ԿարևորՀասարակություն

Իմանա՞լ, թե՞ մտածել․ կրթական մեթոդների դիլեման

Մի քանի ամիս շարունակ տնից աշխատավայր հասնելս տևում էր 8-10 րոպե։ Այսօր նույն ճանապարհը անցա 20–ում․ խցանումներ են՝ մի քիչ նյարդայնացնող, բայց լավ առիթով. երեխաները կրկին դպրոց են գնում։

Ինձ հանդիպած երեխաները դպրոցական համազգեստով էին ու ծանր պայուսակով։ Բոլորը նույն ձևով գնում էին տարբեր բովանդակություն ստանալու։ Թե ինչ ու ինչպես կսովորեն այսօր՝ կախված է նրանից, թե որ դպրոց կմտնեն, որ ուսուցչի մոտ կգնան, ինչ մոտեցում կունենա իրենց կրթօջախի ղեկավարը։ Ու մինչ ես մտածում եմ սրա մասին՝ դպրոցներում նույն կերպ, նույն պահին հնչում է զանգը․ սկսվում է առաջին դասը։

 Դաս 1․ Այն, ինչ ունենք

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը 2016 թվականին հիմնեցին «Իրական դպրոց»–ը՝ շատերի համար իրական դպրոցի ընդունելի կանոններին չհամապատասխանող կրթօջախ։ Այստեղ 15 տարեկանից բարձր երեխաները գնում են խնդիրներ նկատելու ու դրանք լուծելու համար։ Հիմնադիր Վահագն Պողոսյանն է մանրամասնում․

«Օրինակ՝ եթե այդ պահին աթոռներ չունենք, գետնին ենք նստում, ուրեմն պիտի սարքենք։ Եթե արդեն սարքել ենք, իջնում ենք ցանկապատն ենք ներկում։ Ժամը 9-ից 6–ը երեխեքը այստեղ են, գործ ենք անում։ Ծորակը փչացել է՝ ծորակն ենք սարքում, պատուհանը ջարդվել է՝ պատուհանն ենք սարքում, տիեզերանավ է պետք սարքել՝ տիեզերանավ ենք սարքում, բայց այդ խնդրները վերցնում ենք իրական կյանքից»։

Վահագնը հայաստանյան ավանդական կրթական համակարգում խնդիր է նկատում՝ կրթում ենք իմացող, ոչ թե մտածող սերունդ․

«Ենթադրենք՝ մի լավ դպրոցում մաթեմատիկայի խնդիրները լավ են լուծում, վատ դպրոցը, երբ տեսնում է, սկսում ՝ համեմատվել։ ինքը մտածում է, թե պիտի իր երեխեքի հետ այդ խնդիրները լուծել պարապի, որ հաջորդ օլիմպիադայում հաղթեն։ Ինքը չի հասկանում, որ այդ լավ դպրոցում իրականում մտածել են սովորացնում, ու եթե ինքը մտածել գիտի՝ էդ խնդիրներն էլ է լավ լւոծում, մյուսն էլ։»

Թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Իրա Հակոբյանի հետ եմ զրուցում՝ լավ կրթված մարդ պատրաստելու իր պատկերացումների մասին․

«Եթե պատմությունը դպրոցում լավ ուսումնասիրվի, եթե տարբեր գիտական, մաթեմատիկական առարկաներ լավ ուսումնասիրվեն, երեխան վերջում կդառնա բազմակողմանի զարգացած մարդ։ Ես չեմ կարծում, որ դասագիրքը չի տա երեխային անհրաժեշտ գիտելիքները։ Մեր բոլոր մեծերը տարիներ առաջ սովորել են նյութեր, որ նույնիսկ հիմա են անգիր հիշում»։

Դաս 2․Չափորոշիչներ

Առավոտյան ես աշխատանքի հասնելու համար էի խցանման մեջ կանգնած, Վահագնը՝ ԿԳՄՍ նախարարություն։ Լիցենզիա ստանալու փորձեր են կատարում, դեռևս՝ ոչ այնքան հաջող։ Նորարարությունը չի համապատասխանում ամրագրված չափորոշիչներին։

«Այսօր կրթության նախարարությունում ասում են՝ ուսումնական պլանը լավը չի։ Աշխատողը չգիտի, որ կրթության պլանը չի լինում պարտադիր, լինում է օրինակելի։ Էն ալարկոտ ուսուցիչը, ուսմասվարը, որը հավես չունի չափորոշիրները կադա ու իր սեփական ուսումնական պլանը կազմի, ինքը կարա օրինակելիից արտագրի ու հանգիստ ապրի»։

Փոփոխության ձգտող ու բերող Վահագնը այդպես անել չի ցանկանում, ասում է՝ պետությունը պիտի ասի՝ ինչ մակարդակի կրթություն պիտի ունենա դպրոցն ավարտող իր քաղաքացին, իսկ ուսուցիչը որոշի՝ ինչպես այդ կրթությունը տեղ հասցնել։

Ի հակադրություն՝ տիկին Հակոբյանը փոփոխությունների նկատմամբ առավել զգուշավոր վերաբերմունք ունի․

«Մեր կրթական համակարգը շատ հաճախակի սկսվեց փոփոխվել, որը դժվարությւններ է առաջացնում։ Շատ զգույշ պետք է լինեն փոփոխությունները։ Դրանք դժվարացնում ու խանգարում են կրթական համակարգի զարգացմանը, կրթական համակարգի իրականացմանը»։

Կադր«Իրական դպրոց»–ի դասերից

Դաս 3 Արդյունքները

«Իրական դպրոց» գնացող երեխաները կրթօջախ են գնում արդեն հիմք ունենալով՝ հիմնական դպրոցներից։ Տիկին Հակոբյանը, սակայն, նշում է, որ դպրոցն ավարտելուց հետո բոլոր երեխաները չեն, որ ունենում են համապատասխան գիտելիքներ․

«Կլինեն աշակերտներ, որոնք շատ լավ կյուրացնեն էդ ծրագիրը, չափորոշիչի բոլոր պահանջները, բայց կարող է և լինեն երեխաներ, որոնք յուրացնեն ոչ ամբողջական, այլ մասնակիորեն»։

Հիմնական դպրոցում խնդիրը լուծելու համար ապավինում են դասագրքերին, երբեմն էլ՝ ժամանակակակից տեխնոլոգիաներին։

Վահագն Պողոսյանը իր առաջ դրված խնդիրը կատարելիս թերացող երեխաներին այլ կերպ է մոտենում, օրինակ՝ տանում է ճամբար․

«Ճամփին ասում եմ` բալա ջան, դու ծիծեռնակ ես, ծիծեռնակի ոտքերը կարճ են, ինքը որ ընկնում է գետնին, չի կարում տեղից շարժվի, ինքը պիտի ծառի ճյուղին լինի, որ հետո նորից կարանա թռնի։ Դուք, որ ընկնում եք գետնին՝ ձեզ թվում է վերջ, դուք վախենում եք գետնին իջնեք։ Հիմա ես էկել եմ քեզ բուժելու, բալա ջան, էկել ենք էս ճամբար, որ դու բուժվես, ապրես, կերտես, քեզ ազատ ու երջանիկ զգաս, սիրես էս երկիրը»։

Երեխաներն այսօր դասի էին գնում, մի մասը՝ դպրոցական համազգեստով՝ գիրք ու տետր վերցրած, մյուսները պատրաստ ոչ միայն գրիչ, այլ նաև մեխ կամ վրձին բռնելու, նրանցից որոշները գուցե անգամ տիեզերանավ պատրաստեն, եթե պետք լինի։

Թե ինչ կանեն այսօր, կախված է՝ ո՞ր դպրոցի դուռը կբացեն։ Հստակ է միայն այն, որ ուր էլ գնան՝ հայտնվելու են իրենց համար լավագույնն անել փորձող ուսուցիչների մոտ։ Ճանապարհը գուցե տարբեր է, նպատակակետը՝ նույնը։ Գնում են դպրոց՝ լավ մարդ դառնալու

Ցուցադրել ավելի
Back to top button
Close