ԿարևորՀասարակություն

Հրաժարականի հարց նախարարի օրակարգում չկա

Նախարարը նկատում է, որ երբեք այսքան ներկայացուցչական ասուլիս չի ունեցել, հանում է հեռախոսը ու նկարում բազմամարդ դահլիճը․ նկարում է նրանց, ովքեր սովորաբար իրենք են նկարում։ Փոխադարձ լուսա ու տեսանկարահանողների մեջ սկսվում է հարց ու պատասխանը։

Հակառակ կորոնավիրուսային իրավիճակին և իրարից մի–մի աթոռ հեռավորության վրա նստած` թեման ու օրը այնպիսինն է, որ հարցերը շատ են, ավելի շատ, քան ներկա լրագրողներն ու օպերատորները։

Նախարարը խնդրում է իրեն ամպագորգոռ հայտարարություններով  ու հրաժարականներով չվախեցնել։

«Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ։ Ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ես այդ առաքելությունը ներկայում իրականացնում եմ։ Մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, եթե ես զգամ, որ մենք սխալ ուղղությամբ ենք գնում, ես ինքս հրաժարական կտամ։ Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,– ասում է Արայիկ Հարությունյանը։

Կրթության գիտության, մշակույթի և սպոորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու հիմքեր չի տեսնում և պնդում, որ բոլորին կանդրադառնա ԱԺ–ում հարց ու պատասխանի ժամանակ։

Այսօր նախքան Ազգային ժողով գնալը արդեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը ամփոփում է նախարարության գործունեությունը ու վստահեցնում, որ բողոքները կապված են այն մեծ բարեփոխումների փաթեթի հետ, որոնք իրականացվում են։

Արայիկ Հարությունյանի կարծիքով, որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որը այլևս իրենց հենքը և  հիմքը չի հանդիսանալու։

«Այդ սերունդը լինելու է քննադատող վերլուծող, որն էլ եթե  վերլուծի, որոշում կկայացնի, որ երբևէ, որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու»

Արայիկ Հարությունյանը այսօր, խոսելով կրթության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումների մասին, շեշտեց որ դրանք հիմնականում իրականացվում են հանրակրթության ոլորտում, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում։ Այս պարագայում ամենամեծ քայլը, ըստ նախարարի, առաջիկայում Ազգային ժողով ուղարկելիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծն է։

«Այժմ տեղի է ունենում առարկայական չափորոշիչների քննարկում, որը Հայաստանի պատմության մեջ  աննախադեպ է, որովհետև երբեք առարկայական չափորոշիչները նման բաց քննարկում չեն ունեցել»։

ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ, աննախադեպ են նաև այս տարիների ընթացքում իրականացված շինարարական աշխատանքները։ Այս ամիս նախատեսվում է մեկնարկել շուրջ 22 դպրոցների շինարարություն, որոնք, նախարարի կարծիքով, նոր գույներ ու նոր համուհոտ են բերելու ամենահեռու համայնքներին։

Այս տարվա նոր` ամենանոր ու հեռավար կրթության մասին նախարարը չնայած տարակարծություններին հպարտությամբ է խոսում, կոչ է անում գործընկերներին ուսումնասիրել ու Հայաստանը համեմատել աշխարհի զարգացած երկրների, օրինակ, Գերմանիայի կամ Իսրայելի հետ։ «Ի տարբերություն այդ երկրների, մենք առաջին փուլում շատ արագ և որակով ներդրել ենք հեռավար կրթությունը»,- ասում է նախարարը։ Իսկ ԵՊՀ ուսանողները նախօրեին հենց հեռավար կրթությունը արդյունքում առաջացած թերությունները հիմք ընդունելով դիմում ներկայացրին գործադիրին՝ պահանջելով մասնակի փոխհատուցել իրենց ուսման վարձը։

«Դիմումը փոխանցվել է կառավարության աշխատակազմին։ Ես խնդրել եմ, որ շուտ փոխանցեն ինձ, մենք ծանոթանանք` ինչ նորություններ ու առաջարկներ կան այնտեղ, մենք անպայման կքննարկենք և կանդրադառնանք և ուսանողների հետ առանձին հանդիպում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի,– ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նախարարը ևս մեկ անգամ կոչ է անում, որ պետք է չվախենալ  և որպես պատմաբան հիշեցնում է հետհեղափոխական փուլերում հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում ինչպիսինն է կրթությունը և մշակույթը տեղի են ունենում նման մեծ փոփոխություններ և արձանագրվում են լարվածություններ և դա կարող է տևել 1-2 տարի ու ի վերջո գտնել իր հանգուցալուծումը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close