ԿարևորՀասարակություն

Նոր նախակրթարաններ Արմավիրի մարզի 6 համայնքում

Նոր ուսումնական տարում  Արմավիրի մարզի Արաքս, Ամասիա, Խանջյան, Բագարան, Այգեվան և Դաշտ համայնքների հանրակրթական դպրոցներում բացվեցին նախակրթարաններ: Այս համայնքերում չկան մանկապարտեզներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում լրացրել է բացը և  հանրակրթության բարելավման նպատակով նախաձեռնել  նախակրթարանների կառուցումը, որին ֆինանսապես աջակցել են նաև  համայնքապետարանները:  Ընդհանուր թվով մարզում գործում է 51 նախակրթարան:

Փուչիկներով, ժպտուն ու մի քիչ էլ խոնավ աչքերով  մայրիկների ձեռքը պինդ բռնած երեխաները սպասում էին նախակրթարան մտնելուն, բայց կարմիր ժապավենները թույլ չէին տալիս: Երեխաները չգիտեին, որ իրենք պետք է կտրեին  խորհրդավոր կարմիր ժապավեններն ու մտնեին նկարազարդ այն սենյակները, որտեղ բացվում է հեքիաթային  աշխարհը: Կարմիր  ժապավեն կտրելը  մշակույթի յուրացման առաջին քայլերից մեկն էր.

«Ես եկել եմ դռպոց, եկել եմ սեվերեմ, գրեմ»

«Էսի կապույտ գույն է(մանուշակագույն), էսի սպիտակ (դեղին)»

«Շատ ուրախ ենք, որ մեր գյուղում նախակրթարան է բացվել, մանկապարտեզ չունենք, երեխաները համ փողոցից են կտրվում, համ էլ կրթություն ստանում: Շատ լավ է»:

Գույները չտարբերող երեխաների կյանքը մեկ ամսում կարող է միանգամից փոխվել, մանկապարտեզին փոխարինող նախակրթարանների աշխատանքն ուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացվածությանը: Աննա խաչատրյանի համար նոր ուսումնական տարին սկսվեց Ամասիայի նախակրթարանից, Ալաշկերտի դպրոցից է տեղափոխվել.

«Նախակրթարանը մեծ արժեք ունի գյուղի համար, քանի որ երեխաները դպրոց են գնացել ոչ մի կարգ ու կանոնի չտիրապետելով: Երեխաներն արդեն պատրաստված կմտնեն դպրոց՝ տառաճանաչ, գրաճանաչ, խոսքի զարգացմամբ, որոշակի գիտելիքներ տիրապետելով»:

«Կրթության բարելավում» ծրագրի բաղադրիչներից մեկը մինչև դպրոց գնալը երեխաների պատրաստվածության բարձրացումն  ու կրթության հավասար մեկնարկային  հնարավորությունների ապահովումն է: Այս ծրագրի շրջանակներում նախակրթարանների մանկավարժները վերապատրաստվել են և ձեռք բերել հմտություն  նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու համար: Այգեվանի նախակրթարանի ուսուցչուհի Սուսաննա Կարապետյան. «Առցանց 8-օրյա վերապատրաստման դասընթացների եմ մասնակցել, որը կազմակերպել էր մանկավարժական համալսարանը: Երեխան պետք է պատկերացում կազմի գույների, երկրաչափական պատկերների մասին, տարբերի մեծը փոքրից, բարձրը ցածրից»

Արաքս գյուղի նախակրթարանի սաներին կարմիր ժապավենից այն կողմ անակնկալ էր սպասվում,  աթոռների թիկնակներին իրենց նկարներն  էին  փակցրել,  սեղաններին էլ նվերներ դրել: Նախակրթարանը Արմինե Մագոյանի մանկավարժական գործունեության առաջին փորձությունն է:  Բացման օրը երեխաներին համագյուղացի սպայի մայրը նվիրեց զինվորական կազմով կտակարաններ:  Ծոռի՝ Տիգրանի ձեռքը բռնած Արաքսի նախակրթարան էր հասել նաև գյուղի միակ վետերան 99-ամյա  Միսակ Վարդանյանը:

«Ես գյուղում միակ ամենամեծ պապիկն եմ, ասեցի՝ ծոռնիկիս ձեռքը բռնեմ, տանեմ նախակրթարան»

«Ամեն մարդու բախտ չի վիճակվում այս տարիքում թոռանը տանի մանկապարտեզ, թեպետ ես էլ եմ թոռներիս բերել»,- ասում է հարևանությամբ կանգնած դեռ 70-ը չբոլորած տատիկը:

Նախակրթարաններն ունեն սանհանգույցներ, ջուր, ապահովված են ախտահանիչ նյութերով: Գյուղական դպրոցների մեծ մասը զրկված է խմելու ջրից, իսկ սանհանգույցներն էլ գտնվում են շենքից դուրս: Այս ծրագիրը շահավետ էր Արաքս գյուղի Զորիկ Ավետիսյանի անվան  դպրոցի համար և համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ դպրոցը ջուր ունեցավ: Տնօրեն Կարինե Բարսեղյանի համար դա երազանք էր.

«Ես, իրոք, շատ հիացած եմ, շատ ոգևորված եմ, թեպետ ես և ընկեր Կարապետյանը շատ-շատ չարչարվեցինք, որպեսզի կյանքի կոչենք այս գեղեցիկ կրթօջախը, նախակրթարանը, որովհետև մեր խնդիրները չափազանց շատ էին: Դպրոցը չուներ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ: Օգտվեց նաև դպրոցը, ունեցանք ջրամատակարարում և ջրահեռացում»:

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախակրթարանների  հիմնան գործում  մասնակցություն ունեն նաև համայնքները: Ծրագրի արժեքը միայն դրամաշնորհով չի ձևավորվել, պայմանը նաև համայնքի առնվազն 25 տոկոս ներդրումն է: Բայց Արաքսի դպրոցում համայնքապետարանի ներդրումը  գրեթե հավասարաչափ էր:  Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն ասում է, որ իրենց ընտրած համայնքներն ուսումնասիրել են նաև  «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հետո հաստատել ծրագիրը.

«Ի սկզբանե մենք ներկայացրել էինք այն համայնքները, որտեղ չկա և նախակրթարան, և մանկապարտեզ: Եվ դրանից հետո ծրագրերի իրականացման կենտրոնը իրականացրել է ուսումնասիրություն, վերլուծություն և հետազոտություն, որի արդյունքում ընտրվել էին այս համայնքները: Նախակրթարանները իրականացվել են համայնքի և պետական բյուջեի, այսինքն՝ ծրագրերի իրականացման կենտրոնի համաֆինանսավորմամբ: Այստեղ մտել է ոչ միայն վերանորոգում, կառուցում, այլ նաև գույքը»:

Նախակրթարաններ հաճախելու են 4-5 տարեկան երեխաները: Յուրաքանչյուր նախակրթարան նախատեսված է մինչև 25 երեխայի ուսուցման  համար: Նախադպրոցականներն այնտեղ կանցկացնեն  3 ժամ և  չեն սնվի:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close