ԿարևորՀասարակություն

Մովսեսում գյուղացին պետք է ապրի այնպես, ինչպես Երևանի կենտրոնում․ կառավարության նոր աջակցությունը

Ազգային ժողովն այսօր ավարտել է լիագումար նիստերի աշխատանքը՝ ընդունելով քննարկված նախագծերը։ Հավանություն է տրվել պաշտոնյաների ծախսերի հայտարարագրում նախատեսող օրինագծին։

Աշխատանքային օրվա ավարտին պատգամավորները քննարկել են կառավարության՝ սահմանամերձ համայնքներին վերաբերող օրենսդրական առաջարկը։ Նոր լուծումներով աջակցության նոր մեխանիզմներ են սահմանվում  սահմանամերձ և  սահմանապահ գյուղերի բնակիչների համար։  

Այս ձայները մեզ գուցե ոչինչ չասեն, բայց սահմանապահ գյուղերի բնակիչները հեշտությամբ  արդեն տարբերում են, թե հակառակորդի որ կրակոցի դեպքում պետք է անհապաղ թաքստոց մտնել և որ դեպքում պետք է շարունակել առօրյա աշխատանքը։ Հատկապես Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների համար այս ձայները վաղուց արդեն սովորական են։

Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցությունը ընդլայնելուն միտված օրենսդրական փաթեթը։ Սա նվազագույնն է՝  ցույց տալու, որ պետությունն այդ մարդկանց կողքին է և հենց սահմանին նրանց ներկայության կարիքն ունի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան․

«Իհարկե, սահմանի կարևորությունը քննարկման ենթակա չէ, այն, որ մեր սահմանում բնակվող մեր հայրենակիցները մեր հենարանն ու թիկունքն են, սա նույնպես չի կարող քննարկման թեմա լինել։ Սահմանապահ համայնքների բնակիչները իրենց կեցությամբ, իրենց բարեկեցությամբ պետք է հավասարապես այնպիսի հնարավորություններ ունենան, ինչպիսիք ունենք Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Երևանում ապրող բնակիչները։ Այո, Մովսեսի բնակիչը պետք է համազոր լինի, հավասարազոր լինի Թումանյան կամ Աբովյան փողոցում բնակվող մեր քաղաքացիներին»։

2015 թվականից Հայաստանում գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը։ Սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձավճարների 50%–ի փոխհատուցման համար ամեն տարի պետբյուջեից հատկացվում  է շուրջ 800 միլիոն դրամ։ Օրենքի գործունեության ժամկետն ավարտվում է մի քանի ամսից՝  2021 թվականի հունվարին։ Կառավարությունը համաձայն է, պատգամավորներն էլ առաջարկեցին օրենքի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 3 տարով։ Բայց սա դեռ ամենը չէ․ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ հակառակորդի կրակի տակ ապրող մարդիկ լրացուցիչ աջակցության կարիք ունեն։ 2 ամիս առաջ նրանք չէին պահանջում, միայն պատմում էին, թե ում տունն է քանդվել կամ ում ունեցվածքն է վնասվել ադրբեջանցիների սադրանքների պատճառով։

Հուլիսյան դեպքերից հետո կառավարությունը գույքագրեց վնասը և սկսեց փոխհատուցումը։ Այսօր արդեն քայլերն  ամրագրվում են օրենքով։ 38 սահմանապահ համայնքների վրա տարածվելու են նոր աջակցության դրույթները։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլ»–ից պատգամավոր Սիսակ Գաբրիելյան․

 «Գործող օրենքով սահմանվում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում ու տրամադրում բնակիչներին: Նախագծով ամրագրվում է, որ եթե դա չի հանգեցրել օթևանի ամբողջությամբ կորստի, անկախ վնասվածքի չափից, պետությունը կամ պարտավոր է լինելու վերականգնել, կամ, եթե վերականգնումն անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կկառուցվի կամ կգնվի: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով: Սահմանվում է, որ սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին»:

Փոխհատուցումների չափը դեռ պետք է որոշի կառավարությունը, բայց արդեն հստակ է, որ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ համայնքներում ապրող մարդկանց վիրավորվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում միանվագ տրվող նվազագույն գումարը կլինի 1, իսկ առավելագույնը  3 միլիոն դրամ՝ կախված վնասվածքից և հաշմանդամության կարգից։ Զոհ ունենալու դեպքում ընտանիքին միանվագ կտրամադրվի 5 միլիոն դրամ։   

Սահմանամերձ համայնքները փոքր–ինչ այլ չափորոշիչներ ունեն։ Այս դրույթները վերաբերելու են  սահմանապահ գյուղերին։

«Պայմանական եմ ասում․ բուն այն փաստը, որ այդ համայնքը 1 կմ հեռավորության վրա է գտնվում հակառակորդից, դա դեռ հիմք չէ, որ ինքը ներառված է այս ցանկում։ Այս ցանկում ներառված են այն բնակավայրերը, որտեղ ցավոք սրտի, պարբերաբար լինում են Ադրբեջանի սադրիչ գործողություններ, հրետակոծություն և այլն, և այլն, այսինքն՝ չափանիշը սա է»։

Թեև նախագիծը դեռ առաջին ընթերցմամբ է ներկայացվել, բայց գրեթե հստակ է, որ այն առաջիկայում ամբողջությամբ կընդունվի։  Ընդդիմադիր խմբակցություններից նույնպես ցանկություն հայտնողներ եղան՝ լրամշակել նախագիծը մինչև երկրորդ ընթերցում ու ամբողջությամբ ընդունում։

Ցուցադրել ավելի
Back to top button