ԿարևորՀասարակություն

Վիկտոր Համբարձումյանի երիտասարդ ժառանգները

Ապագայի Հայաստանը ճարտարապետ Նարեկ Պետրոսյանի աչքերով տիեզերական կենտրոն է լինելու, որտեղ անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիմնած Բյուրականի աստղադիտարանի կողքին լինելու է նաև իր նախագծած աստղադիտարանը։ Նարեկն այժմ բանակում է, ասում է՝ վերադառնալուց հետո հնարավոր ամեն բան անելու է դիպլոմայինի նախագիծը իրականություն դարձնելու համար․

«Փոքրուց հետաքրքրված եմ եղել ինքնաթիռներով, տիեզերանավերով, աստղերով և երևի թե դա է պատճառը, որ երբ պետք է դիպլոմայինի պաշտպանության թեմա ընտրեի, որոշեցի նախագծել մի կենտրոն՝ տիեզերական տեխնոլոգիաների, այցելեցի Բյուրականի աստղադիտարան և այնտեղ ամեն բան Վիկտոր Համբարձումյանին էր հիշեցնում։ Իմ նախագծով անգամ Ազգային անվտագությունից են հետաքրքրվել»։

Ապագա աստղագետ Տաթևիկ Մկրտչյանն այսօր արդեն սովորում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում, ասում է՝  ճակատագիրն է իրեն բերել է դեպի աստղագիտությունը և որ այսօր հաստատ ճիշտ տեղում է․

«Փոքրուց հետաքրքրված եմ եղել աստղերով և ծնողներս, մասնավորապես հայրիկս, խթանում էր իմ մեջ սերը ՝ տարբեր տրամաբանական հարցեր տալով, և հենց ստացվեց այնպես, որ հետո որոշեցի գնալ ֆիզմաթ դպրոց, և այսօր արդեն մագիստրատուրայում եմ սովորում և ապագա աստղագետ եմ։ Վիկտոր Համբարձումյանն ինձ վրա մեծ ազդեցություն է գործել, անգամ մտածում էի, որ սա հայկական գեն է, հպարտանում էի, որ կա հայ աստղագետ, ում ողջ աշխարհում ճանաչում են»։

ՀՊՄՀ –ի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Վարդ Մկրտչյանին պանդեմիան չի խանգարում, որպեսզի շարունակի մասնակցել միջազգային աստղագիտական մի շարք ծրագրերի և հարստացնի գիտելիքները ու լրացնել բացերը․

«Մի շարք ծրագրերի եմ մասնակցել, Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցների, այժմ սիմպոզիումի եմ մասնակցում, որպես դիտորդ, մեծ սեր ունեմ դեպի աստղագիտությունը, համալսարանում, երբ անցանք, հասկացա, որ շատ բացեր ունեմ և ինքնուրույն ամեն օր փորձում եմ լրացնել դրանք»։

Այն, որ գիտության ոլորտում աշխատող մարդիկ Հայաստանում ունեն հստակ ֆինանասկանան խնդիրներ, գաղտնիք չէ, երիտասարդ մասնագետները ցավում են, որ Հայաստանում կարևորագույն ոլորտները դեռ տեղում դոփում են, որովհետև չկա ֆինանասավորման աղբյուր, իսկ մասնագետները ՝ չունեն համապատասխան վարձատրվող աշխատանքը։

Նարեկ Պետրոսյան․ «Շատ ամոթ է, որ գիտական ներուժ ունեցող երկրում՝ Հայաստանում,  գիտնականները այսպիսի խնդիր ունեն, իմ նախագծի իրագործման դեպքում նախատեսվում է, որ հարյուրավոր մասնագետներ կունենան աշխատանք»։

Տաթևիկ Մկրտչյան․«Այժմ աշխատում եմ, որպես մենթոր և ապագայում, քանի որ կա ֆինանասական խնդիր մեր մասնագիտության հարցում, կհամատեղեմ իմ կյանքում կրթություն-գիտություն հիբրիդը»։

Վարդ Մկրտչյան․«Առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ և սիրում եմ իմ մասնագիտությունը, առհասարակ գիտնականները նվիրյալ մարդիկ են, կփորձեմ երկու մասնագիտություն ապագայում համատեղել»։

Գուցե իսկապես գան ժամանակներ, երբ Հայաստանը կլինի տիեզերական կենտրոն, աստղագետը՝ բարձր վարձատրվող մասնագիտություն և առհասարակ գիտնականը, մանկավարժը կլինեն ամենագնահատված խավը՝ որպես արագ զարգացող երկրի ամենաուժեղ խթան։  

Ցուցադրել ավելի
Back to top button