ԿարևորՀասարակություն

Երևանում պայթյունից տուժած շենքի բնակիչների համար պետությունը բնակարաններ կգնի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործունեության պայմանները։ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում դրանք կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից պետք է ուղիղ գծով հեռու լինեն առնվազն 150 մետր։ Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունը բյուջեի վերաբաշխում իրականացնելով կավարտի 2014 թվականին մեկնարկած Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կիսատ մնացած աշխատանքները։ 152 մլն դրամ կհատկացվի այդ նպատակով։ Կառավարությունն այսօր որոշել է նաեւ փոխհատուցում հատկացնել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերից մեկում օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլված բնակարանների տերերին։ Որոշ մանրամասները՝ Կարեն Ղազարյանի փոխանցմամբ։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի 1 հասցեի շենքում 2020 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլված բնակարանների տերերը փոխհատուցում կստանան։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց  ՀՀ կառավարության նիստում։ Այն ներկայացրեց Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը։ Պատահարի արդյունքում 12 սեփականատերերի կտրամադրվի աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար։

«Կադաստրի կոմիտեի և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի կողմից տրամադրված տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին աջակցելու չափը` հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսն ու Կադաստրի կոմիտեի հուլիս ամսվա տվյալները, շենքի գտնվելու գոտում բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ արժեքը, այն է` 333 000 դրամ»։   

Խնդրի լուծման համար կառավարության պահուսային ֆոնդից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվում է ընդհանուր առմամբ շուրջ 182 մլն դրամ։ Վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը վերապահված է այդ նախարարությանը։ Աջակցությունը կտրամադրվի բնակարանների սեփականատերերին։ Եթե տուժած բնակիչները որոշեն ավելի թանկ բնակարաններ գնել, ավել գումարը պետք է վճարեն սեփական միջոցներից կամ՝ հիփոթեքային վարկ ձեւակերպելով։ 

«Շահառուները կարող են ձեռք բերել նաեւ աջակցության չափից ցածր արժեքով բնակարան, որի պարագայում գումարի տարբերությունը մնում է աջակցություն ստացողին, եւ վերջինս այն տնօրինում է իր հայեցողությամբ»։  

Մինչ այդ, հիշյալ բնակարանների բնակիչներին պետությունը հատկացրել էր վարձակալության վճար՝ նրանց նույն թաղամասում ապահովելով վարձով բնակարաններով։ Այս մասին հետաքրքրվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան՝ վարչապետի օգնական Հայկ Սարգսյանը տեղեկացրեց. «Թվով 11 ընտանիքների ապահովել ենք վարձով բնակարաններով նույն թաղամասում, իսկ մինչեւ վարձով բնակարան ստանալը նրանց մեծ մասը անցկացրել են հյուրանոցներում, որտեղ ապահովվել են նաեւ անվճար սնունդով»։ 

Բնակարանների գնման վկայագրերի տրամադրումից հետո վարձի գումարներն այլեւս կառավարությունը չի հոգալու՝ տեղեկացրեց վարչապետը։

Հարցի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքվեց, թե ի վերջո, ի՞նչն է եղել պայթյունի պատճառն ու ում մեղքով է տեղի ունեցել։ Ի պատասխան՝ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում։ Վարչապետ Փաշինյանն էլ շեշտեց, որ  մեղավորներին բացահայտելուց հետո նրանց հնարավոր կլինի նաև վնասի փոխհատուցման պահանջ առաջադրել։

Նշենք, որ միջադեպի հետևանքով բնակիչներից մեկը՝ 58-ամյա Արթուր Ղազարյանը, մահացել էր, երկուսը՝ 71-ամյա Սվետլանա Սահակյանը և 41-ամյա Էդգար Մարգարյանը, հոսպիտալացվել էին: Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ Էդգար Մարգարյանը նույնպես մահացել է հիվանդանոցում։

Շենքի փլուզման հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի մի քանի մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը և անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):

Back to top button