ԿարևորՀասարակություն

Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։

ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տարածք է հատկացրել Սիմոնյան կրթական հիմնադրամին։

Զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին և կավարտվի երկու տարվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։

Սա կլինի ԹՈՒՄՈ ծրագրի տրամաբանական շարունակությունը և հնարավորություն կտա բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM հմտություններ։

Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից, հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։

Նոր համալիրը միաժամանակ կհանդիսանա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի իրականացումն համահունչ է բարձրագույն կրթության ոլորտում ԿԳՄՍ նախարարության որդեգրած ռազմավարությանը, որը ենթադրում է միջբուհական համագործակցության ակտիվացում, բուհերում հետազոտական ծրագրերի ավելացում։

Շուրջ 15000 մ2 մակերեսով հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ․ բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով։

Back to top button