ԿարևորՀասարակություն

Կրթական կրքեր Ազգային ժողովում

Ազգային ժողովում ձևավորվել է 6-րդ քննիչ հանձնաժողովը․ խորհրդարանը միաձայն՝ 110 կողմ ձայնով, այսօր հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ընդդիմության առաջարկին։ Հանձնաժողովն ունենալու է 12 անդամ․ 7–ը՝ «Իմ քայլ»–ից, 3–ը՝ ԲՀԿ–ից և 2-ը՝ ԼՀԿ–ից: 6 ամսվա ընթացքում պատգամավորները փորձելու են  հասկանալ ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի, այլև՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների, COVID–19 հիմնադրամի ծախսերի, կառավարության և պարետատան աշխատանքի արդյունավետությունը։ Ուշադրության կենտրոնում լինելու է հատկապես առողջապահության նախարարությունը։

Մինչ այդ  խորհրդարանում հնչել է մեկ այլ նախարարի հրաժարականի պահանջ։ Կանոնակարգի ընձեռած հնարավորությունից օգտվելով՝  հարցապնդում է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

«Քայլ արա, դուխով հեռացիր»․ այս բովանդակությամբ պաստառը մեծ դժվարությամբ այսօր հաղթահարեց խորհրդարանի անվտանգության աշխատակիցների պատնեշը և իր տեղը զբաղեցրեց ԱԺ–ի նիստերի դահլիճում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը հատկացված հատվածում։ «Հեղափոխական» հրավառության հեղինակներից մեկի՝ այժմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությունից հետո միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Գորգիսյանն ու Անի Սամսոնյանը կարողացան իրականացրել իրենց պատկերավոր ակցիան․

Գևորգ Գորգիսյան․ «Ի՞նչ իրավունքով ինձ ներս չեք թողնում /վիճաբանություն – խմբ․ /։ Ձեռքե՛րդ, Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա կամ թույլ չտա։ Հիմա էլ գրաքննություն են ուզում անել՝ տեսնեն պաստառում ինչ է գրված, որ ըստ դրա որոշեն՝թողնում են, թե չեն թողնում»։

Արարատ Միրզոյան․ «Խանգարում ես նիստը։ Անցած ակցիայից դու նեղվել էիր, հիմա կարող է էլի նեղվես։ Սպասի՝ կկարգավորենք։ Ո՞ւր է պաստառը, ներս թողեք տիկին Սամսոնյանին»։    

Հեռանալու պահանջով պաստառը, այսպես ասենք, «նվիրված» էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Նրա հրաժարականի հարցապնդմամբ այսօր ԱԺ–ում հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախարարը խորհրդարանում էր, ԼՀԿ պատգամավորների հարցերին պատասխանելիս ստիպված էր անընդհատ տեսնել իրեն ուղղված  կոչը։ Ընդդիմադիրների հարցապնդումից, սակայն, Արայիկ Հարությունյանը չի նեղսրտել։ Ավելին՝ թե նախարարը, թե խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հրաժարականի հարցապնդումը չհաջողված և անպատրաստ համարեցին։ Նախարար Արայիկ Հարությունյանը հերթագրված բոլոր պատգամավորների հարցերին, իհարկե, իսկ պատասխանեց, գրավոր հարցապնդմանը նախարարությունը 109 էջանոց պատասխան էր պատրաստել, բայց եզրափակիչ ելույթում նախարարը որոշեց յուրովի պատասխանել ԼՀԿ–ի և ԲՀԿ–ի պատգամավորներին։    

«Մալաթիա–Սեբաստիայում մի գրադարանի տնօրենի խնդիր կար։ Տիկին Սամսոնյանը զանգում է,  ասում է՝ տնօրենն է ճիշտ, իրեն բողոքողներին սաստեք, տիկին Կոստանյանը զանգում,  ասում է՝ բողոքողներն են ճիշտ, տնօրենին սաստեք։ Միջամտությունից խոսելիս նախ՝ ձեր խմբակցության մեջ կողմնորոշվեք, հետո խոսեք։ Տիկին Զոհրաբյան, ինչ–որ այլասերվածությունից եք խոսում, եսիմ ինչից եք խոսում։ Գիտե՞ք այս չափորոշիչները ինչի մասին են։ Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական ոտնձգություն։ Ինչ վերաբերում է այս դասագրքին․ 98 թվի դասագիրք չէ, մեթոդական է։ Այս ֆրակցիայի ներկայացուցիչը պնդում է, որ մենք այս գիրքը պետք է մտցնենք դպրոց։ Կատարյալ սուտ, հարգելի ծնողներ։ Խնդրում եմ չտրվել սադրանքների։ Այս բարեփոխումները բացառապես ձեր երեխաների շահերից են»։

Նախարարի ամբողջ ելույթի ընթացքում՝ որպես քաղաքական անհամաձայնության դրսևորում, ընդդիմադիր պատգամավորները ձեռքերով հարվածում էին սեղաններին։ Քննարկումների ավելի կառուցողական հատվածում նախարարն ակնարկեց․ «Կառավարությունը և նախարարությունն ունեն բարեփոխումների ժամանակացույց, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժներ, արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար»։

Նախարարն առավոտյան՝ իր ասուլիսի ընթացքում, արդեն ակնարկել էր, որ ինքը «հեղափոխության առաջնորդներից է և հրաժարականով իրեն պետք չէ վախեցնել»։ Անի Սամսոնյանը հենց  խնդիր է տեսնում հենց այդ կետում։  

«Արայիկ Հարությունյանին իշխանության ներսում, այս դահլիճում նստած 88 հոգին հանդուրժում են միայն նրա համար, որ ընդամենը հեղափոխության առաջնորդներից մեկն է։ Այլ արժանիք այդ անձը, որպես ոլորտի պատասխանատու, չունի։ Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, բուհերում, տեսեք, մշակույթի և սպորտի մասին պարզապես կարող ենք լռել։ Ներկայացնելու ենք, որ մարդը երկու տարվա ընթացքում՝ բացի գիտական և մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած ծաղրանքից, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումներից, բարեփոխումների իմիտացիայից, տնօրեններին ոչ իրավական ճանապարհով հեռացնելուց և «հանրապետական» տնօրենների դեմ խտրական պայքար մղելուց, երկար կարող եմ թվարկել, այլ բան ոլորտում չի արել»։

Որպեսզի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը, քննարկումը և քվեարկությունը չմնա խորհրդարանի պատերի ներսում, «Լուսավոր Հայաստանն» այս անգամ ընտրել էր նոր մարտավարություն։ Տարբեր հարցերում «երրորդ ճանապարհը» նախընտրող ուժն այս անգամ չէր հրաժարվել  փողոցի տարբերակից։

ԱԺ նիստին զուգահեռ «լուսավորականները» նախարարի հրաժարականի պահանջով հանրահավաք էին կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ։ Ակցիայի մթնոլորտը պարբերաբար թեժանում էր։

Երրորդ տարբերակն ընտրելու առաջարկը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղեց նաև նախարար Արայիկ Հարությունյանին․«Եկել եք բոլոր  քաղաքական ուժերին պիտակավորում եք։  Տարբերակները հետևյալն են․ մենք այստեղ առաջարկելու ենք քվեարկություն, որով Ձեր հարցը կքվեարկվի։ Դա տարբերակ առաջինն է։ Տարբերակ երկրորդ՝ Դուք մտածում եք, որ իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի, ես Ձեզ  առաջարկում եմ ընտրել երրորդ ճանապարհը՝ ինքներդ հրաժարական տվեք և թողեք, որ ոլորտը զարգանա և առաջ գնա»։

Բայց սա «Լուսավոր Հայաստան»–ի առաջարկների ողջ փաթեթը չէ։ ԱԺ–ի շենքի մոտ ակցիան  ղեկավարող Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նախանշեց ԼՀԿ–ի  հետագա քայլերը․

«Քաղաքական գործընթացներն ունեն տրամաբանական հաջորդականություն, նաև՝ ժամկետներ։ Տեսեք, մենք այստեղ ենք, բայց տեսնում ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն դժգոհություններ, այստեղ ներկա են։ Մարդիկ դեռ կարծում են, որ կա հնարավորություն փոփոխելու ինչ–որ բան և դրա համար սպասողական վիճակում են։ Մենք՝ որպես քաղաքական ուժ, այսպես նախահարձակ ենք լինում իրավիճակին՝ մատնանշելու գլխավոր բացթողումները։ Բայց այն, որ Փաշինյանի ձախողումները հաջորդաբար շարունակվում են, մենք ևս դրա մասին խոսում ենք և երբ ժամանակը գա առաջադրելու այդպիսի պահանջ, մենք դա կիրականացնենք»։

Ինչպես կքվեարկի խորհրդարանը և ինչպես կլուծվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ճակատագիրը, կորոշվի վաղն առավոտյան՝ քվեարկությունների ժամին։ Իսկ այսօր նախարարը խորհրդարանից  հեռացավ լուռ՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close