ԿարևորՏնտեսական

Խաղո՞ղն է թանկ, թե՞ գինին է էժան․ մթերողն ու արտադրողը իրար չեն հասկանում

Գինին ջազով, ֆիլմը գինով և ոչ միայն. բարձրորակ, թանկ, թե` էժան, մրգային, թե` չամչացած խաղողից․ Հայաստանն աշխարհին առաջարկելու շատ տարբերակներ ունի, մնում է միայն Coronavirus-ը չխանգարի։

Գինին առաջին անհրաժեշտության ապրանք չէ, ուստի մարդիկ համավարակի ընթացքում չէին շտապում գինու պաշարներ հավաքել։ Բացի այդ, գինին, գինի խմելը ժամանցի ձև է։ Հետևաբար, ռեստորանների, ժամանցի վայրերի փակվելու արդյունքում կտրոկ նվազեցին գինու արտահանման և սպառման ծավալները։

Հայաստանում 2019թ արտադրվել է մոտ 13 միլիոն (12.676.000) լիտր գինի։ Սովորաբար դրա 30%–ը արտահանվում է, 60%–ը սպառվում էր ներքին շուկայում, իսկ 10%–ը մնում է մառաններում։ Այս ցուցանիշը կտրուկ իջել է 2020թ․ 20% նվազել է արտահանումը, իսկ ներքին շուկայում սպառումը նվազել է 60%–ով։ Այժմ մեր մառանները լիքն են գինիներով։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը ցավով է նշում, որ սկսվել է բերքահավաքը և մթերողներն ու արտադրողները ստիպված մթերումը իրականացնում են այն ծավալով, ինչքան որ սպառվել է։ Հիմնադրամի տնօրենի կարծիքով, մթերման խնդիր չկա այս պահին։ Խնդիրը կապված է գնի հետ։

«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, եղել են դեպքեր, որ խաղողը մթերվել է 90-120 դրամով, ապա այս տարի՝ 135-155 դրամ ընկած սահմաններում։ Եվ կարծում եմ` պետք է կոչ անենք խաղողագործներին, որ քայլ անեն դեպի արտադրողները և կարողանանք այս պայմաններում գործընթացը սահուն կազմակերպել։ Արտադրողները ևս ունեն շատ խնդիրներ, քանի որ կոնյակը և գինին չի սպառվել նախորդ տարիների պես»,- ասում է Զարուհի Մուրադյանը։

Զարուհի Մուրադյանն ասում է, որ, ըստ իրենց հաշվարկների, խաղողի ինքնարժեքը կազմում է 70-90 դրամ։ Եթե համեմատենք խաղողագործության ոլորտում զարգացած երկրների հետ, ինչպիսին օրինակ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, կտեսնենք, որ  իրենց խաղողի ինքնարժեքը բավականին ցածր է։ Դա թույլ է տալիս արտադրել ավելի ցածր գնի, բայց բարձր որակի գինի։ Եթե Հայաստանը ցանկանում է մրցունակ լինել միջազգային շուկայում, պետք է ինքնարժեքը իջեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

«Ցավոք, քանի որ Հայաստանում խաղողի ինքնարժեքն է բարձր և ներկրվում են օժանդակ նյութեր, խցաններ, տարբեր նյութեր, դա նպաստում է նաև գինու գնի բարձրացմանը։ Հետևաբար, հաճախ մենք մրցակցությունից դուրս ենք մնում մեր բարձր գնի պատճառով։ Այդ իսկ պատճառով արտադրողները ձգտում են խաղողը մթերել այն գնով, որից հետո արտադրված գինին մրցունակ կլինի աշխարհում»,– նշում է Զարուհի Մուրադյանը։

Հայկական գինիների սպառման համար առաջին տեղում Ռուսաստանն է։ Սակայն այս դաշտում ևս գինու և գինի սիրողների համար խնդիրներ կան։ Եթե դուք սիրում եք, օրինակ, մրգային գինիներ, կամ հայկական հնագույն ավանդական տեխնոլոգիաներով գրեթե չամչացած խաղողից պատրաստված գինի, ապա պետք է հաշվի առնեք, որ Ռուսաստանում դա գինի չի համարվում և վաճառվելու է «Չի հանդիսանում գինի» մակնշմամբ։

«Եթե սպառողը մոտենում է և կարդում է, որ դա գինի չի, ինքը չի էլ կարդում, թե պիտակի վրա ինչ է գրված։ Արդյունքում, շատ ընկերություններ հրաժարվում են ներկրել մրգային գինիներ, քանի դեռ այդ հարցը չի լուծվել։ Մենք ակտիվ համագործակցում ենք նաև մեր ռուս գործընկերների հետ, բայց, ցավոք, խնդիրը դեռ չի լուծվել»։

Մյուս խնդիրը կապված է աշխարհագրական մակնշման հետ։ Շուտով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից կներդրվի խաղողների կադաստրային համակարգը, քարտեզագրվելու են բոլոր խաղողի այգիները, ստեղծվելու է էլեկտրոնային բազա, որտեղ կմուտքագրվի խաղող արտադրողների տվյալները․ որտեղ է այդ այգին, ինչքան խաղող է աճում։ Արդյունքում, հնարավոր կլինի բերքի կանխատեսում անել և ավելի վերահսկելի ու կանխատեսելի կդառնա բերքահավաքն ու մթերումը։

«Պետությունը չի կարող պարտադրել մթերողին, որ ինքը պետք է խաղողագործի հոգսը թեթևացնի։ Խաղողագործը պիտի ճկուն լինի, որ կարողանան արտադրողի հետ համագործակցելով հասնեն հաջողության։ Պետությունն ամեն ինչ անում է, որ երկուսի հոգսն էլ թեթևացնի, առաջարկում է վարկ մթերողին, ասում է դու միայն թե պարտք մի մնա խաղողագործին խաղողագործն էլ պետք է բարեխիղճ լինի, որ մթերողը չտուժի»,– ասում է Զարուհի Մուրադյանը։

Սրանք բոլորը քայլեր են, որոնք պետք է նպաստեն աշխարհի քարտեզի վրա Հայաստանի տեղը որպես գենեգործական երկիր ավելի ընդգծելուն։ Իհարկե, Covid–ը ծնկի բերեց որոշ ոլորտների, բայց նպաստավոր էր նաև խաղողագործության զարգացման համար։ Արտադրողներն ունեին ժամանակ նոր այգիներ հիմնելու կամ սպառողներին նոր առաջարկներ անելու համար։  40–ից ավել գինեգործական ընկերություն մշակել ու գինեսեր զբոսաշրջիկներին առաջարկում են տարբեր փաթեթներ, իսկ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից մշակված նոր ուղեցույցը կօգնի զարգացնել մեծ պոտենցիալ ունեցող գինու զբոսաշրջությունը․ գինին ջազով, ֆիլմը գինով և ոչ միայն։

Ցուցադրել ավելի
Back to top button