բոլոր տներն  արդեն միանման  տանիքներ կունենան՝ կարմիր ու առանց արկերի հետքերի ։ Անատոլի Գրիգորյանը համագյուղացիների նման   հուլիսյան օրերին  ապրել է իր սովորական կենցաղով

«Էն օրն աշխատելուց  կրակահերթ սկսեցին, փառք Աստծո, ոչ մեկին չկպավ, իջանք, հանգստացանք,  բարձրացանք նորից։ Չի կարելի սահմանը թողնել գնալ, էն դիմացը կանգնած տղաները մեզանով են էնտեղ։ Պիտի իմանան, որ իրենց հետևում իրենց երեխաներն են, քույրերը, մայրերը, որ զգոն լինեն, քանի որ իրենցից 400–500 մետր այս կողմ իրենց երեխան է քնած, իրենց մայրիկն է քնած։ Երեխաներին փոքր ժամանակից ենք սովորեցնում․ նախ ասում ենք, որ  ոչ թե կրակոցի ձայներ են, այլ  սալյուտ են խփում, ծնունդ են նշում, որ մի քիչ մեծանում են, արդեն հասկանում են, որ թշնամին է կրակում։ Կարևոր է, որ իրենք պատրաստ լինեն։ Այս անգամ մեր բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհ ու վիրավոր չունեցանք, քանի որ շատ փորձ ունեինք»։

Այգեպարում ամենաանփորձը  լրագրողներս էինք,  որ կրակոցի ձայներ լսեցինք ու անակնկալի եկանք, մինչդեռ անգամ փոքրերը շատ արագ կազմակերպվեցին ու պատերի տակով արագ տուն մտան։

51 տանիք ամբողջությամբ  վերանորոգվել է,  վեց–յոթի վերանորոգումը  կավարտվի  առաջիկա  շաբաթներին։  Տավուշի  մարզպետ  Հայկ  Չոբանյանի խոսքով՝  20–ից ավելի տուն վերանորոգվում է ։  Առաջիկա մեկ ամսում էլ փողոցներն ու ցանկապատները  կարդիականացվեն․ «Ընդհանուր առմամբ, մեր աշխատանքների ծավալը  մոտավորապես 10 հազար քառակուսի մետր տանիք, 500 քառակուսի մետր դուռ –պատուհան, 150 գծամետր պարիսպ։ Այստեղ հաշվի ենք առնում նաև անվտանգությունը»։

Անվտանգությունը հաշվի առնելով՝  կառավարությունը որոշել է այգեպարցի  2 ընտանիքի համար նոր տուն գնել ու նրանց այնտեղ տեղափոխել։ Էվելինա Հովհաննիսյանը նրանցից մեկն է։ Այստեղ ընտանիքը սեփական միջոցներով է պաշտպանվում․ աստիճանների վրա ավազե պարկեր են շարել, երկրորդ հարկ ու պատշգամբ  վաղուց չունեն։ Նոր տուն   այնքան էլ  չեն ուզում  տեղափոխվել    

«Ընդեղից  են շատ  խփում։ Առաջին տանկը մեր տանն են խփել, դրանք մոռանալու օրեր չեն։ Էս անգամ, որ տվեցին, պատուհանները ջարդեցին։ Երկրորդ հարկում հնարավոր չի ապրել։ Մեզ որոշել են տեղափոխել։ Չեմ ուզում գնամ,  50 տարի  ստեղ եմ ապրել, ո՞նց  թողնեմ տունս գնամ։

Բնակարանների գնվում են   բարեգործական միջոցների  հաշվին։ Եթե փաստաթղթային խնդիրներ չլինեն, ապա  այս ընտանիքները  նոր տարին նոր  բնակարաններում կնշեն։ Նոր, թե հին՝ կարևորը, որ սահմանապահ համայնքներում հակառակորդի արկածախնդրությունից չեն ընկրկում։ Շարունակում են ապրել ու զարգացնել գյուղերը, իսկ սահմանն ամուր է այնքան, որքան թիկունքն է ամուր։

Back to top button