ԿարևորՀասարակություն

Արմավիրցի երեխաները հաղթահարում են փորձությունները՝ դպրոցում սովորելու համար

Արմավիրի մարզում նոր ուսումնական տարվա սկզբից դպրոցականները ենթարկվում են այն կարգին,  որոնք սահմանված են դպրոցում անվտանգության կանոնները պահպանելու համար: Դիմակով շնչելը դժվար է, բայց  աշակերտները ստիպված են կրում, որպեսզի կարողանան հաճախել դպրոց: Դպրոցներն ապահովված են ախտահանիչ նյութերով, ջերմաչափերով: Դասամիջոցներ չկան, փոխարենը մարմնամարզություն են անում, դասղեկի հայացքի ներքո պահպանում հեռավորություն և միմյանցից հեռու զրուցում։

Խանջյան գյուղի Արսեն Հակոբյանի անվան  դպրոցում դասամիջոցներին  մարմնամարզություն անող, դասերին մշտապես դիմակ կրող  երեխաներն ուսումնական տարվա առաջին օրերին  քիչ են դժգոհում:  Հեռավար դասերի և ամառային երկարատև արձակուրդների ընթացքում  դպրոցն ու դասընկերներին  կարոտած աշակերտները պատրաստ են հաղթահարել դժվարությունները:  Երկրորդ դասարանցիները հարցերիս խմբակային  «այո» կամ  «ոչ» բառերն էին վանկարկում՝ ցույց տալով, որ դիմակը չի խանգարում իրենց դասերին նստել ու կարդալ:

Այս դասարանում սովորում է 19 երեխա, աշակերտական նստարանները շարքերի փոխարեն տարբեր հեռավորությամբ զբաղեցրել են ամբողջ դասասենյակը՝ պահպանելով սոցիալական հեռավորություն: Լիաննա Մինասյանի դասվարական դասարանում  Մայրենի լեզվի դաս է.

«Դասարանը բաժանում ենք 2 խմբի, 1-ինը հաճախում է մի օր, 2-րդն էլ՝ մյուս օրը,  կարևորը՝ դասի են գալիս, դիմակով են դասերին նստում,  դիմակով կարդում: Շատ ուրախ են, որ եկել են դպրոց, բոլորն էլ կարոտել էին դպրոցը»:

Դասամիջոցին  դասվարը դուրս չի գալիս դասարանից և հետևում է երեխաներին՝ հորդորելով միմյանցից հեռու կանգնել ու հաճախակի ախտահանել ձեռքերը: Դասվարի և աշակերտների համար նոր կանոններով առաջնորդվելը  որոշակի դժվարություն է, բայց աշխատում են պահպանել: Դպրոցն ապահովված է ախտահանիչ նյութերով:

Շարունակում եմ շրջել դպրոցում, մտնում եմ 8-րդ դասարան,երկրաչափության դաս է, ուսուցչուհին ուսմասվար Հասմիկ Շաքրիկյանն է: Այս դասարանում սովորում է 14 աշակերտ, դասարանը չի կիսվում, և ամեն օր դպրոց են գալիս:  Փոխտնօրենն ասում է դպրոցում առկա  ուսուցումն ավելի արդյունավետ է, աշակերտներն ավելի շուտ են յուրացնում թեմաներն ու ամրապնդում, քան հեռավար դասերի ժամանակ:

«Ճիշտ է, մի քիչ դժվար է, որ երեխային չկանչեմ, տեսնեմ՝ հասկացան, թե չէ, չմոտենամ, բայց իրենք պետք է հասկանան, որ եթե ես չեմ մոտենում, չեմ ստուգում, իրենք պետք է աշխատեն, գրեն, տնայիններն անպայման կատարեն, չհասկացածներն ինձ ասեն, ես օգնեմ»:

Դասամիջոցին արագ քայլերով դասարան է մտնում դասղեկը՝ Շուշանիկ Միրզախանյանը և  մի քանի րոպեներն օգտագործում մարմնամարզություն կատարելով: Դասարանը մի քիչ ծուլանալով, մի քիչ աշխուժությամբ հետևում է դասղեկին:

Խանջյան գյուղի դպրոցում սովորում է 228 աշակերտ, 8 դասարան կիսվում է, մնացած դասարաններում սովորում է  մինչև 14 աշակերտ և նրանք ամեն օր  հաճախում են դպրոց:  Դպրոցի ներսում և  բակում կան սոցիալական հեռավորության գծանշումներ: Տնօրեն Աննա Հովսեփյանն ասում է, որ առավոտյան աշակերտները տարբեր ժամերի են գալիս, ջերմաչափում  են և ընդունում  մինչև  ժամը 9-ը.

«Սկզբից տարրական դպրոցն ենք կանչում, փոքրերն ավելի դանդաղ են քայլում, հետո միջին դասարանները, հետո՝ ավագ: 8-30-ից գալիս են դասղեկների ուղեկցությամբ, ջերմաչափվում են ու մտնում դպրոց»:

Եթե Խանջյանում տարրական դասարանների երեխաները չդժգոհեցին դիմակ կրելուց, ապա Այգեվան գյուղի դպրոցականների համար դժվարություններ կան: Այս դպրոցում երեխաները խորհրդային շրջանի դպրոցականների պես միևնույն համազգեստով էին՝ սպիտակ գոգնոցները կապած.

«Առաջինը  գիրք ենք կարդացել, հետո գրավոր ենք գրել, բայց գրատախտակի մոտ չենք գնացել, չեն թողնում, որ մենք իր մոտ գանք: Դիմակներով չենք ուզում դասի նստել, շոգ է: Օրինակ, որ ես դնում եմ, մի քիչ հետո իջեցնում եմ, քիթս բացում, որ շնչեմ, Դասամիջոցներին դուրս չենք գալիս»,- ասում է 2-րդ դասարանցի աղջիկը, ով այդ պահին թույլտվությամբ պետքարան էր գնում:

Կրտեսր դպրոցի աշակերտները դժվարությամբ են պահում դիմակները, դասարանների դռներն ու պատուհանները բաց են, օդափոխվում են, բայց երեխաները մի կերպ են համակերպվում դիմակներին:

Դասամիջոցներին դպրոցի միջանցքներն ու բակը հանգիստ էր, չկար նախկին աղմուկն ու աշխուժությունը, երեխաների բղավոցը, վազքն ու հրմշտոցը: Կորոնավիրուսը շատ բան է փոխել դպրոցականների կյանքում: Դպրոցում չեն շփվում, իսկ բակերում միասին քայլում են, զրուցում ու խաղում:

Ցուցադրել ավելի
Back to top button