ԿարևորՀասարակություն

Մուսա լեռան ավանդական հարիսան՝ տանը․ կորոնավիրուսը փոխել է հերոսամարտը տոնելու ձևը

105 տարի առաջ Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանությունը թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ պատմության մեջ մտավ որպես Մուսա լեռան հերոսամարտ ։ Սեպտեմբերի 13-ին՝ ինքնապաշտպանությունը սկսելուց 53 օր անց, ֆրանսիական 5 նավերը սկսեցին հայերի տարհանումը, 4000-ից ավելի մուսալեռցիներ տեղափոխվեցին Եգիպտոս՝ Պորտ Սայիդ:

Հերոսամարտի ընթացքում թուրքերն ունեցան մի քանի հարյուր, որոշ աղբյուրների վկայությամբ՝ գրեթե հազար զոհ, իսկ հայերն ընդամենը 18։ Հերոսամարտին նվիրված տոնի առիթով ավանդական հարիսայի  հարյուր և ավելի կաթսաների փոխարեն այս տարի մուսալեռցիները խորհրդանշորեն կպատրաստեն հենց 18-ը՝  ի հիշատակ Մուսա լեռում զոհված հայերի։ Տոնի խիստ սահմանափակումներն այս տարի պայմանավորված են համավարակով։

1915-ին Մուսա լեռան հայտնի իրադարձություններից հետո տարագրված մուսալեռցիներից շատերը հաստատվեցին Սիրիայի և Լիբանանի սահմանում գտնվող Այնճարում, իսկ 1946-1947 թվականներին  հայրենադարձության ժամանակ մոտ 650 մուսալեռցի ընտանիք տեղափոխվեց Հայաստան: 1972 թվականին Գինեվետ ավանը վերանվանվեց Մուսալեռ, ավանի տարածքում կառուցվեց Մուսա լեռան ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան, դրա հարևանությամբ էլ ստեղծվեց թանգարան:

Հենց այս տարածքում էլ ամեն տարի մեծ շուքով, զոռնա-դհոլով ու ավանադական հարիսայով  տոնում ենք Մուսա լեռան հերոսամարտում տարած մեր հաղթանակը։ Հերոսամարտի հոբելյանական 105-րդ տարեդարձն այս տարի կնշվի ավելի համեստ՝ պայմանավորված համավարակով։ «Մուսա լեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը կոչ է անում տոնի օրը՝ սեպտեմբերի 20-ին չայցելել  հուշարձան։

«Մեր խնդրանքը, հորդորը և կոչը․ որպեսզի տոնը կայանա, մեր հայրենակիցներին կոչ ենք անում կիրակի օրը կեսօրի ճաշին պատրաստել հարիսա և ընտանիքով կամ էլ փոքր խմբերով, որքան թույլ է տալիս օրենքը, նշել հերոսամարտի օրը։ Հուշարձան այցելելու կարիք չկա, որովհետև բոլորովին այլ ձևաչափով է կազմակերպվելու, նույնիսկ հնարավոր է, որ ոստիկանները  թույլ չտան բարձարանալ»։

Տոնի ավանդույթը չխախտելու համար սահմանափակ թվով մարդկանց այց՝ հիմնականում պաշտոնական պատվիրակությունների, այնուամենայնիվ, նախատեսվում է։ Հուշարձանի տարածքում գտնվող հարիսատանն էլ  կտարածվի հարիսայի բույրը, բայց հարյուր կաթսայի փոխարեն խիստ սահմանափակ թվով։

«Ավանդաբար հարյուր կաթսա ենք պատրաստում, նախկինում ավելի շատ էինք  անում,  բայց 100-ամյակին որոշեցինք պահպանել 100 թիվը։ Այս տարի կպատրաստենք 18 կաթսա՝ ի պատիվ  հերոսամարտի 18 զոհերի»։

«18-ը զուտ զոհերի թիվը չէ, այլ հաղթանակով պսավկած պայքարի խորհրդանիշը։ Մուսա լեռը վառ ապացույցն է այն բանի, որ մենք միշտ հաղթում ենք, երբ պայքարում ենք»,-ասում է «Մուսա լեռ» հայրենակցական միության նախագահը։

«Վեց գյուղերի ամբողջ բնակչությունը չէր, որ բարձրացավ լեռը։ Իհարկե, մեծ մասն էր, բայց  մի մասն էլ բռնեց գաղթի ճանապարհը։  Վերջինների կեսը չվերադարձավ, իսկ Մուսա լեռան վրա պայքարողներից ընդամենը 18-ը զոհվեց։ Այսինքն՝ ով պայքարեց, հիմնականում փրկվեց»։

Փրկվածների մեջ Պերճ Ղազարյանի հարազատներն էին նաև։ Պապը՝ Մուխթարը, լեռան շրջակայքում գտնվող վեց գյուղերից մեկի՝  Քեբուսիեի   գյուղապետն էր։ Մուսալեռցիների հերոսական պատմությունը բերնեբերան ու նաև արյան միջոցով մուսալեռցիների սերունդներին է փոխանցվում։  

«Նրանց պատմությունները մեծ նստվածք են թողել մեր սերնդի մեջ։ Մեր երեխաներն էլ շատ հետաքրքրված են։ Իմ երեխաները, ովքեր  շփվել են տատիկի հետ, այնպիսի բաներ են հիշում նրա պատմություններից, որ ես անգամ չեմ հիշում։ Մուսալեռցիները  շատ սուր արտահայտված պետականության զգացողություն ունեն և հանրային գործունեությունը  առաջնահերթ են դարձրել միշտ։ Եվ դա կարծեք մեր սերնդին էլ է փոխանցվել»։

Նախկինում Գինեվետ, ներկայում Մուսա լեռ համայնքում  տոնը նշվում է գրեթե բոլոր ընտանիքներում ։ «Հերոսամարտի օրվան միշտ էլ սպասում ենք սիրով, ոգևորությամբ»,-ասում է համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը՝ միաժամանակ նկատելով․

«Խորհրդային տարիներին  ավելի ոգևորությամբ էինք նշում, երևի մարդիկ էլ էին շատ, բոլորը գալիս էին։ 100-ամյակից այս կողմ  ակտիվությունը էլ ավելի նստել է»։

Համայնքապետի տվյալներով՝  Մուսա լեռ համայնքում  բուն Մուսա լեռից գաղթած ընդամենը տաս ընտանիք է ապրում։ Մեծ մասը Հայաստանի տարբեր շրջաններից եկածներ են։ Բայց ապրելով Մուսա լեռում`  բոլորս էլ մուսալեռցի ենք դարձել, տոնն էլ բոլորինս է` ասում է համայնքապետը։ Հայաստանում բնիկ մուսալեռցիների իրական թիվը պարզելու համար  70-ականներին գյուղի հիմնադիրները մարդահամար են իրականացրել, նույն նպատակն է ունեցել «Մուսա լեռ» հայրենակցական միությունը 2004 թվականին։ Միության նախագահ Պերճ Ղազարյանի խոսքով՝ իրականում  մուսալեռցիների թիվը Հայաստանում շատ չի փոխվում՝ շուրջ 6000 հոգի։ Արտագաղթողների փոխարեն, փառք Աստծո, ծնունդներն են շատ լինում։ Մուսալեռցու  ընտանիքը երեխաներով միշտ հարուստ է։ 

Back to top button