ԿարևորՀասարակություն

Վրաստանը մտնում է կորոնավիրուսի տարածման «կարմիր գոտի»

Վրաստանը վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանվորված մտնում է «կարմիր գոտի»։ Աջարիան վիրուսի բռնկման ամենաթեժ կետն է։ Շրջանը չի փակվում, սակայն լրացուցիչ կարանտինային միջոցառումներ և զանգվածային ջերմաչափում է իրականցվում։ Ինչպե՞ս է Վրաստանը պայքարում վիրուսի դեպքերի կտրուկ աճի դեմ․

Վրաստանն այսօր, երբ մոտենում է կորոնավիրուսի տարածման այսպես կոչված «կարմիր գուտուն», չի պատրաստվում վերադառնալ կոշտ սահմանափակումներին։

Մոտ կես տարի՝ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո, Վրաստանը կարողացավ կանխել վարակի տարածումը՝ մինչ օրս գտնելով և մեկուսացնելով վիրուսի բոլոր օջախները։ Սակայն այսօր վիրուսի ներքին փոխանցումը խիստ արագ է տեղի ունենում։ Երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի խոսքով․

«Մենք սպասում էինք որ օգոստոսի վերջին վարակակիրների թվի կտրուկ աճ կլինի։ Պատճառներից գլխավորն ամռան ամիսներին ներքին զբոսաշրջության աշխուժացումն էր մասնավորապես Բաթումում և Քոբուլեթիում․․․ ցավոք քաղաքացիները սկսել էին չհետևել հանձնարարականներին, փակ տարածքներում դիմակ չէին կրում, չէին պահպանում սոցիալական հեռավորություն»։ 

Ոլորտի պատասխանատուն ասում է, որ հույս ունեին՝ երկրում սկզբնական շրջանում կոշտ սահմանափակումների ընթացքում քաղաքացիների ցուցաբերած բարձր կարգապահությունը կպահպանվի։ Սակայն այսօր նման խիստ արգելքների անցում չի նախատեսվում. «տնտեսությունը չի կարող կանգնել»․     

«Այսօր մեր վարքագիծն ու վերահսկողությունն այլ է։ Չի լինելու համընդհանուր լոքդաուն։ Եթե մենք գարնանն ասում էինք մնա տանը, այսօր ասում ենք՝ սովորենք կորոնավիրուսի հետ առողջ ապրել»։

Ըստ Գամկրելիձեի, սահմանափակումներ կկիրառվեն երկրի առանձին կետերում միայն, երբ վիրուսի նոր օջախներ ի հայտ կգան։   

Վերջին օրերին օրական ավելի քան հարյուր դեպք է արձանագրվում Վրաստանում, այս պահի դրությամբ հաստատված դեպքերի քանակը 3 119 է։ Վարակակիրների կտրուկ թվի աճի ֆոնին երկրում ինչպես մարտին, լարին սկսում է արժեզրկվել, իսկ որոշ ապրանքներ՝ թանկանալ։

Վրաստանի խոշոր քաղաքներում նոր ուսումնական տարին մինչև հոկտեմբերի մեկը կանցկացվի  հեռավար։

Իշխող ուժը հայտարարում է, որ երկիրն այս պայմաններում լիարժեք պատրաստ է ինչպես արագ արձագանքելու բոլոր դեպքերին, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։  Ընտրությունները նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 31-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button