ԿարևորՏնտեսական

Խաղողի առատ բերքը՝ գլխացավանք գյուղացու համար

Այսօր հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել Արարատի մարզի խաղողագործները։ Նրանք դժգոհ են  խաղողի  մթերման գնից։ Մթերող կազմակերպությունների հետ պայմանագրերի մի մասը կնքված է։ Էկոնոմիկայի նախարարությունից  «Ռադիոլուր»–ին փոխանցել են, որ մթերող կազմակերպությունների շրջանում  հարցումներ են իրականացրել ու պարզել, որ կոնյակի արտադրության նպատակով գնվող խաղողի գները տատանվելու են 135-155 դրամի միջակայքում, իսկ գինու արտադրության նպատակով խաղողը կգնվի համեմատաբար ավելի բարձր գներով: Սակայն համավարակը խնդիրներ է ստեղծել տնտեսվարողների համար։

Երևան-Երասխ մայրուղին ոտքով հնարավոր չէ անցնել։ Այսօր, սակայն, այստեղ մարդիկ ազատ ճեմում էին՝ չմտածելով, որ արագընթաց մեքենաներից որևէ մեկը կհարվածի իրենց։  Մայրուղու Շահումյան համայնքի հատվածը փակ էր մի քանի ժամ։ Խաղողագործների համար այս տարվա առատ բերքն իսկական գլխացավանք է դարձել։ Դժգոհ են և մթերման գնից, և ծավալից: Ասում են՝ գործարանները պայմանագիրը կնքում են 150 դրամով, սակայն մթերում` 100 դրամով։

«Եթե մենք  վարկով ենք մշակել,  բանկի փողը որտեղի՞ց տամ, վարկը ո՞ նց փակեմ։ 1500 մետր այգի ունեմ, 80 հազար դրամով թունաքիմիկատներ եմ առել, 36 հազար դրամ տվել եմ սրսկողին, չեմ հաշվում ուտելու, այգեթաղի ու մյուս աշխատանքների համար տված  գումարները։ Եթե նույնիսկ ինքնարժեքն էլ հանենք, բա մե՞նք ոնց ապրենք»։

Գյուղացիները վստահեցնում են՝  խաղողը  շատ լավ են մշակել,  առավելագույն ծախս են արել, սակայն այժմ լուրջ խնդիրներ ունեն։ Այս տարի չեն օգնում նաև մթերող կազմակերպության հետ կնքած պայմանագրերը. «Եթե ես իմանայի, որ չի մթերելու, վարկ չէի վերցնի։ 50 տոննա, 60 տոննա խաղող ունեմ հենց հիմա։ Գարունը  բացվում ա, ու մենք  չոքեչոք ամբողջ առվի մեջ էտում ենք։ Թող գան չոքեչոք էտեն, ձրի տանք իրանց»։

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  պարզաբանեց՝  մթերող ընկերությունները  սեղանի  խաղողի  կարիք գրեթե չունեն։ Բացի այդ, արդեն մի քանի օր է, ինչ « Սպայկա » ընկերությունն էլ խաղող չի արտահանում։ Այստեղ է, որ խնդիրներն ավելացել են․

«Մենք մարզում 30 հազար տոննայից ավելի սեղանի սորտեր ունենք։  Դրանց իրացումը խնդիր է։ Ինչ–որ մարդիկ շրջանառության մեջ են դրել մթերվող խաղողի մեկ կգ դիմաց 100 դրամ գինը, գյուղացիներն էլ ասում են, որ ինչպես է՝ 100 դրամի դեպքում ունեն տեղ, բայց 135 դրամի կամ  150 դրամի   դեպքում չունեն։  Քաղցրությունն էլ 18 աստիճանից պակաս չպետք է նշվի։ Նրանց  պահանջը  արդարացի է»։    

Այս տարի համավարակով պայմանավորված մոտ 40 տոկոսով նվազել է գինու և կոնյակի շրջանառությունը, տարաները չեն ազատվել, ուստի մթերող կազմակերպությունները խնդիրներ ունեն։ Խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարկերը կտրամադրվեն զրո տոկոսադրույքով։ Էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյան․

«Ներկայում 18 ամիս սահմանված սուբսիդավորման առավելագույն ժամկետը առաջարկվում է  սահմանել 24 ամիս, վարկի առավելագույնը` 1․8 մլրդ ՀՀ դրամից  դարձնել է 3 մլրդ ՀՀ դրամ, վարկի մարման արտոնյալ ժամկետը սահմանել 3-6 ամիս՝ նախկին 3 ամսվա փոխարեն»։

Վարչապետ Փաշինյանն  այդ օրը հայտարարեց՝  վերջնական շահառուները գյուղացիներն են, սակայն  նաև  հիշեցրեց՝ տարին  ճգնաժամային է․

«Պետք է արձանագրենք, գուցե թե պրոցեսները այնպես չեն գնում, ինչպես կլիներ մեր լավագույն ցանկություններով։ Ես հույս ունեմ, որ այս իրավիճակին ըմբռնումով  կմոտենանք»։

Էկոնոմիկայի նախարարության «Ռադիոլուրին» տրամադրած տեղեկատվության համաձայն  այս տարի  հանրապետությունում ակնկալվում է խաղողի տեխնիկական սորտերի շուրջ 175  հազար տոննա բերք։ Ամենաշատ բերքը սպասվում է  Արմավիրի մարզում՝ 73 հազար տոննա, Արարատի մարզում` 70 հազար։ (ք. Երևան 250,  Արարատ 70000, Արմավիր 73000,  Արագածոտն 12500, Տավուշ 12000, Վայոց ձոր 6000,  Կոտայք 150,  Լոռի 100 , Սյունիք 500 տոննա,  ընդահնուր առմամբ ակնկալվում է  174500 տոննա խաղող)։

Մթերող  կազմակերպությունների շրջանում  հարցումներ են իրականացրել ու պարզել, որ կոնյակի արտադրության նպատակով գնվող խաղողի գները տատանվելու են 135-155 դրամի միջակայքում, իսկ գինու արտադրության նպատակով խաղողը կգնվի համեմատաբար ավելի բարձր գնով:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close