ԿարևորՀասարակություն

Տեխզննման կտրոնի փոխարեն` իրական տեխզննում

Մինչ ավտոմեքենաներն ամեն տարի պարտաճանաչ վճարում և տեխզննման կտրոն են ձեռքբերում, վթարների մի մասը տեղի է ունենում հենց մեքենայի անսարք լինելու պատճառով: Օրենսդրական նոր փոփոխության նպատակը տեխզննումը ձևականից գործնական դաշտ տեղափոխելն է լինելու։ Ըստ նոր փոփոխության`մեքենաներին այլեւս տեխզննման կտրոններ պետք չեն լինի: Զննումը կգրանցվի էլեկտրոնային եղանակով, ամեն ինչ կպահվի Ոստիկանության տվյալների բազայում: Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծն այժմ խորհրդարանում է։

Վարորդների համար անհասկանալի է՝ ինչու են ամեն տարի որոշակի գումար մուծում մեքենայի տեխզննության համար, եթե իրականում մեքենան որևէ մեկը չի ստուգում, կտրոնն էլ տրամադրվում է առանց մեքենան ներկայացնելու։ Անվտանգ մեքենա ունենալու մասին հավաստագիր ստանալու համար բավական է այցելել թաղապետարան, բանկում համապատասխան մուծում անել, վերջում էլ կտրոնը խնամքով փակցնել մեքենայի դիմապակուն։ Փաստորեն՝ տեխզննման կայանների փոխարեն այս գործն ամբողջությամբ իրենց վրա են վերցրել համակարգի հետ որևէ կապ չունեցող ՏԻՄ- երը։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ վթարների մի մասը տեղի է ունենում հենց մեքենայի անսարք լինելու պատճառով, նկատում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակով՝ օրենսդրական նոր նախաձենությամբ տեխզննումն այլևս ձևական բնույթ չի կրելու։ Ըստ նոր փոփոխությունների՝ տեխնիկական զննություն անցած կամ չանցած մեքենաների վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կփոխանցվի ոստիկանությանը և կպահվի ոստիկանության տվյալների բազայում:Բացի այդ, կփոխվեն նաեւ տեխզննման կանոնները:

«Կփոխվեն նաեւ տեխզննման կանոնները: Այդպես, առաջին անգամ ավտոմեքենան զննման պետք է տարվի արտադրության չորրորդ տարում, այնուհետեւ՝ մինչեւ 10 տարի` երկու տարին մեկ, իսկ 10 տարի անց` տարին մեկ անգամ: Հասարակական ուղեւորափոխադրումների տրանսպորտային միջոցները պետք է ստուգվեն տարին մեկ անգամ մինչեւ 10 տարի եւ տարին երկու անգամ` 10 տարի անց»:

Տեխնիկական զննման սակագները հաշվարկելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ առաջարկելու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության քննարկմանը:  Տեխնիկական սպասարկում չանցնելու համար սահմանված է 20 հազար դրամ տույժ։ Մեքենան, որում տեխնիկական  անսարքություններ կհայտնաբերվեն, այլևս ենթակա չէ  շահագործման, մինչև դրա վերացնելը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ողջունում է նախաձեռնությունը, սակայն միաժամանակ նկատում է, որ մեքենաների վարորդներին պետք է որոշակի ժամանակ տրվի թերացումները վերացնելու համար։

Իհարկե կան հարցեր, որոնք դեռ քննարկման և հստակեցման կարիք ունեն։ Ուստի նախարարությունն ու խորհրդարանականները կքննարկեն ու կորոշեն, թե որքան ժամանակ է տրվելու վարորդին անսարքությունները վերացնելու համար։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում 39 կետում կա 50 տեխզննման ստենդ, որոնք գտնվում են Երեւանում եւ գրեթե բոլոր մարզերում։ Միայն արգելակնե՞րն են ստուգվելու, թե՞ մեքենան ամբողջական տեխզննում է անցնելու ամենայն խստությամբ, սա ևս ամենաքննարկվող հարցերից է։ Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը կարծում է, որ սկզբի համար առավել իրատեսական  կլինի արգելակների ստուգումը։

Ի դեպ՝  խիստ տույժեր են սահմանվում նաև տրանսպորտային միջոցի զննման ժամանակ ցուցաբերված անփութության համար: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է, որ ավտոմեքենան լուրջ խախտումների առկայության դեպքում լավ վիճակում է ճանաչվել, ապա ստուգման կետը կտուգանվի 1 միլիոն դրամով: Եթե ​​մեկ տարվա ընթացքում խախտումը կատարի երկրորդ անգամ, ապա այն կզրկվի լիցենզիայից 6 ամիս ժամկետով, իսկ եթե երեք անգամ, ապա տեխզննման կայանը ամբողջությամբ կզրկվի գործունեության արտոնագրից:

Back to top button